ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 11-ի հերթական նիստի օրակարգում ընդգրկված մի խումբ օրինագծերի քննարկումը հեղինակների առաջարկությամբ հետաձգվեց:
Առաջին ընթերցմամբ քննարկվեց պատգամավորներ Անահիտ Բախշյանի եւ Արմեն Մարտիրոսյանի հեղինակած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հեղինակներն առաջարկում են ուժը կորցրած ճանաչել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 14-րդ մասը, որով մինչեւ 2010 թվականի հունիս դադարեցվել է հեռուստաընկերություններին հեռարձակման լիցենզիաների տրամադրումը: Ըստ հեղինակների` օրինագծի ընդունումը կնպաստի ազատ խոսքի, բազմակարծության կայացմանը, ինչպես նաեւ` հասարակություն-իշխանություն փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորմանը: Օրինագծի հիմնական զեկուցող Անահիտ Բախշյանի համոզմամբ, օրենքում կատարված փոփոխությունը քաղաքական ենթատեքստ ունի, ինչն իր խոսքում հերքեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը, նկատելով, որ հեռուստահեռարձակման թվայնացման վերաբերյալ կառավարության հայեցակարգն արդեն պատրաստ է եւ հավանաբար կհաստատվի կառավարության առաջիկա նիստում:
Հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում օրինագիծը դրական եզրակացության չարժանացավ: