National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
28.11.2008
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

Նոյեմբերի 28-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը;

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը, Արա Բաբլոյանի նախագահությամբ, առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ  Արա Բաբլոյանի, Մկրտիչ Մինասյանի, Կարեն Ավագյանի, Մխիթար Վարագյանի, Արմեն Մարտիրոսյանի, Ռուբիկ Հարությունյանի եւ Արծվիկ Մինասյանի  «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Օրինագծի համաhեղինակ, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա  Բաբլոյանը նշեց, որ ինչպես շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում  ծխախոտի օգտագործման հետեւանքով առաջացած հիվանդությունների ու մահացության դեպքերի բարձր թիվը առողջապահական եւ տնտեսական խնդիրներ է ստեղծում: Թեեւ հասարակական վայրերում ծխելը կանոնակարգող օրենքն ընդունված է, սակայն  կան կիրառման  խնդիրներ։ Նշվեց, որ օրենսդրության գործնական եւ փաստացի իրականացումը պահանջում է համարժեք միջոցներ` վերահսկողություն իրականացնող մարմինների արդյունավետ գործունեություն, հասարակության իրազեկում, տուգանքների առկայություն եւ կիրառում։ Ըստ պարոն Բաբլոյանի` «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքում սահմանված նորմերի խախտման համար իրավական պատասխանատվության նախատեսման նպատակով անհրաժեշտ է լրացումներ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում»` սահմանելով տուգանքների չափերը: Տեղեկացվեց, որ օրինագծով առաջարկվում է «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարել կրթական, մշակութային, առողջապահական հաստատություններում ծխախոտի օգտագործման սահմանափակումների նպատակով` բացառելով այդ հիմնարկների տարածքներում ծխելու համար առանձնացված գոտիների ստեղծումը:

Քննարկված օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հեղինակի առաջարկով շրջանառությունից  հանվեց «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրինագիծը: 

Հանձնաժողովի որոշմամբ մինչեւ 90 օրով հետաձգվեց «Մարդու արյան եւ նրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկման մասին» օրինագծի քննարկումը, իսկ «Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին», «ՀՀ պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը` մինչեւ  60 օրով:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, Արմեն Ռուստամյանի  նախագահությամբ, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը ներկայացրեց 2007 թ. հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված «2002 թ. հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը, որը, ըստ փոխնախարարի, նախատեսում է ՀԱՊԿ Մշտական խորհրդում անդամ պետությունների  լիազոր ներկայացուցիչներին այնպիսի արտոնությունների եւ անձեռնմխելիության տրամադրում, որոնք հնարավորություն կընձեռեն առավել արդյունավետ իրականացնել իրենց  գործունեությունը` համապատասխանեցնելով նրանց կարգավիճակը միջազգային իրավունքի նորմերին եւ միջազգային կազմակերպություններին առընթեր պետությունների ներկայացուցիչների գործունեության ապահովման պրակտիկայի ընթացքում ձեւավորված չափանիշներին:

Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը հանձնաժողովի քննարկմանը  ներկայացրեց հինգ պայմանագիր: 2007 թ. հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետություններին ագրեսիայի սպառնալիքի առաջացման կամ ագրեսիայի գործողության կատարման դեպքում ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու մեխանիզմի մասին» արձանագրության դրույթների համաձայն կողմերը կարճ ժամանակամիջոցում ցանկացած կողմին անհատույց կամ արտոնյալ հիմունքներով ռազմատեխնիկական օգնություն կտրամադրեն այնպիսի իրավիճակի դեպքում, որը ՀԱՊԿ խորհրդի կողմից կգնահատվի որպես նշված կողմի դեմ ագրեսիայի ակտի իրականացման սպառնալիք, կամ, երբ մասնակից պետությունը ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համաձայն կիրառում է անհատական կամ հավաքական ինքնապաշտպանության իր իրավունքը, կամ, դառնում է իր ինքնապաշտպանութանը եւ  տարածքային ամբողջականությանը սպառնացող օբյեկտ: 

Փոխնախարարը ներկայացրեց 2007 թ. հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգի մասին» արձանագրության մեջ լրացում կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը եւ  2007 թ. հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրում լրացումներ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը: Հսկողության մասին արձանագրության մեջ նախատեսվող լրացումները հնարավորություն կընձեռեն ընդլայնել համաձայնագրի եւ արձանագրության գործողության շրջանակները` համաձայնագրով նախատեսված արտոնյալ պայմաններով ոչ միայն ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերին, այլեւ նրանց այլ զորքերին, զինվորական կազմավորումներին, իրավապահ մարմիններին եւ հատուկ ծառայություններին ռազմական նշանակության արտադրանք մատակարարելու նպատակով:

