![](/news_images/naxagahutyungggggggggmmmmmmm.jpg)
Նոյեմբերի 12-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստում ելույթ ունեցավ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը (ամբողջական ելույթը տես առանձին):
Պարոն Գարոյանը հավելեց, որ ինքը արմատներով հայ է եւ շնորհակալ է իր հարազատներին, որ փոքրուց իր մեջ սերմանել են հայկական արժեքներ եւ դաստիարակել հայեցի: Նա նշեց, որ ինքը դարասկզբի Հայոց ցեղասպանության մասին իմացել է իր հայազգի տատի վկայություններով եւ առաջնորդվել նրա փոխանցած` հայ ժողովրդին չմոռանալու եւ հայ մնալու պատգամներով: Մարիոս Գարոյանը հայ պատգամավորներին ուղղված խոսքում շեշտեց, որ ինքը հպարտ է իր ազգությամբ, ինչպես նաեւ Կիպրոսի քաղաքացի լինելու փաստով, որովհետեւ Կիպրոսն այն երկիրն է, որը ջերմորեն է ընդունել ցեղասպանությունից մազապուրծ հայերին:
Այնուհետեւ ԱԺ պատգամավորներն սկսեցին քննարկել օրակարգային հարցեր. քվեարկության դրվեցին եւ ընդունվեցին նախորդ օրը քննարկված օրինագծերը, այդ թվում` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Օրենսդիր մարմնի գնահատմանը ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության 2009 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: 2009 թ-ի ֆինանսական գլխավոր փաստաթղթի մշակման քաղաքականությանն ու ամրագրված սկզբունքներին, ինչպես նաեւ ֆինանսական միջազգային ճգնաժամը դիմակայելու խնդիրներին նախ անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ապա ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը մանրամասնեց մակրոտնտեսական եւ թվային այլ ցուցանիշներ: Վարչապետն ասաց, որ բյուջեի նախագծի համար ուղենիշային փաստաթուղթ է հանդիսացել ընթացիկ տարում Ազգային ժողովի հավանությանն արժանացած կառավարության ծրագիրը, որը մշակվել է` հաշվի առնելով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրի դրույթները, ինչպես նաեւ նախագահի ու քաղաքական կոալիցիայի նախընտրական ծրագրերի եւ քաղաքական կոալիցիայի համաձայնագրի հիմնական դրույթները: Բյուջեի նախագծի նախնական` խորհրդարանի մշտական հանձնաժողովներում քննարկումների ընթացքում վարչապետն արդեն իսկ խոսել էր բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների մասին եւ լիագումար նիստում անդրադարձավ ֆինանսական ճգնաժամին եւ մեր տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցությանը:
Ներկայացնելով գլոբալ ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի սկզբնապատճառները` վարչապետը նկատեց, որ ճգնաժամը տարածվել է զարգացած գրեթե բոլոր երկրների շուկաներում, ինչի արդյունքում զարգացող երկրները զրկվում են օտարերկյա կարճաժամկետ ֆինանսական միջոցներից: Որպես ֆինանսական ճգնաժամի առաջին դասեր` Տիգրան Սարգսյանը նշեց ֆինանսական հատվածում խիստ վերահսկողությունը եւ ռիսկերի բացահայտման ունիվերսալ գործիքների առկայությունը, թափանցիկության կանոնների պահպանումը, հնարավոր ռիսկերի դրսեւորման դեպքում պատժամիջոցների համարժեքությունը, իրական եւ ֆինանսական հատվածներում ռիսկերի բացահայտման միասնական մեթոդաբանության մշակումը, վերահսկող մարմինների համախմբվածությունը, դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության համակարգման նոր սկզբունքների մշակումը, մակրոտնտեսական կայունության խաթարման անթույլատրելիությունն ու սոցիալական համերաշխության եւ վստահության մթնոլորտի ապահովումը:
![](/news_images/sargsyanggggggmmmmmm.jpg)
Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը առավել հանգամանալից անդրադարձավ բյուջեի հիմքում ընկած մակրոտնտեսական ցուցանիշներին, եկամուտների ձեւավորմանը, ծախսերի բաշխմանը: 2009 թ.-ին համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով 927,1 մլրդ. դրամ, ծախսերի գծով` 967,1 մլրդ. դրամ, դեֆիցիտը` 40 մլրդ դրամ: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմելու է 302,44 դրամ: Մեկ շնչի համար ՀՆԱ-ի ծավալը կկազմի չորս հազար երկու հարյուր դոլար: Նախարարը, ներկայացնելով հարկերի ծրագրված ցուցանիշները, նշեց, որ նախատեսում են առաջիկա տարում բարելավել հարկային վարչարարությունը` շարունակելով բարեփոխումները մաքսային եւ հարկային ոլորտներում: Հարկերի եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը կազմելու է 17,4 տոկոս, ընթացիկ տարվա համեմատությամբ բարելավվելու է ցուցանիշը 0,4 տոկոսով: Ֆինանսների նախարարն ընդգծեց, որ գալիք տարում առաջին անգամ կառավարությունն իր քաղաքականությամբ օգնելու է Կենտրոնական բանկին` գնաճի մակարդակն ապահովելու գործում:
![](/news_images/nistggggggggmmmmmmmm.jpg)
Ֆինանսների նախարարը 2009 թ. պետբյուջեի նախագիծը բնորոշեց որպես կայուն զարգացման բյուջե` ասելով, որ այն իրատեսական է: Նախարարը իրատեսական համարեց նաեւ 4 տոկոս գնաճի ամրագրումը` մեկուկես տոկոս տատանման միջակայքով` ասելով, որ ընթացիկ տարում շատ ավելի մեծ էին գնաճի վրա արտաքին ճնշումները: Տիգրան Դավթյանը տեղեկացրեց, որ ԱԺ հանձնաժողովներում քննարկումների արդյունքում հանձնաժողովներից եւ պատգամավորներից ստացվել են 400-ից ավելի առաջարկություններ, եւ կառավարությունը քննարկում է դրանք` ելնելով ծախսերի առաջնահերթություններից: Նա պատգամավորներին շնորհակալություն հայտնեց թե շահագրգիռ քննարկումների եւ թե առաջարկների համար:
Հիմնական զեկուցողին հարցեր ուղղելու համար հերթագրվել էր 13 պատգամավոր: Հարցադրումների մեջ մեծ տեղ էին զբաղեցնում ֆինանսական միջազգային ճգնաժամը եւ դրանից բխող ռիսկերը: Ֆինանսների նախարարը պարզաբանեց, որ կառավարությունը համապատասխան ռեսուրսներ է նախատեսել, անհրաժեշտության դեպքում կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:
Բյուջեի նախագծի քննարկումները կշարունակվեն քառօրյայի վերջին օրը` նոյեմբերի 13-ին:
Վերջին նիստում, ինչպես սահմանված է ԱԺ կանոնակարգով, պատգամավորները հարցեր ուղղեցին կառավարության անդամներին: