Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար դեսպան
Ռաուլ դե Լյուցենբերգերին, Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) խորհրդատվական խմբի ղեկավար Ռոլֆ Բյոնկեին եւ նույն թիմի անդամ` ՀՀ ԱԺ նախագահի խորհրդատու Էդուարդո Լորենցո Օչոային:
Ողջունելով զրուցակիցներին` ՀՀ ԱԺ նախագահը ողջունեց ԵՄ խորհրդատվական խումբ ստեղծելու ՀՀ Նախագահի նախաձեռնությունը: Կարեւորելով ԵՄ հետ համագործակցության զարգացումը` պարոն Աբրահամյանը հույս հայտնեց, որ ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատուի աշխատանքը կնպաստի Հայաստանի եվրոինտեգրմանը, իսկ Եվրոպական խորհրդարանում նրա ունեցած հարուստ աշխատանքային փորձն օգտակար կլինի այդ մարմնի հետ ՀՀ ԱԺ հարաբերությունները խորացնելու համար:
Այնուհետեւ զրուցակիցները քննարկեցին ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատուի գործունեությունը սկսելու հետ կապված աշխատանքային եւ կազմակերպչական հարցերը: Պարոն Լորենցո Օչոան ՀՀ ԱԺ նախագահին փոխանցեց Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեքի ջերմ ողջույնները: Զրուցակիցները նախանշեցին այն ոլորտները, որտեղ ԵՄ խորհրդատուն կարող է օգտակար լինել ՀՀ ԱԺ-ին եւ պայմանավորվեցին խթանել համատեղ աշխատանքը: