Մայիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված կին դիվանագետների եւ Դիվանագետների կանանց ասոցիացիայի անդամների հետ, որի նախագահն է Նատալյա Նալբանդյանը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը ողջունեց հյուրերին եւ նրանց փոխանցեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնները եւ ջերմ բարեմաղթանքները: Ընդառաջ գնալով տիկնանց խնդրանքին` տիկին Պետրոսյանը ներկայացրեց ԱԺ գործունեությունը, նրա լիազորությունները, ԱԺ կառուցվածքը, հանրապետության կյանքում նրա ունեցած դերակատարությունը, իշխանության տարբեր ճյուղերի փոխհարաբերությունները, զսպումների եւ հակակշիռների մեխանիզմները: Անդրադառնալով օրենսդիր մարմնում կանանց ներկայացվածությանը, տիկին Պետրոսյանը նշեց, որ նրանց թիվը նախորդ խորհրդարանների համեմատ որոշակիորեն մեծացել է, իսկ տղամարդ պատգամավորների հետ հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա: Նա համաձայնեց Դիվանագետների կանանց ասոցիացիայի նախագահ տիկին Նատալիա Նալբանդյանի դիտարկմանը, թե կանանց ներկայությունը խորհրդարանում նպաստում է առավել հանդուրժողական մթնոլորտի ձեւավորմանը եւ հարցերն ավելի արդյունավետ քննարկելուն:
ԱԺ նախագահի տեղակալ տիկին Պետրոսյանը ներկայացրեց նաեւ ԱԺ դերի եւ արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը, ընդդիմադիր խմբակցությունների համար հավելյալ հնարավորություններ սահմանող օրինագիծը, ԱԺ վերահսկողական գործառույթները:
Տիկին Պետրոսյանը տեղեկացրեց նաեւ, որ օրենսդրական եւ քաղաքական գործունեությունից զատ խորհրդարանում իրականացվում են նաեւ այլ` մշակութային միջոցառումներ. կազմակերպվում են ցուցահանդեսներ, բազմապիսի միջոցառումներ մանուկների համար: Նա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անունից հյուրերին հրավիրեց ներկա գտնվել հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության օրվան նվիրված ԱԺ բակում կազմակերպվող միջոցառմանը` շարունակելով ձեւավորված նոր ավանդույթը:
Հանդիպման վերջում ԱԺ աշխատակազմի Տեղեկատվական վարչության պետ Մարո Ասատրյանը հյուրերին ներկայացրեց ԱԺ շենքի կառուցման պատմությունը, Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերը, ԱԺ նիստերի դահլիճը: