Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության պատգամավորական խումբը հանդիպեց Ֆրանսիայի Առնուվիլ-լե-Գոնեսի քաղաքապետ Միշել Օմասի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին բարեկամության խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, խմբի անդամներ Գալուստ Սահակյանը եւ Զարուհի Փոստանջյանը:
Պարոն Բաբլոյանը խոսեց երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ու համագործակցության մասին, երախտագիտությամբ նշեց, որ Ֆրանսիան մշտապես աջակցել եւ ձեռք է մեկնել Հայաստանին դժվար պահերին:
Ֆրանսիայի Առնուվիլ-լե-Գոնեսի քաղաքապետ Միշել Օմասը բարձր գնահատեց ֆրանսահայ համայնքի դերակատարումը երկրի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում: Նա տեղեկացրեց, որ իրենց քաղաքում գործում են հայկական եկեղեցիներ, իսկ 2 տարի առաջ Հրանտ Դինքի անունով բացվել է հայ-ֆրանսիական դպրոց:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանը, հայ-թուրքական հարաբերություններին, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր: