National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
05.12.2008
Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը Երեւանում
Դեկտեմբերի 5-ին Ազգային ժողովում աշխատանքները սկսեց Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը, որի օրակարգում Սպիտակի երկրաշարժի 20-ամյա տարելիցի հիշատակի արարողություններին երկու խորհրդարանների մասնակցության հարցն էր:

Բացելով նիստը` հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Արամ Սա‎ֆարյանը նշեց, որ դեռ Մոսկվայում, մարտին հանձնաժողովի 14-րդ նիստի մասնակիցները  որոշել էին հերթական նիստը սովորական ձեւաչափով չանցկացնել, այլ նվիրել 1988-ի ավերիչ երկրաշարժի 20-ամյա տարելիցի միջոցառումներին: Պարոն Սա‎‎ֆարյանը գոհունակություն հայտնեց, որ ինչպես 20 տարի առաջ, այնպես էլ այս օրերին Հայաստանում ու հայերի հետ է Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը:
 
Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին Հայաստանում ողջունելով` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հանձնաժողովն արդյունավետ աշխատանք է կատարում` ուղղված երկու պետությունների միջեւ ավանդական բարեկամական կապերի զարգացմանը: «Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջխորհրդարանական կապերի հաջող ու դինամիկ զարգացմանը մեծապես նպաստում են խորհրդարանների մակարդակով բարձրաստիճան  փոխայցելությունները: Ազգային ժողովի պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն անցավ բացառիկ ջերմ ու բարեկամական փոխըմբռնումի մթնոլորտում: Ես վստահ եմ, որ շիտակ ու անկեղծ երկխոսությունը, որ տեղի ունեցավ իմ եւ ՌԴ խորհրդարանի երկու պալատների նախագահների միջեւ, նպաստելու է մեր խորհրդարանների միջեւ առավել սերտ համագործակցությանը:
 
Մոսկվայում ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի հետ հանդիպման ժամանակ մենք միասնական եզրակացության հանգեցինք, թե տնտեսական գործըկերության համար որքան կարեւոր են Հայաստանի մարզերի ու Ռուսաստանի սուբյեկտների միջեւ տարածաշրջանային կապերը: Իբրեւ մեր խոսակցության ուղղակի շարունակություն` Մոսկվայում կայանալիք Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակացության հանձնաժողովի 16-րդ նիստի օրակարգում ներառված է այդ հարցը:
 
Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստն ամբողջությամբ նվիրված է Սպիտակի երկրաշարժի 20-ամյակի հիշատակի արարողություններին: Այս փաստը եւս մեկ անգամ հաստատում է այն ջերմ հարաբերությունները, որ կան մեր ժողովուրդների միջեւ, դա նշանակում է, որ մեր ցավը դուք ընդունում եք ինչպես սեփական ցավ:

Հատկապես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել հանձնաժողովի ռուսական կողմի անփոփոխ համանախագահ Նիկոյալ Ռիժկովին` նրա եռանդի, կամքի ու համառության շնորհիվ է արդյունավետ աշխատում հանձնաժողովը երկար տարիներ»:

Նշելով, որ 1988 թ. Հայաստանում ահավոր ողբերգություն կատարվեց, որի հետեւանքների վերացման համար ամբողջ աշխարհը օգնության ձեռք մեկնեց մեր երկրին, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ Հայաստանը հարգանքով ու երախտագիտությամբ է հիշում բոլոր ժողովուրդների ու հատկապես ռուս ժողովրդի ներկայացուցիչներին: Այնուհանդերձ Նիկոլայ Ռիժկովի անունը ընդմիշտ գրանցվել է հայ ժողովրդի սրտում` այդ դաժան օրերին ցուցաբերած մեծագույն աջակցության համար: ԱԺ նախագահը Նիկոլայ Ռիժկովին հանձնեց ԱԺ Պատվո մեդալ` վստահություն հայտնելով, որ նա հետայսու էլ Հայաստանն իր սրտում կպահի:

Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը իր խոսքում հաստատեց, որ երկար տարիների բարեկամներ են հայ պատգամավորների հետ: Նա երախտագիտություն հայտնեց ԱԺ բարձրագույն պարգեւի` Պատվո մեդալի համար, որ իր համար մեծ պատիվ է: Պարոն Ռիժկովը 12 տարի անփոփոխ համանախագահն է համագործակցության հանձնաժողովի եւ իր գնահատմամբ` 12 տարիների ընթացքում միշտ եղել են գործնական ու բարեկամական ջերմ փոխհարաբերություններ, որտեղ երբեք առճակատումը տեղ չի ունեցել, այլ  միմյանց հուշել են հարցերի լուծման լավագույն ելքերը, ընդհանուր հայտատարի են եկել բոլոր խնդիրներում` միշտ հիշելով, որ ռուս եւ հայ ժողովուրդները մեծ բարեկամներ են ու դարերով միասին են եղել:

Պարոն Ռիժկովը հիշեցրեց, որ հանձնաժողովը նիստեր է գումարում տարեկան երկու անգամ` մարտին Մոսկվայում եւ հոկտեմբերին` Հայաստանում, բայց այս անգամ մարտին Մոսկվայում որոշվել է հոկտեմբերի երեւանյան նիստը տեղափոխել դեկտեմբեր եւ ամբողջովին նվիրել ավերիչ երկրաշարժի 20-ամյա տարելիցին` որպեսզի ողբերգական այդ օրն ու այդ ժամին հնարավորություն ունենան միասին լինել: «Այդ ողբերգական օրերին Ռուսաստանը առաջինն օգնության եկավ Հայաստանին: Անցած 20 տարիներին մեր վերքը ընդամենը մի քիչ սպիացել է, մենք միշտ հիշում ենք այդ ցավը: Մեր ժողովուրդը լավ հիշում է այդ ժամանակը, երբ հայ ժողովրդի հետ սգում էր կատարվածի համար: Ես միշտ ասել եմ, որ այդ ողբերգությունը միայն հայ ժողովրդինը չէր, այլ ամբողջ մոլորակինը եւ նրա հիշատակը դարերի միջով է անցնելու, ինչպես մինչեւ հիմա հիշվում է Պոմպեյի ողբերգությունը: Ես համոզված եմ, որ անմեղ զոհերի հիշատակը միշտ ապրելու է մեր սրտում, ինչպես երախտագիտությունը նրանց նկատմամբ, ովքեր երկրաշարժից հետո օգնության եկան Հայաստանին ու հետո էլ ջանում էին հետեւանքները հաղթահարել»` ասաց պարոն Ռիժկովը: Նա նաեւ պատմեց, որ տարիուկես առաջ ռուսաստանաբնակ հայերը նամակով դիմել են` առաջարկելով հուշարձան կառուցել երկրաշարժի 20-ամյա տարելիցի կապակցությամբ, որի նպատակով իր գլխավորությամբ ստեղծվել է խնամակալների խորհուրդ: Քանդակագործ Ֆրիդրիխ Սոհոյանի (նա նույնպես պատվիրակության կազմում ժամանել է Երեւան) մակետը տեսնելով` խորհուրդը որոշել է դիմել հենց նրան: Նիկոլայ Ռիժկովը Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին փոխանցեց այդ հուշարձանի մանրակերտը, որ դեկտեմբերի 7-ին բացվելու է յումրիում եւ «Հիշատակի զանգ» հայերեն-ռուսերեն գիրքը, ուր ամփոփված են պաշտոնական փաստաթղթեր, այդ օրերին երկրաշարժի հետեւանքների վերացմանը մասնակցողների հիշողությունները:
  
 ՌԴ Պետական Դումայի փոխնախագահ Լյուբով Սլիսկան, որ վերջերս է անդամակցել հանձնաժողովին, ներկաներին փոխանցեց ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի ուղերձը` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Ուղերձում ասվում է. «20 տարի առաջ` 1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկը տեղի ունեցավ` Սպիտակի երկրաշարժը: Բառերով դժվար է արտահայտել մասշտաբները այն մեծ ողբերգության, որ հայոց հինավուրց հողում կատարվեց` զոհվեցին տասնյակ հազարավոր մարդիկ, հարյուր հազարավորները վիրավորվեցին ու կորցրեցին իրենց բնակարանները:

Փորձության ծանր ժամին Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին Խորհրդային Միության բոլոր հանրապետությունները` փրկարարներ, բժիշկներ, շինարարներ, տրանսպորտային աշխատողներ ու զինվորականներ եկան Հայաստան` աղետի հետեւանքների վերացման նպատակով:

Երկրաշարժը Հայաստանի ժողովրդին ծանր փորձության առաջ կանգնեցրեց, եւ ժողովուրդը իր լավագույն հատկանիշները լիովին դրսեւորեց` բացառիկ հաստատակամություն ու կամք, ոգու մեծագույն ուժ: Կարճ ժամանակում Հայաստանում վերականգնվեցին քաղաքներ ու գյուղեր, ճանապարհներ ու կամուրջներ, եկեղեցիներ ու պատմական հուշարձաններ:

Անցած 20 տարում Հայաստանում նոր սերունդ է մեծացել, որին վիճակված է քայլեր ձեռնարկել իր երկրի բարգավաճման համար:

1988 թ. դեկտեմբերյան ողբերգական օրերը մեր սրտերում մնում են ոչ միայն իբրեւ զոհվածների հիշատակ, այլեւ խորհրդանիշ եղբայրական փոխօգնության ու աջակցության, որը երկար դարերով միավորում է Ռուաստանի ու Հայաստանի ժողովուրդներին»: 

Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի օրակարգի երկրորդ հարցը հանձնաժողովի 16-րդ նիստի նախապատրաստմանն էր վերաբերում: Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Արամ Սա‎ֆարյանը եւ ռուսական կողմի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը ստորագրեցին արձանագրություն, որ 2009-ի մարտին, Մոսկվայում գումարվելիք նիստի օրակարգում կընդգրկվեն ՌԴ սուբյեկտների եւ ՀՀ մարզերի միջեւ ուղիղ միջռեգիոնալ կապերի վիճակի ու զարգացման հեռանկարների, հանձնաժողովի նախորդ նիստերում ընդունված որոշումների կատարման ընթացքի հարցերը: Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Արամ Սա‎ֆարյանը եւ ռուսական կողմի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը կնախապատրաստեն հարցի քննարկումը եւ ճշգրիտ ժամկետը:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am