National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
07.11.2008
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը


Նոյեմբերի 7-ին` հերթական քառօրյայից առաջ, նիստեր գումարեցին Աժ մշտական հանձնաժողովները:

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը , Արա Բաբլոյանի նախագահությամբ, առաջին ընթերցմամբ քննարկեց «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Առողջապահության փոխնախարար Ալեքսանդր Ղուկասյանը նշեց, որ օրինագծի ընդունումը պայմանավորված է հոգեկան առողջության բնագավառի իրավական դաշտի բարելավման անհրաժեշտւթյամբ եւ նպատակ ունի լրացնել օրենսդրական բացը: Նախագծով ամրագրվում են հարկադիր հետազոտելու եւ հոսպիտալացնելու դեպքում հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց իրավունքները եւ պաշտպանության երաշխիքները: Նախատեսվում է քաղաքացիների հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկությունները տրամադրել օրենքով նախատեսված դեպքերում եւ մարմիններին:

Օրինագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ նոյեմբերի 10-13-ի չորսօրյա նիստերի օրակարգերի  նախագծերում:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը , Արմեն Աշոտյանի նախագահությամբ, առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանի, Լիլիթ Գալստյանի, Արա Նռանյանի, Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Արմեն Աշոտյանի, Արտյուշ Շահբազյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծի համահեղինակ Արծվիկ Մինասյանի հաղորդմամբ` օրինագծով առաջարկվում է հայոց տոմարի Նավասարդի Արեգ օրը` օգոստոսի 11-ը, հայտարարել Հայոց ազգային ինքնության տոն, վերականգնել Նավասարդի Արեգին եւ դրան նախորդող Ավելյաց ամսվա հինգ տոնական օրերին (օգոստոսի 6-11) անցկացվող Նավասարդյան տոները, ամեն տարի Նավասարդյան տոներին հրավիրել հայրենիքի եւ սփյուռքի ներկայացուցիչների խորհրդաժողով, անցկացնել համահայկական միջոցառումներ: Նախընտրելի է, որ Նավասարդյան տոները նշվեն ամեն տարի, իսկ տասը տարին մեկ` հոբելյանական շուքով:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ կառավարությունը սկզբունքային առարկություններ չունի հայոց ազգային ինքնության տոնը նշելու հարցում, սակայն կա գիտական խնդիր: Տիկին Պողոսյանը գտնում է, որ ինքնության տոնին ազգային գաղափարախոսություն պետք է հաղորդել: Նա առաջարկեց մինչ նախագծի ընդունումը քննարկումներ կազմակերպել եկեղեցականների եւ գիտնականների մասնակցությամբ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով` ոչ նյութական ժառանգության վերաբերյալ պարտադիր չէ գիտական մեկնաբանություն ստանալ: Պարոն Աշոտյանը նկատեց, որ հայ առաքելական եկեղեցին ընդունել է հեթանոսական բազում ավանդույթներ, քանի որ դրանք դարձել են հայության հոգեւոր կյանքի բաղադիչը: Հանձնաժողովի նախագահը կարեւորեց գլոբալացվող աշխարհում հոգեւոր ագրեսիայի պայմաններում հայոց ազգային ինքնության տոն ունենալը:

Հարակից զեկույցում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ կողմ է օրինագծին, սակայն, ըստ նրա, ինքնության տոնը տոնացույցում արհեստական արձանագրելով հասարակության մեջ ոչինչ չի փոխվի:

Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացութամբ կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովի որոշմամբ մինչեւ 90 օրով հետաձգվեց «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը, իսկ «Արտադպրոցական կրթության մասին» եւ  «Մեծահասակների կրթության մասին» օրինագծերի քննարկումը` մինչեւ 120 օրով:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերին նախատեսվում է անցկացնել խորհրդարանական լսումներ հեռուստաեթերի եւ տեղեկատվական ոլորտի խնդիրների վերաբերյալ:
 
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի  մշտական հանձնաժողովի   նիստում, Մխիթար Մնացականյանի նախագահությամբ, երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Փախստականների եւ ապաստանի մասին» կառավարության օրինագիծը: ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը  տեղեկացրեց, որ փախստականների եւ ապաստան հայցողների հիմնախնդիրների ոլորտի կարգավորումն ապահովող օրենսդրությունը մշակված է:

Օրինագծի քննարկմանը ներկա ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատար, հայաստանյան գրասենյակի իրավական բաժնի ղեկավար Հաննե-Մեիկ րոլը եւ ՄԱԿ-ի փախստականնների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի իրավական հարցերի գծով փոխպաշտոնյա Արմինե Կարախանյանը օրինագծի վերաբերյալ ներկայացրել էին  առաջարկություններ, որոնց  մի մասը կառավարությունն  ընդունել էր:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախագիծը  կընդգրկվի ԱԺ առաջիկա չորսօրյա  նիստերի օրակարգի նախագծում: 
   
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը , Արթուր Աղաբեկյանի նախագահությամբ, քննարկեց երկրորդ ընթերցման ներկայացված  «Պաշտպանության մասին» օրինագիծը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ առաջին ընթերցումից հետո օրինագծի վերաբերյալ ստացվել են 39 առաջարկներ, որոնցից ընդունված 31-ի շնորհիվ բարելավվել է օրինագիծը, եւ այն պատրաստ է ԱԺ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվելու համար:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագծին` առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում  ընդգրկվելու համար:

Քննարկվեց եւ դրական եզրակացության արժանացավ «Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը` նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար, իսկ «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվեց մինչեւ 60 օրով:

ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, Հակոբ Հակոբյանի նախագահությամբ,  առաջին ընթերցմամբ քննարկեց «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության նախագիծը, որը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը: Նախագծով առաջարկվում է Հայաստանի զոհված ազգային հերոսի ընտանիքին եւ «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված զոհված անձի ընտանիքին պետության կողմից տրամադրվող աջակցության հարցում ցուցաբերել միատեսակ մոտեցում եւ իրավական դաշտում ստեղծել հավասար պայմաններ: Նպաստի իրավունք կունենան զոհված անձի այրին եւ նրա ծնողները` ցմահ, նրա խնամքի տակ գտնված 18 տարին չլրացած կամ մինչեւ 18 տարին լրանալը հաշմանդամ ճանաչված զավակները, եղբայրները, քույրերը եւ թոռները:

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցման ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը:  2009 թ. նախատեսված է նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 30.000 դրամ: Ըստ պարոն Համբարձումյանի` ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը սահմանված է միայն գործավարձով  վարձատրվող աշխատողների համար, մինչդեռ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ օրենքով է սահմանվում ժամավճարի նվազագույն չափը, ուստի այն պետք է կիրառելի լինի  աշխատանքի վարձատրության բոլոր ձեւերի համար:

«ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Արամ Սաֆարյանի, Ռաֆիկ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Շիրակ Թորոսյանի հեղինակած նախագիծը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց Արծվիկ Մինասյանը: Նշվեց, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՍԴ նախագահի տեղակալի պաշտոն նախատեսված չէ, մինչդեռ գործող օրենքով նախատեսվում է վերացված պաշտոնի պաշտոնային դրույքաչափ: Օրինագծով լուծվում է այս խնդիրը: Կա անհամապատասխանություն 2003 թ. սահմանված քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի եւ ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի միջեւ: Պարոն Մինասյանը տեղեկացրեց, որ 2003 թ. հուլիսի 1-ից քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձը սահմանվել էր 20.000 դրամ, ներկայումս 40.000 դրամ է սահմանված այն դեպքում, երբ 2003 թ. ղեկավարների համար սահմանված պաշտոնային դրույքաչափերը փոփոխության չեն ենթարկվել, բացառությամբ դատավորների եւ դատախազների պաշտոնային դրուքաչափերին վերաբերող հարցերի: Ըստ պատգամավորի` օրինագծի ընդունմամբ կվերականգնվի 2003 թ. սահմանված հարաբերակցությունը եւ հնարավորություն կընձեռվի իրականացնել հանրային ծառայության միասնական վարձատրության համակարգի մշակման եւ ներդրման աշխատանքներ:

Կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը հանձնաժողովում քննարկվեց առաջին ընթերցմամբ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը նշեց, որ նախագծի ընդունումը նպատակ ունի կարգավորել իր ղեկավարած նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը վերապահված` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը տարածքային ստորաբաժանումների միջոցով  իրականացնելուն առնչվող հարաբերությունները: Օրենսդրությամբ սոցիալական ապահովության պետական ծառայությանը վերապահված գործերով իրավախախտման փաստը արձանագրվում է իրավախախտումը կատարվելու կամ բացահայտվելու վայրում` սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի համապատասխան տարածքային ստորաբաժանման վայրում, իսկ գործը քննվում է ծառայության աշխատակազմի գտնվելու վայրում` ծառայության պետի կամ տեղակալի կողմից: Տեղեկացվեց, որ  առաջարկվող փոփոխության արդյունքում գործը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք է վերապահվում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին, ինչը հնարավորություն կտա ապահովել գործը ըստ կատարման վայրի քննվելու պահանջը եւ սահմանված ժամկետում իրավախախտում կատարած անձի ներկայությունը քննության գործընթացին:

Քննարկված օրինագծերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: 

Պատգամավորներ Վահան Հովհաննիսյանի, Լիլիթ Գալստյանի, Արա Նռանյանի, Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի եւ Արտյուշ Շահբազյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխությւոններ կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը համահեղինակ Արծվիկ Մինասյանի առաջարկությամբ հետաձգվեց մինչեւ 15 օրով:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը, Հովհաննես Մարգարյանի նախագահությամբ,  քննարկեց մեկ հարց` «Համայնքային բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության  օրենքների կիրարկման արդյունքում համայնքի  բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու  կարգի մասին» կառավարության հեղինակած փոփոխություններն ու լրացումները: Նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը` նկատելով, որ այն բյուջետային փաթեթի  մաս է կազմում:

Զեկուցողի ներկայացմամբ` տարբեր համայնքներում արձանագրվել են դեպքեր, երբ համայնքի ավագանին սահմանել է օրենքով նախատեսված միջակայքից դուրս տեղական տուրք` գերազանցելով դրույքաչափի վերին շեմը կամ էլ չհատելով դրույքաչափի նվազագույն շեմը:  Նշված դեպքերի համար կառավարությունն առաջարկում է կիրառել պետբյուջեից համայնքներին տրվող փոխհատուցման նոր բանաձեւ, որի հաշվարկման հիմքում ոչ թե ավագանու, այլ օրենքով սահմանած դրույքաչափերն են: Այս նախագծի ընդունումը, փոխնախարարի գնահատմամբ,   անհրաժեշտ է 2009 թ. պետական բյուջեի մասին նախագծում փոխհատուցման գումարները նախատեսելու համար: Հանձնաժողովի անդամ եւ նախագծի հարակից զեկուցող Արայիկ Հովհաննիսյանը, համաձայն լինելով  հարցին ֆինանսական լուծում տալու եւ առաջարկվող բանաձեւի հետ, իրավական տեսանկյունից որոշակի խնդիրներ է տեսնում: Մասնավորապես գտնում է, որ պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել  համայնքի ավագանու թույլ տված խախտմանը` օրենքով սահմանված չափին չհամապատասխանող տեղական տուրք սահմանելու դեպքերին: Պավել Սաֆարյանը քննարկումների ընթացքում նկատեց, որ, անկախ նշված խախտման համար պատժամիջոց նախատեսելուց, խնդիրը պետք է ֆինանսական  լուծում ստանա, ինչը եւ առաջարկում է կառավարությունը: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանն էլ նկատեց, որ  համայնքի բնակիչը հնարավորություն ունի դատական կարգով վիճարկել ավագանու` օրենքով նախատեսված միջակայքից դուրս տուրք սահմանելու որոշումը:

Հանձնաժողովը նախագիծը առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար դրական եզրակացություն տվեց, իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը որոշեց հետաձգել մինչեւ 60 օրով:        

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, Վարդան Այվազյանի նախագահությամբ, քննարկվեց «Երեւանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» եւ «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցողը` ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, տեղեկացրեց, որ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` կառավարության երաշխիքներով էլեկտրաէներգիայի անընդհատ եւ անխափան մատակարարում պահանջող կարեւոր նշանակության սպառողների ցանկը յուրաքանչյուր տարի ներառվում է ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում: Հաշվի առնելով, որ վերջին տարիների պետական բյուջեներով նշված նորմի պահանջները կատարելու համար գումարներ չեն նախատեսվել, այլ սահմանվել է, որ ՀՀ կառավարությունը տվյալ բյուջետային տարում էլեկտրաէներգիայի անընդհատ եւ անխափան մատակարարում պահանջող առավել կարեւոր նշանակության սպառողների համար էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններին բյուջետային երաշխիքներ չի տրամադրում, անհրաժեշտություն է առաջացել նախագծով ուժը կորցրած ճանաչել օրենքի 11-րդ հոդվածը:

Հանձնաժողովը դրական եզրակացութուն տվեց նախագծին` այն առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

Քննարկվեց նաեւ  «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Խմելու ջրի մատակարարման, ջրհեռացման, կեղտաջրերի մաքրման եւ ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ իրականացնող կազմակերպություններին հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքների փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, որ  ՀՀ ջրային տնտեսության ոլորտի հետագա զարգացման եւ բարեփոխումների շարունակական ապահովման համար անհրաժեշտություն է առաջացել ընդունել արտոնություններ սահմանող մի շարք օրենքներ: Մասնավորապես, անհրաժեշտություն է առաջացել ընդունել վերը նշված օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է ոռոգման ջրի մատակարարման գծով ԱԱՀ-ի եւ շահութահարկի վճարման մասով շարունակել հարկման դրամարկղային մեթոդը, բնապահպանական վճարների գծով` «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ  «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը հաշվարկված ու չվճարված բնապահպանական վճարների եւ դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների վճարման պարտավորություններից, ինչպես նաեւ խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման եւ ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ իրականացնող կազմակերպություններին մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը ազատել ավելացված արժեքի եւ շահութահարկի գծով տուգանքներից:

Օրենքների նախագծերում փոփոխությունների ու լրացումների կատարման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ոլորտի կազմակերպությունները դեռեւս գտնվում են կայացման փուլում եւ ունեն պետության հովանավորության եւ աջակցության կարիքը` հիմնականում կապված որոշակի արտոնությունների տրամադրման եւ պարտավորությունների մարման կամ վճարման ժամկետների հետաձգման հետ: 

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագծին` առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Մեղվաբուծության մասին» օրինագծին, իսկ «Պետական գույքի մանսավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկումը հետաձգեց մինչեւ 15 օրով:

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը, Գագիկ Մինասյանի նախագահությամբ, քննարկեց եւ երաշխավորեց նիստերի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկել «Հաշվապահական հաշվառման մասին» եւ եւս վեց օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող փաթեթը:

Գործադիր իշխանության այս նախաձեռնությունը ներկայացվում է երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար, եւ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը պատգամավորներին տեղեկություններ հաղորդեց առաջին ընթերցմամբ ընդունված փաստաթղթում առաջարկվող փոփոխությունների, այդ թվում եւ ամբողջությամբ նոր  պարբերությունների մասին: Դրանք կատարվել են` հիմնականում հաշվի առնելով նախորդ քննարկումների ընթացքում պատգամավորների բարձրաձայնած մտահոգությունները:  Մասնավորապես նկատվել էին այն դժվարությունները, որոնք կարող էին առաջանալ տնտեսավարող փոքր սուբյեկտների համար` հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները կիրառելու դեպքում: Նոր ավելացված պարբերությամբ ասվում է, որ հարկային օրենսդրությամբ փոքր համարվող` մինչեւ 58  մլն. դրամի տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար կառավարությունը կարող է  սահմանել հարկային հաշվառման հատուկ կանոնակարգ: Նշված սուբյեկտները  այս կանոնակարգը, որը, հիմնական զեկուցողի հավաստմամբ, կլինի խիստ պարզեցված, կարող են կիրառել հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների եւ  դրանց ուղեցույցերի փոխարեն: Հանձնաժողովը կառավարության ներկայացուցչին առաջարկեց այս հնարավորությունը տարածել ոչ թե 58, այլ մինչեւ 100 մլն. տարեկան շրջանառություն ունեցողների վրա: Զեկուցողն ընդունեց նաեւ հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանի մի քանի առաջարկները` նախագծի որոշ ձեւակերպումներ  հստակեցնելու վերաբերյալ: Բանկերի, ինչպես նաեւ կամավորության սկզբունքով միջոզգային ստանդարտների անցում կատարող կազմակերպությունների համար օրինագիծը կգործի  2009 թ. հունվարի 1-ից:     Վարկային եւ  վճարահաշվարկային կազմակերպությունների, արժեթղթերի շուկայի մասնակիցների, ներդրումային, ապահովագրական եւ վերաապահովագրական  ընկերությունների, ապահովագրական բրոքերների, կենտրոնական դեպոզիտարիայի, ինչպես նաեւ կարգավորվող շուկայի օպերատորի  ֆինանսական հաշվետվությունները պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին 2010 թ.-ի հունվարի 1-ից: Կամավորների համար միջազգային  ֆինանսական հաշվետվությունների ստանդարտները կկիրառվեն կառավարության կողմից սահմանված կարգով հրապարակումից հետո` վեցամսյա ժամկետին հաջորդող տարվա հունվարի 1-ից:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am