Մայիսի 8-ին ՀՀ Աժ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանն ընդունեց Մարդկանց շահագործման /թրաֆիկինգի/ դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Էվա Բիոդենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը եւ հանձնաժողովի անդամ Վոլոդյա Բադալյանը:
Ողջունելով հյուրերին` հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը մանրամասն ներկայացրեց թրաֆիկինգի դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքը` նշելով, որ մարդկանց շահագործումը հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է եւ հանձնաժողովը մշտապես անդրադառնում է բոլոր այն գերատեսչությունների աշխատանքներին, որոնք զբաղվում են թրաֆիկինգի հարցերով: Հանձնաժողովն այս հարցում համագործակցում է ինչպես պետական մարմինների, այնպես էլ ՀԿ-ների եւ միջազգային կազմակերպությունների հետ:
Մարդկանց շահագործման դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Էվա Բիոդենը գոհունակությամբ նշեց, որ հանձնաժողովում մանրակրկիտ աշխատանք է կատարվել այս ոլորտի ուսումնասիրման տեսանկյունից: Նրա կարծիքով` պետք է ուսումնասիրել խնդրի պատճառները եւ գտնել համապատասխան լուծումներ:
Հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ հանձնաժողովը` գիտակցելով հարցի անհրաժեշտությունը եւ ղեկավարվելով մի շարք օրենքներով, ինչպես նաեւ ՄԱԿ-ի 2000թ. նոյեմբերի 15-ի Պալերմոյի կոնվենցիայի եւ Եվրախորհրդի 2005թ. մայիսի 16-ի «Մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի միջոցառումների մասին» կոնվենցիայի դրույթներով, մշակել է «Թրաֆիկինգի դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծ: Օրինագծով նախատեսվում է կենտրոններ ստեղծել ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում` թրաֆիկինգի դեմ պայքարում արդյունավետ միջոցներ ստեղծելու համար: