Դեկտեմբերի 8-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը եւ
փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեցին «Ապագան քոնն է» բարեգործական, սոցիալական, հասարակական կազմակերպության անդամների հետ: Կազմակերպության նախագահ Նարինե Սարգսյանը տեղեկացրեց, որ «Իրավական խճանկար» անունը կրող ծրագրի իրականացմանն օժանդակել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը: Հանդիպմանը ներկա էր գրասենյակի ներկայացուցիչ Իննա Երանոսյանը:
Ինչպես իր խոսքում նշեց Նարինե Սարգսյանը, իր ղեկավարած կազմակերպությունը գործում է 2003 թվականից եւ նպատակ ունի դաստիարակել երկրի համար պիտանի քաղաքացիներ, նպաստել նրանց իրավագիտակցության բարձրացմանը: Նա տեղեկացրեց, որ հանդիպմանը ներկա են Երեւանի եւ մարզերի դպրոցների բարձր դասարանցիները:
Ողջունելով պատանիներին խորհրդարանում, հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կարեւորեց կազմակերպության նպատակները, նշեց, որ անհրաժեշտ է ոչ միայն իմանալ իրավունքները, այլեւ հիշել պարտականությունները, չմոռանալ հոգեւորի, ընթերցանության, մշակութային կյանքի եւ այլ բարձր արժեքների մասին:
Պարոն Աշոտյանը ներկայացրեց հանձնաժողովի կազմը, գործունեության ոլորտները, ապա նա եւ տիկին Զոհրաբյանը պատասխանեցին պատանիներին հուզող բազմաբնույթ հարցերին: