ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորանքներին սեպտեմբերի 30-ին հաջորդել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորանքները: ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ բարձր ու պատասխանատու պաշտոնում պարոն Աբրահամյանը տարիների ընթացքում կուտակած մեծ փորձն ու հմտությունները կներդնի` խորհրդարանի գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու, գործադիր ու օրենսդիր իշխանությունների միջեւ համագործակցությունն առավել սերտացնելու, երկրում իրականացվող բարեփոխումները հաջողությամբ առաջ տանելու համար:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետյան նախագահ Բակո Սահակյանը հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք մաղթելով ԱԺ նորընտիր նախագահին` ի փառս Հայաստանի Հանրապետության բարգավաճման, վստահություն է հայտնել, որ ԱԺ նախագահի պատասխանատու պաշտոնում Հովիկ Աբրահամյանին կհաջողվի նոր լիցք հաղորդել բարձրագույն օրենսդիր մարմնի գործունեությանը, զարգացնել եւ խորացնել Հայաստան-Արցախ խորհրդարանական կապերը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը
վստահություն է հայտնել, որ Հովիկ Աբրահամյանի պետական ու քաղաքական գործչի փորձառությունը ԱԺ նախագահի բարձր պաշտոնում նորովի կդրսեւորվեն` նպաստելով երկրի օրենսդրական դաշտի կատարելագործմանը, խորհրդարանական ավանդույթների ամրապնդմանն ու զարգացմանը: Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ նոր լիցք կհաղորդվի երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությանը, կբազմապատկվեն այդ ասպարեզի ձեռքբերումները:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը
վստահություն է հայտնել, որ պետական համակարգում աշխատանքի Հովիկ Աբրահամյանի հարուստ փորձը եւ կազմակերպական ակնառու ունակությունները լավագույնս կծառայեն ԱԺ-ի քաղաքական դերակատարության բարձրացմանը եւ կօգնեն, որ ՀՀ օրենսդրությունն առավել համահունչ դառնա ժողովրդավարական հասարակության պահանջներին: Պարոն Հարությունյանը նաեւ ակնկալել է, որ Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ Ազգային ժողովն իր ուշադրության կենտրոնում կպահի Արցախն ու իր հիմնախնդիրները:
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը իր եւ Սահմանադրական դատարանի անունից շնորհավորանքներ ուղղելով ԱԺ նախագահին` նշել է, որ մեր երկրում սահմանադրական ժողովրդավարության հաստատման գործում բացառիկ կարեւոր է օրենսդրության մեջ Սահմանադրության հիմնարար արժեքների ու սկզբունքների լիարժեք իրացումը, դրանց կենսագործման անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների ապահովումը: Պարոն Հարությունյանը վստահություն է հայտնել, որ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ Ազգային ժողովն առավել մեծ ուշադրություն կդարձնի ՀՀ Սահմանադրության անվերապահ իրականացմանը, իր լիազորությունների շրջանակներում Սահմանադրության գերակայության երաշխավորման իրական նախադրյալների ստեղծմանը` գործող օրենսդրությունն օր առաջ Սահմանադրությանը համապատասխանեցնելով:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը շնորհավորելով ԱԺ նախագահին` վստահություն է հայտնել, որ նրա փորձը եւ նվիրվածությունը հայոց պետականությանը եւ մարդկային բարձր արժանիքները էական լիցք կհաղորդեն ՀՀ Ազգային ժողովի գործունեությանը` ի շահ մեր երկրի հետագա բարգավաճման:
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովը ` իր եւ կազմակերպության անունից սրտանց շնորհավորելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի միջխորհրդարանական կապերի հետագա խորացմանը ԱՊՀ ՄԽՎ-ի շրջանակներում: ԱԺ նախագահին եւ բոլոր պատգամավորներին պարոն Կրոտովը մաղթել է խաղաղություն ու բարեկեցություն:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը մաղթել է արգասաբեր աշխատանք եւ նորանոր հաջողություններ` ի շահ Հայաստանի Հանրապետության ու ողջ հայ ժողովրդի:
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Մարտիրոսյանը ներկայացուցչության ու իր անունից շնորհավորելով` մաղթել է հաջողություններ ու արգասաբեր աշխատանք ի բարօրություն հայրենիքի:
ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը շնորհավորելով պաշտոնամուտի առիթով` նշել է, որ Հովիկ Աբրահամյանը երկար տարիներ պատասխանատվություն է կրել հայ պետականության եւ հայ ժողովրդի ապագայի համար բացառիկ ու անգերագնահատելի նշանակություն ունեցող ասպարեզներում` մշտապես գործելով որպես հմուտ եւ արհեստավարժ գործիչ եւ հավատարիմ մնալով համամարդկային բարոյական սկզբունքներին ու համընդհանուր վարվելաձեւի կանոններին, վաստակելով անկեղծ հարգանք ու վստահություն: Դեպանը վստահություն է հայտնել, որ պարոն Աբրահամյանի ջանքերը այսուհետ եւս կնպաստեն հայրենիքի զարգացմանն ու հզորացմանը:
Ուկրաինայում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը
նորանոր հաջողություններ է մաղթել Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին բարձր ու պատասխանատու պաշտոնում:
Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը
անսպառ եռանդ ու հաջողություններ է մաղթել Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին աշխատանքային գործունեության մեջ:
Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը եւս շնորհավորել է Աժ նախագահին` մաղթել նախանշած բոլոր ծրագրերի իրականացում, նորանոր հաջողություններ արգասաբեր եւ հայրենանվեր գործունեության մեջ:
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը շնորհավորական ուղերձում վստահություն է հայտնել, որ քաղաքական փորձն ու հմտությունն առավել հաջողությամբ Հովիկ Աբրահամյանը կդրսեւորի իբրեւ ԱԺ նախագահ պաշտոնավարելիս` ավելի բարձրացնելով օրենսդիր մարմնի քաղաքական հեղինակությունը հանրապետությունում ու միջազգային ասպարեզում:
Շնորհավորական ուղերձ է հղել նաեւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ` իր եւ ՀՀ գիտությունների ակադեմիայի գիտական հասարակայնության կողմից շնորհավորելով` նա վստահություն է հայտնել, որ պարոն Աբրահամյանի հանրապետության տնտեսական եւ վարչական բարձր պաշտոններում բազմամյա աշխատանքային փորձը եւ մարդկային նկարագիրը հնարավորություն կտան ջանքերը նպատակուղղել հանրապետությունում կատարվող բարեփոխումների արդյունավետ իրականացմանը:
Շնորհավորանքներ են ստացվել եւ Մոսկվայից. Մոսկվայում Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը նշում է, որ պատասխանատու եւ իր զարգացման բարդ շրջանում Հայաստանի ժողովուրդը Հովիկ Աբրահամյանին է վստահել հանրապետության նշանակությամբ երկրորդ պաշտոնը, որը մեծագույն պատիվ ու պատասխանատվություն է: Պարոն Նահապետյանը հաջողություններ է մաղթել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` հայկական պետականության ամրապնդման եւ հայրենիքի անվտանգությունն ու բարգավաճումը ապահովող խնդիրների լուծման մեջ: Հայաստանի հետ բարեկամության ու համագործակցության ռուսական ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը շնորհավորելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` նշել է, որ նրան վիճակվել է հայ ժողովրդին ծառայելու բարձր պատիվը` ազատ Հայաստանի զարգացման չափազանց կարեւոր շրջանում: Պարոն Կրիվոպուսկովը վստահություն է հայտնել, որ ԱԺ նախագահը հավատարիմ լինելով Երրորդ Հանրապետության իդեալներին, արժանի ներդրում կունենա պետականության զարգացման ու բարգավաճման գործում, որի հավաստիքը նրա նախորդ գործունեությունն է, քաղաքացու ու պետական գործչի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը: Վիկտոր Կրիվոպուսկովը նաեւ հույս է հայտնել, որ կշարունակվի արդյունավետ համագործակցությունը` հանուն հայ-ռուսական հազարամյա բարեկամության, Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ եղբայրական գործընկերության:
Բազմաթիվ շնորհավորանքներ են ստացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ՀՀ մարզերից, նախարարություններից ու տեսչություններից, բուհերի ռեկտորներից, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, տարբեր կազմակերպություններից եւ անհատներից: