Մայիսի 22-ին Հայաստան-Հունգարիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Գագիկ Մելիքյանը եւ խմբի անդամները հանդիպեցին երկօրյա այցով
Հայաստանում գտնվող Հունգարիայի Հանրապետության Ազգային ժողովի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Մաթիաս Յորշիի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերի այցը Հայաստանի խորհրդարան` Հայաստան-Հունգարիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Գագիկ Մելիքյանը կարեւորեց հայ-հունգարական միջխորհրդարանական կապերի զարգացումն ու սերտացումը: Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց, որ եվրաինտեգրման գործընթացում արդյունավետ աշխատանք են իրականացնում Հայաստանի իշխանությունները, կատարվում են ԵԽԽՎ 1609, 1620 եւ 1643 բանաձեւերի պահանջները: ԵԽԽՎ-ն արձանագրել է Հայաստանի իշխանությունների ձեռնարկած արդյունավետ քայլերը` մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի եւ փաստահավաք խմբի ստեղծումը, որոնց աշխատանքներին մասնակցում են նաեւ ընդդիմության ներկայացուցիչները: ԵԽԽՎ 1643 բանաձեւի պահանջներով փոփոխություններ են կատարվել «ՀՀ քրեական օրենսգրքի» 225 եւ 300 հոդվածներում: Անդրադառնալով արտաքին քաղաքական հարթությունում Հայաստանի իշխանությունների քայլերին` նա փաստեց, որ ամեն ինչ արվում է տարածաշրջանում կայունության ամրապնդման եւ վստահության մթնոլորտի ձեւավորման ուղղությամբ:
Հունգարիայի Հանրապետության Ազգային ժողովի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Մաթիաս Յորշիին տեղեկացրեց, որ այցի նպատակն է ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում խորհրդարանների միջեւ համատեղ ծրագրերի իրականացումն ու համագործակցության հաստատումը: Նա հարաբերությունների հաստատման հարցում կարեւորեց ԵՄ «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության ելակետային սկզբունքների կիրառումը` մարդու իրավունքներ, ժողովրդավարություն եւ իրավունքի գերակայություն: Պարոն Յորշին անդրադարձավ Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման խնդրին` այս հարցում կարեւորելով եւ կառավարության, եւ խորհրդարանի դերը:
Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:
Նույն օրը Հունգարիայի Հանրապետության Ազգային ժողովի Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Մաթիաս Յորշիին, փոխնախագահներ Լասլո Կոսիին եւ Մաթիաս Ֆիրթլիին ընդունեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը:
Ողջունելով հյուրերին` պարոն Ադոնցը կարեւորեց երկկողմ հարաբերությունների զարգացումը եւ միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը: Պարոն Ադոնցն անհրաժեշտ համարեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումը` նշելով, որ եվրաինտեգրումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը: Նա ընդգծեց, որ ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մեկնարկը տարածաշրջանային համագործակցության եւ զարգացման նոր հեռանկարներ է բացում, ինչին փորձում է խոչընդոտել Ադրբեջանը: Նրա համոզմամբ ծրագիրը բոլոր ուղղություններով զարգացման նոր հնարավորություններ է ստեղծում եւ կնպաստի տարածաշրջանում վսահության մթնոլորտի ձեւավորմանը, կայունության եւ խաղաղության ամրապնդմանը: Այս համատեքստում պարոն Ադոնցը կարեւորեց խորհրդարանների մակարդակով փոխգործակցությունը` նշելով, որ Եվրախորհրդարանի նախաձեռնությամբ նախատեսվում է ստեղծել «ԵՄ-Արեւելյան հարեւաններ» խորհրդարանական վեհաժողով:
Պարոն Յորշին տեղեկացրեց, որ տարածաշրջան այցի նպատակն է քննարկել ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրին Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի մասնակցության առաջնահերթությունները: Տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու առումով նա նույնպես կարեւորեց «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը` նշելով հակամարտությունների կարգավորման խնդրում ժողովուրդների միջեւ անմիջական շփումների կարեւորությունը, տարբեր ուղղություններով երկկողմ կապերի ակտիվացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին միջազգային կառույցներում փոխգործակցությանը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր եւս:
Խորհրդարանական հանդիպումներից հետո Հունգարիայի Ազգային ժողովի պատվիրակության անդամները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ թանգարան, ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: