Մայիսի 9-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ կազմակերպված միջոցառումներին, որոնք տեղի ունեցան Երեւանի Հաղթանակի զբոսայգում:
Միջոցառումներին մասնակցեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաեւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Ազգային ժողովի նախագահը ծաղկեպսակ դրեց Անհայտ զինվորի շիրիմին: Այնուհետեւ ներկաները լռության րոպեով հարգեցին Հայրենիքի ազատության եւ անկախության համար զոհված զինվորների հիշատակը եւ ներկա գտնվեցին զինվորական շքերթին:
Շքերթից հետո Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ, այցելեց «Մայր Հայաստան» թանգարանը: Այնտեղ նա ծանոթացավ Արցախյան ազատամարտի պատմության փառավոր էջերին, ապա այցելեց Երկրորդ համաշխարհային պատերազմին հայերի մասնակցությանը նվիրված թանգարանի ցուցասրահները:
Թանգարանի հարեւանությամբ` Հաղթանակի զբոսայգում, տեղադրվել էին զինվորական վրան եւ դաշտային խոհանոց, որի շուրջ խմբվել էին Հայրենական մեծ պատերազմի վետերանները: Նրանց մոտենալով` Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Հաղթանակի եւ խաղաղության տոնը, նստեց նրանց հետ սեղանի շուրջ եւ բռնվեց մտերմիկ զրույցի: