Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական
հանձնաժողովը սեպտեմբերի 24-ին շահագրգիռ գերատեսչությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպել էր քննարկում «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում կառավարության հեղինակած փոփոխությունների վերաբերյալ:
Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության վարչության պետի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը ներկայացրեց, որ գործող օրենքով ջրի որակի նորմերը սահմանում է ստանդարտացման պետական լիազոր մարմինը, եւ որ ստանդարտը պարտադիր
կատարման նորմ չէ: Հաշվի առնելով ջրային ռեսուրսների նորմերի խիստ մասնագիտական բնույթը եւ ջրի որակը բարելավելու անհրաժեշտությունը` հեղինակներն առաջարկում են նորմերի սահմանումը վերապահել կառավարությանը` փաստաթուղթը դարձնելով իրավական ակտ եւ պարտադիր կատարման ենթակա: ործադիրն այդ նորմերը կսահմանի` հիմնվելով գիտական հաստատությունների ուսումնասիրությունների եւ շահագրգիռ գերատեսչությունների պահանջների վրա: Բացի դա, նորմերը կլինեն եվրոպականին համահունչ: Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանի բնորոշմամբ` իրավական հիմքերի ապահովումն անհրաժեշտ քայլ է ջրի որակը բարելավելու ճանապարհին. պարտադիր նորմերի սահմանումը կընձեռի նաեւ դրանք խախտելու դեպքում պատասխանատվության ենթարկելու հնարավորություն: Փոխնախարարը նկատեց, որ նորմերը կսահմանվեն կառավարության միասնական որոշմամբ, իսկ վերահսկողությունը կիրականացնեն
գերատեսչությունները` ըստ լիազորությունների: Քննարկման մասնակիցները միակարծիք էին, որ այսօր ջրի որակին առնչվող խնդիրներ կան, ինչի առնչությամբ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները մտահոգություն հայտնեցին: Հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանն էլ նկատեց, որ հիվանդությունների 50 տոկոսի պատճառն անորակ ջուրն է, եւ որ աշխարհում տարեկան 25 մլն. մարդ է մահանում դրա պատճառով, հետեւաբար պարտավոր են պատշաճ ուշադրություն դարձնել ջրի որակի ապահովմանը: