«Սիրելի հայրենակիցներ,
Մարդկային քաղաքակրթության զարգացման, ազգերի ու ժողովուրդների ինքնահաստատման ու հարատեւության հիմքում միշտ էլ եղել եւ մնում է աշխարհաճանաչողության արդյունքում ձեւավորված գիտելիքի ու փորձի փոխանցումը սերունդներին:
Պատմական իրողություններով պայմանավորված` կրթության դերն առավել նշանակալից է եղել հայ ժողովրդի կյանքում եւ կանխորոշել նրա ապագան: Մաշտոցյան գրերի ստեղծումը, դրան հաջորդած դպրոցաշինության ու կրթության վերելքը մեր ազգային վերածննդի, գիտության ու մշակույթի զարգացման, ազգային ինքնագիտակցության հիմքն են եղել: Այսօր մենք պարտավոր ենք մեր խոհուն հայրերի ազգանվեր գործի շարունակողը լինել եւ մշակութային ազգ կոչվելու նրանց վաստակը փոխանցել գալիք սերունդներին:
Սիրելի հայրենակիցներ, գիտության ու կրթության գործի նվիրյալներ, ուսուցիչներ եւ աշակերտներ
Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա առթիվ, հաջողություն եմ մաղթում ձեզ ուսումնառության, ազգային կրթության ու հայեցի դաստիարակության հայրենանվեր գործում»: