National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.9.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
18.09.2009
Տեղի ունեցան աշնանային նստաշրջանի առաջին խորհրդարանական ճեպազրույցները
1 / 1

Սեպտեմբերի 18-ին խորհրդարանում հավատարմագրված լրագրողների համար չորրորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի առաջին քառօրյայի աշխատանքներն ամփոփեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Հարցերն առնչվում էին 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությանը, հայ-թուրքական հարաբերություններին:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով մարտիմեկյան հանձնաժողովի կատարած աշխատանքին, նշեց, որ իշխանությունները չեն դադարել նույն ոճով գործել, ինչ մինչ մարտիմեկյան դեպքերը, իսկ զեկույցն ու առհասարակ նմանատիպ այլ քայլերը գնահատեց որպես իմիտացիոն գործընթաց: Նա տեղեկացրեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը հանդես է գալու առաջարկությամբ` ստեղծելու նոր, նախաքննական լիազորություններով օժտված հանձնաժողով, որում կպահպանվի քաղաքական հավասարակշռություն:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին եւ հարցի առնչությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությանը`  «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրենց կուսակցությունը չի մասնակցել վերոնշյալ խորհրդակցությանը: Նրա համոզմամբ` քննարկումները պետք է ծավալվեն պետական ինստիտուտներում, որոնցից մեկն էլ Ազգային ժողովն է, որտեղ եւ հոկտեմբերի 1-ի խորհրդարանական լսումներին խմբակցությունը կներկայացնի իր դիրքորոշումները:

«Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանի խոսքով` մարտիմեկյան հանձնաժողովի ներկայացրած փաստաթուղթը կարող է հիմնասյուն լինել դեպքերի հետագա պարզաբանման ու բացահայտման համար:  «Ես չեմ գտնում, որ այդ զեկույցով մարտիմեկյան դեպքերի քննարկումների էջը փակված է, մենք նույնպես կարծում ենք, որ ճիշտ կլինի ստեղծել նախաքննչական իրավասություններով օժտված նոր հանձնաժողով»,- հավելեց պարոն Մարգարյանը:    
       
 Հովհաննես Մարգարյանը նշեց, որ ՕԵԿ-ը մշտապես կողմ է եղել, որ կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, եւ սահմանները բացվեն առանց նախապայմանների: «Ողջունում ենք նախաձեռնությունը, որ նախագահը երրորդ անգամ արդեն հրավիրում է թեմատիկ խորհրդակցություն ազգային կարեւորագույն խնդիրների շուրջ` տեղեկանալու բոլոր կուսակցությունների կարծիքին»,- ասաց նա: ՕԵԿ-ը կողմ է, որ հարցը քննարկվի տարբեր հարթություններում: «Պրոբլեմների դեմ ոչ թե պայքարում են, այլ դրանք քննարկում են` ընդունելի լուծումներ գտնելու համար: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված փաստաթուղթը լավագույն հիմքն էր հետայսու քննարկումներ ծավալելու համար»,-ասաց Հովհաննես Մարգարյանը` կարծիք հայտնելով, որ երկու կողմերն էլ կվավերացնեն արձանագրությունները:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհանիսյանը հայ-թուրքական հարաբերություններին վերաբերվող արձանագրությունների մասին ասաց, որ իր տպավորությամբ իշխանությունները, ավելի կոնկրետ ՀՀ արտաքին գործերի նախարարը ակնարկեց, որ փաստորեն խոսքը գնում է ոչ այնքան արձանագրությունների հասարակական քննարկման, այլ ընդամենը իրազեկման մասին: «Սակայն բանակցությունների փուլը պետք է շարունակվի մինչեւ փաստաթղթի ստորագրումը: Այնպես որ քննարկումներն ավարտված չեն: Օրենքի տեսակետից կա փոփոխությունների հնարավորություն»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք գոհ է «Դաշնակցությունը» մարտիմեկյան հանձնաժողովի զեկույցից, Վահան Հովհաննիսյանն ասաց, որ այն հավասարակշռված փաստաթուղթ է եւ միեւնույն ժամանակ հավելեց. «Նման զեկույցներից գոհ կամ դժգոհ լինել հնարավոր չէ»: Նա ընդգծեց` եթե ՀՅԴ-ն ամբողջությամբ կողմ լիներ հանձնաժողովի վերջնական եզրակացությանը, ապա հավելյալ կարծիք չէր ներկայացնի:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի խոսքով` իրենք եւս տվել են իրենց հավանությունը խորհրդարանական լսումների անցկացման եւ իրենց մասնակցության մասին: Արամ Սաֆարյանը նշեց, որ ԲՀԿ-ն կողմ է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում: Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը չի կարող լինել երկու սկզբունքային խնդիրների հաշվին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, որը ՀՀ արտաքին քաղաքական հիմնական գերակայություններից է ու կլինի այսուհետ եւս: Ըստ պատգամավորի` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում միակ խոչընդոտը մնում է Թուրքիայում քաղաքական ուժերի շրջանում առկա այն դիրքորոշումը, որ երկկողմ հարաբերությունների նորմալացումը պետք է պայմանավորվի ԼՂ հակամարտության կարգավորմամբ:

ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը փաստեց, որ մարտիմեկյան հանձնաժողովն աշխատել է ազնվորեն: Նա բնական է համարում նաեւ որոշ քաղաքական ուժերի անհամաձայնությունը ընդունված եզրափակիչ զեկույցի առնչությամբ, քանի որ հանձնաժողովն իր առջեւ խնդիր չի դրել բավարարել այս կամ այն քաղաքական ուժի ցանկությունը: Տիկին Զոհրաբյանը համոզված է, երբ բոլոր կրքերը, էմոցիաները հանդարտվեն, քաղաքական ուժերը եւ հասարակությունը ավելի սթափ կգնահատեն զեկույցը, կգտնվեն հստակ պատասխաններ բազում խնդիրների վերաբերյալ: Նա կարծում է, որ մարտիմեկյան ողբերգական դեպքերը որոշ քաղաքական ուժերի կողմից չպետք է օգտագործվի աղմուկ բարձրացնելու եւ սեփական անառողջ խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար: Նա կարեւորեց հանրության գնահատականը զեկույցի առնչությամբ, քանի որ, ըստ նրա, հանրությունը իրավասու է ստանալ իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները. զեկույցն անպայման պետք է տպագրվի եւ տարածվի հասարակության մեջ, որպեսզի ճիշտ գնահատական ստանա:

«Եթե արձանագրությունները չստորագրվեն էլ, սահմանների բացման գործընթացը շարունակվելու է, քանի որ որդեգրել ենք եվրոպական չափանիշներ, ըստ որոնց` փակ սահմաններ չպետք է լինեն»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ սկզբունքորեն կողմ է ՀՅԴ-ի կողմից հակառակ կարծիքների արտահայտմանը: «Եթե նոր ձեւակերպումներ լինեն, որոնք ավելի ընդունելի կլինեն, իհարկե, մենք պատրաստ կլինենք աջակցել: Փաստաթղթում առկա գաղափարախոսությունների, սկզբունքների համար ամենամեծ պատասխանատվությունն ընկնում է ՀՀԿ-ի վրա, մենք քննարկելու խնդիր չունենք, մենք բացատրելու խնդիր ունենք»,- ասաց Գալուստ Սահակյանը` պատասխանելով հարցին, թե  վավերացման փուլում կաջակցե՞ն ՀՅԴ առաջարկությունների ներառմանը փաստաթղթում:

ՀՀԿ ղեկավար Գալուստ Սահակյանը մեկնաբանեց երեկ ԱԺ շենքի դիմաց հավաքված 2008 թ-ի մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով տուժածների ծնողների ու հարազատների բողոքը եւ ԱԺ մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովից հանգամաքների բացահայտման պահանջը: «Մամուլը հանձնաժողովի կազմավորման օրվանից հասարակության միտքը շեղեց այն իմաստով, որ հանձնաժողովն իրավունք ունի նաեւ հետաքննություն իրականացնելու ու իրավապահների դեր կատարելու, եւ մարդիկ մտածում էին, թե սա այն հանձնաժողովն է, որ բացահայտումներ պետք է իրականացնի»- ասաց պարոն Սահակյանը: Սխալ էին արել, թե` ճիշտ, որ հավաքվել էին, Գալուստ Սահակյանի խոսքով` չի կարելի ասել, քանի որ, մարդիկ պահանջում էին, որպեսզի բացահայտումներ լինեն, որը բնավ ԱԺ-ի կամ հանձնաժողովի խնդիրը չէր, դրանով զբաղվում են պատկան մարմինները, հանձնաժողովը խնդիր ուներ ներկայացնելու ընդհանուր իրավիճակը, ինչը եւ լավ է կատարել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am