2007թ. հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին» համաձայնագրով ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում խաղարարար գործողություններն  անցկացվում են ՀԱՊԿ խորհրդի որոշմամբ, իսկ ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքից դուրս` ՄԱԿ-ի մանդատի հիման վրա:

2007 թ. հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կառավարման համակարգի ստեղծման մասին» համաձայնագրով ՀԱՊԿ ուժերի եւ միջոցների կառավարման համակարգը սահմանվում է որպես կողմերի ազգային եւ հավաքական անվտանգության ապահովման զորքերի կոալիցիոն խմբավորումների կառավարման կազմակերպչատեխնիկական հիմքը կազմող, միմյանց միջեւ գործառույթով փոխկապակցված կառավարման մարմինների, կետերի եւ միջոցների ամբողջություն: 

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանը ներկայացրեց 2007 թ. հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների միջեւ ռազմատնտեսական համագործակցության բնագավառում գովազդային-ցուցահանդեսային գործունեության ոլորտում փոխգործակցության մասին» համաձայնագիրը: Փոխնախարարի խոսքով` համաձայնագրով սահմանվում են ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության բնագավառում գովազդային-ցուցահանդեսային գործունեության ոլորտում փոխգործակցության ընդհանուր սկզբունքները:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկված միջազգային պայմանագրերը  կներկայացվեն  խորհրդարանի վավերացմանը:
 
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ, քննարկեց պատգամավորներ Արմեն Աշոտյանի, Նաիրա Զոհրաբյանի, Անահիտ Բախշյանի եւ Հեղինե Բիշարյանի հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը ներկայացրեց կառավարության տեսակետը` նշելով, որ կառավարությունն ընդհանուր առմամբ դրական կարծիք ունի փոփոխությունների վերաբերյալ, սակայն դեմ է օրինագծում ներառված երկու  մոտեցումների, որոնք առաջարկում է ներառել այլ օրենքներում: Խոսքը վերաբերում է  հովանավորության խնդրին եւ սոցիալական գովազդին: Կառավարությունը դեմ է նաեւ օրինագծում սահմանված մեկ այլ դրույթի, որը վերաբերում է ալկոհոլային խմիչքների գովազդի վերաբերյալ խտրականությանը:

Հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց կառավարության հետ քննարկել վիճահարույց դրույթները եւ գտնել երկկողմ ընդունելի տարբերակ: Օրինագիծն ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում:

ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը ներկայացրեց կառավարության հեղինակած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրինագիծը, որով առաջարկվում է օրենքից հանել այն դրույթը, որը սահմանափակում է ՀՀ ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերի եւ հաղորդումների հեռարձակման հնարավորությունը` սահմանելով հեռուստատեսության համար շաբաթական մինչեւ մեկ ժամ, իսկ ռադիոյի դեպքում` օրական մինչեւ մեկ ժամ:

Մեկ այլ փոփոխությամբ «հեռուստաընկերություններ» բառը փոխարինվում է «հեռուստառադիոընկերություններ» բառով: Այս օրինագիծը եւս ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը հանձնաժողովի քննարկմանն առաջարկեց «Բարձրագույն եւ հետբուհական  մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգում:  
Օրակարգային հարցերից երեքի քննարկումը հեղինակների առաջարկությամբ մինչեւ 60 եւ 90 օրով հետաձգվեց:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, Արտյուշ Շահբազյանի նախագահությամբ, առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանի եւ Ստյոպա Սաֆարյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի ընդունումը հիմնավորվեց Ազգային ժողովի պատգամավորների, խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների աշխատանքների կազմակերպման պայմանների բարելավմամբ, քվեարկության անցկացման կարգի թափանցիկությունը եւ հրապարակայնությունն   ապահովելու անհրաժեշտությամբ: Հիմնական զեկուցող Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ կառավարությունը դեմ է եղել խորհրդարանում օրինագծերի քվեարկությունը քննարկումից անմիջապես հետո կազմակերպելուն առնչվող դրույթին, որը հանվել է: Օրինագծով յուրաքանչյուր խմբակցություն, անկախ անդամների թվաքանակից, պետք է ունենա ԱԺ աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար եւ երեք փորձագետ: Անդրադառնալով բաց քվեարկության անցկացման կարգին` պարոն Մարտիրոսյանը նշեց, որ քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա վերականգնվելու են, եթե այդ մասին վարման կարգով ելույթում առաջարկի որեւէ պատգամավոր: Եթե նիստը վարողի կողմից հայտնաբերվեն քվեարկության արդյունքների վրա ազդող խախտումներ, ապա նիստը վարողի առաջարկությամբ հարցի քվեարկությունը կրկնվելու է:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտակ Դավթյանը կարեւորեց ԱԺ աշխատանքների բարելավմանը միտված նախագծի ներկայացումը: Նա գտնում է, որ օրինագծով ԱԺ խմբակցություններին վերաբերող դրույթները պետք է վերաբերեն նաեւ ԱԺ պատգամավորական խմբերին:

Կառավարության ներկայացրած «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը քննարկվեց առաջին ընթերցմամբ: Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական կյանքի կարեւոր հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմամբ, քաղաքական որոշումների ընդունմանը հասարակության մասնակցության ապահովմամբ, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի դրույթները ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխանեցմամբ: Օրինագծով պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու համար կարող է անցկացվել հանրաքվե ՀՀ կառավարության նախաձեռնությամբ եւ ՀՀ նախագահի համաձայնությամբ: Պատգամավորներին մտահոգում էր հանրաքվե անցկացնելու գործընթացից խորհրդարանի դուրս մնալը, հասարակական կարծիքի բացահայտման իրավական հետեւանքները, հանրաքվեի անցկացման համար ֆինանսական ծախսի նպատակահարմարությունը: Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը վստահեցրեց, հանրաքվեի անցկացման գործընթացում Ազգային ժողովը շրջանցելու խնդիր չկա,  նախագծի ընդունումը միայն ժողովրդի կարծիքն իմանալու նպատակ է հետապնդում: Տեղեկացվեց, որ ընտրական գործընթացներում էլեկտրոնային համակարգերի ներդրումը կենթադրի ֆինանսական ծախսերի նվազում: Նրա կարծիքով` հասարակական կարծիքը իրավական հետեւանքներ պետք է ունենա բոլոր պետական մարմինների, այդ թվում կառավարության համար:

Հարակից զեկուցող Արտակ Դավթյանը վստահեցրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում օրինագիծը կբարելավվի պատգամավորների առաջարկների հիման վրա: Առաջարկելով հանձնաժողովին դրական եզրակացություն տալ օրինագծին` պարոն Դավթյանը կարեւորեց հասարակական կարծիքի ճշտումը պետության համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը եւս առաջին ընթերցման ներկայացրեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Նախագծերով գյուղատնտեսական ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող անձանց իրավունք է վերապահվում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել առանց անհատ ձեռնարկատեր գրանցվելու կամ իրավաբանական անձ կազմավորելու: Գյուղացիական տնտեսությունների կողմից պարզ գրավոր ձեւով կնքվելու է համատեղ գործունեության պայմանագիր` կողմերի ստորագրությամբ: Ստորագրության իսկությունը կարող է հաստատվել համայնքի ղեկավարի կամ հաշվառումն իրականացնող մարմնի ներկայացուցչի կողմից:

Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշ Շահբազյանը կարեւորեց գյուղացիների շահերի պաշտպանությունը, գյուղատնտեսության բնագավառում տնտեսական գործունեության օրենսդրական կարգավորումը: Նա առաջարկեց դրական եզրակացություն տալ օրինագծի ընդունմանը:

Հանձնաժողովը որոշեց քննարկված օրինագծերը դրական եզրակացությամբ ընդգրկել ԱԺ չորրորդ գումարման չորրորդ նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկված «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն Ազգային ժողովի դեկտեմբերի 1-4-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովի որոշմամբ մինչեւ 15 օրով հետաձգվեց «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենսդրական փաթեթի, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի քննարկումը, իսկ մինչեւ 90 օրով` «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի քննարկումը:

Հանձնաժողովը որոշեց «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենսդրական փաթեթի քննարկման հարցով խորհրդարանական լսումներ կազմակերպել դեկտեմբերի 10-11-ին:

ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, Հակոբ Հակոբյանի նախագահությամբ, առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արա Պետրոսյանի`  օրենքի նախագծով  սահմանվում է «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրություն» հասկացությունը, որի շրջանակներում վճարվող նպաստները  տրվում են որպես ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով կորցրած եկամուտի փոխհատուցում: Նշվեց, որ նվազագույն աշխատավարձի չափի փոփոխության հետեւանքով առաջացող խնդիրներից խուսափելու նպատակով նվազագույն աշխատավարձի չափի փոխարեն հղում է կատարվում «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածին:

Քննարկված օրինագիծը  հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովի որոշմամբ մինչեւ 60 օրով հետաձգվեցին «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին», «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Բազմաբնակարան շենքերի պահպանման պետական քաղաքականության մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին »,  «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»,  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի քննարկումները:

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, Հովհաննես Մարգարյանի նախագահությամբ, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանակից համայնքների հետ  փոխադարձ համաձայնությամբ ճշտվել են քաղաքի արտաքին սահմանները:

Ջրվեժ համայնքին է նախատեսվում փոխանցել քաղաքի սահմաններում գտնվող 141 հա գյուղատնտեսական նշանակության հողեր: Քաղաքին սահմանակից 18 համայնքների անցնելու է 393.3 հա հողատարածք: Երեւանի վարչական սահմաններում է առաջարկվում ընդգրկել Քասախ համայնքի տարածքում գտնվող Դավիթաշենի գերեզմանոցի զբաղեցրած 10.1 հա եւ գյուղատնտեսական նշանակության 11.5 հա հողատարածքը:

Մինչեւ 60 օրով հետաձգվեց կառավարության հեղինակած «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը,  Գագիկ Մինասյանի նախագահությամբ, քննարկեց  երկու հարց:

«Ներքին աուդիտի մասին» օրենսդրական փաթեթը, որը պետք է քննարկվի երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար,  կառավարության առաջարկությամբ որոշվեց հետաձգել միչեւ 90 օրով, իսկ «ՀՀ Վերահսկիչ պալատի 2009 թ. գործունեության տարեկան ծրագիրը» առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ներառելու համար կներկայացվի գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ:

ԱԺ ‎ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի դիտարկմամբ` Վերահսկիչ պալատի այս տարվա ծրագրում որոշ նորամուծություններ կան: Ինչպես ներկայացրեց  պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, այս տարի, ի թիվս օրենքով նախատեսված եւ պարտադիր ոլորտների,   ուսումնասիրություններ են կատարելու նաեւ այնպիսի  ոլորտներում, որոնք երբեւէ չեն հայտնվել իրենց  վերահսկման դաշտում: Օրինակ`  Սահմանադրական դատարանում,  դատական դեպարտամենտում,  դատախազությունում, հանրային ծառայությունները կարգավորող եւ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովներում, ազգային անվտանգության ծառայությունում ու քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում` ամբողջությամբ,  մի շարք նախարարություններում:    Պետական եկամուտների կոմիտեն եկող տարի կդիտարկվի մասնակիորեն` հարկային ծառայությունը եւ Արարատյան մաքսատունը: Առողջապահության բնագավառում կուսումնասիրվի, օրինակ, դեղորայքի տրամադրման, մանկաբարձական եւ տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայությունների նպատակով պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործումը: Բնապահպանության ոլորտում 2009 թ. Վերահսկիչ պալատը կշարունակի ուսումնասիրել «Սեւան» ազգային պարկի պահպանման համար  բյուջետային միջոցներից կատարված ծախսերը: Այստեղ ընթացիկ տարում եւս վերահսկողություն է իրականացվել, եւ, ՎՊ նախագահի գնահատմամբ, սպասվում են հետաքրքիր զարգացումներ: 2009 թ. տարեկան ծրագրում ընդգրկված է նաեւ պետական նշանակության ավտոճանապարհների պահպանումն ու շահագործումը, օտարերյա վարկավորմամբ իրականացվող մի շարք ծրագրեր:
 
Ծրագրի ներկայացումն առիթ հանդիսացավ, որ հանձնաժողովի անդամները եւս մեկ անգամ անդրադառնան վերահսկման ոլորտների եւ թեմաների ընտրության չափանիշներին: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ծրագրի կառուցվածքի վրա եւ տեսակետ հայտնեց, որ վերահսկման թեմաները կարելի է ավելի բացել` դարձնելով դրանք առավել թափանցիկ եւ ուսումնասիրության  նպատակները` պարզ: Իշխան Զաքարյանը  նկատեց, թե չափանիշը, որով առաջնորդվում են, բյուջետային միջոցների ծախսման արդյունավետությունն է: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն էլ նշեց, որ ծրագրերն ու ոլորտներն ընտրվել են` հաշվի առնելով դրանց  ռիսկայնությունը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը , Վարդան Այվազյանի նախագահությամբ, քննարկեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է շինարարության որակի տեխնիկական հսկողությունը իրականացնել համապատասխան որակավորում ունեցող մասնագետների միջոցով, ինչը հնարավորություն կտա խուսափել անկանխատեսելի հետեւանքներից եւ հնարավորինս կբացառի անցանկալի իրավիճակների առաջացման պատճառները. շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող ֆիզիկական անձանց համար կարող է իրականացվել մասնագիտական որակավորման ստուգում: Առաջարկվում է նաեւ լիցենզավորման ենթակա գործունեության ցանկում ներառել նաեւ շենքերի եւ շինությունների տեխնիկական զննությունը: Որոշվեց դրական եզրակացությամբ նախագիծն ընդգրկել թե  նստաշրջանի եւ թե քառօրյա նիստերի օրակարգերում:
«յուղատնտեսական նշանակության հողատարածքներից հողի հարկ վճարողներին արտոնություններ տրամադրելու մասին» օրինագիծը ներկայացրեց նախագծի համահեղինակ, ԱԺ պատգամավոր  ալուստ Սահակյանը: Նրա  գնահատմամբ` օրինագիծը նպատակ ունի գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից հողի հարկ վճարողներին ազատել  կուտակված տույժերից ու տուգանքներից:

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն առաջարկեց մեխանիզմներ մշակել, որպեսզի այդ արտոնությունները հասցեական լինեն եւ ոչ թե տարածվեն նրանց վրա, ովքեր անբարեխղճորեն չեն վճարում հարկերը, ինչի հետ համաձայնեցին հեղինակները:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծին:
Դրական եզրակացությամբ երաշխավորվեց երկու նախագծերն ընդգրկել առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց նախագծի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը: Ըստ բանախոսի` օրենքի նախագծի ընդունումը բխում է հայրենական արտադրանքի ծավալների մեծացման, նրանց մրցունակության բարձրացման  անհրաժեշտությունից: Հայրենական տնտեսության զարգացման վերջին ժամանակահատվածում, դրամի արժեւորման պայմաններում, խիստ դժվարացել է արտահանման գործընթացը եւ մեծացել են ներկրվող` այդ թվում նաեւ անորակ ապրանքների  ծավալները, տեղական արտադրանքի մրցունակությունը ընկել է, ինչը բացասական ազդեցություն ունի տնտեսության զարգացման վրա: Այդ են վկայում նաեւ ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության  կողմից ներկայացված պաշտոնական տվյալները, ըստ որոնց 2004-2007թթ. ընթացքում ներկրման ծավալները մեծացել են մի քանի անգամ, իսկ տեղական արտադրանքինը գրեթե մնացել են անփոփոխ: Օրենքի նախագծի ընդունման պայմաններում, բարձրացնելով որոշ ապրանքատեսակների ակցիզային հարկի դրույքաչափերը, հայրենական արտադրանքը կդառնա առավել մրցունակ, կխթանվի արտադրության ծավալների մեծացումը, կմեղմվի դրամի արժեւորման բացասական ազդեցությունը տեղական արտադրանքի մրցունակության վրա,  պետական բյուջե կմուտքագրվեն լրացուցիչ գումարներ:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Ղարայանը, ներկայացնելով ՀՀ կառավարության տեսակետը, նշեց, որ միանգամայն ընդունելի է տեղական արտադրողին օժանդակելու հարցադրումը, բայց կառավարությունը մտածում է հարցը լուծել համակողմանիորեն եւ առաջարկում է հետաձգել օրինագծի քննարկումը, քանի որ կառավարությունը մոտ օրերս պատրաստվում է այդ հարցի վերաբերյալ քննարկում կազմակերպել գործարարների հետ եւ գտնել ավելի արդյունավետ լուծումներ` փոփոխություններ կատարելով մաքսային օրենսգրքում: Իսկ մինչ այդ` նախագիծն ստացավ հանձնաժողովականների դրական եզրակացությունը` նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծում ընդգրկվելու համար:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ահարոն Չիլինգարյանն առաջարկեց գնահատել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Արտոնավճարների մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ   լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հանձնաժողովը հարցի վերաբերյալ քննարկումները կշարունակի քառօրյա նիստերից առաջ:
 
Հեղինակների առաջարկով հետաձգվեց 18 օրենքների նախագծերի քննարկումը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am