Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական
հանձնաժողովը մայիսի 8-ին նախաձեռնել էր քննարկում պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած` «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում եւ «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի վերաբերյալ: Այն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է խորհրդարանի վերջին քառօրյայում, սակայն քվեարակության դեռ չի դրվել:
Քննարկմանը մասնակցելու էին հրավիրվել ԱԺ պատգամավորներ, գերատեսչական մարմինների, որսորդական միությունների եւ բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը, հիմնավորելով այս ձեւաչափով քննարկման օգտակարությունը, նշեց, որ արդյունքում նախագծերը կդառնան առավել ամբողջական եւ իրականությանը համահունչ: Թեեւ փաթեթի հեղինակն ընդունել է կառավարության ներկայացրած առաջարկությունները, դեռ կան վիճահարույց կետեր:
Վիկտոր Դալլաքյանը, ներկայացնելով օրինագծերը, խոսեց որսագողության դեմ պայքարն ուժեղացնելու անհրաժեշտության մասին: Նա որպես տարբերակ առաջարկեց գործող օրենքը լրացնել նոր` որսի արգելված ձեւերը, միջոցներն ու մեթոդները նկարագրող հոդվածով: Զուգահեռաբար պատգամավորը տեսնում է քրեական օրենսգրքով նախատեսված պատժամիջոցները խստացնելու անհրաժեշտություն եւ առաջարկեց բնության հատուկ պահպանվող տարածքում որս կա
տարելու դեպքում սահմանել տուգանք` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով: Նիստին ներկա բնապահապանները կարծիք հայտնեցին, որ պետք է սահմանել առավել խիստ պատժաչափեր` հատկապես բազմակի խախտումների համար, քանի որ կենդանական աշխարհն այսօր պաշտպանության կարիք ունի եւ մի շարք տեսակներ կանգնած են ոչնչացման վտանգի առաջ: Որսորդմիությունների կողմից առաջարկ հնչեց, որ տրվի նրանց որսագողերին բռնելու, զենքն առգրավելու եւ իրավապահ մարմիններին փոխանցելու իրավունք: Բարձրացվեց նաեւ որսորդական վկայականները միասնականորեն` մեկ մարմնի կողմից տրամադրելու հարցը:
Քննարկումների արդյունքում ձեւավորված առաջարկությունները կներկայացվեն նախագծերի հեղինակին: Մինչ այդ որոշվեց թռչունների եւ վայրի կենդանիների ապրելավայրերը վնասելուն եւ կենդանիներին անազատ պահելուն վերաբերող դրույթները հանել այս նախագծից` դրանց կարգավորումը վերապահելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքին: