Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի հանձնախմբի («Ագոյի» խումբ) անդամներին` ԵԽ-ում Ռումինիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Ստելիան Ստոյանի գլխավորությամբ:
Պարոն Նիկոյանը հյուրերի խնդրանքով ներկայացրեց 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքները, եզրափակիչ զեկույցի հիմնական ուղղվածությունը եւ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ իր դիրքորոշումը:
Պարոն Նիկոյանը նշեց, որ ժամանակավոր հանձնաժողովը դժվարին աշխատանքի արդյունքում ներկայացրել է ամփոփիչ օբյեկտիվ ու անաչառ եզրակացություն: Հանձնաժողովը իրադարձությունները քննելիս հիմնվել է ճշգրիտ փաստերի վրա, այդ պատճառով առայժմ հիմնավորված քննադատություն չկա ոչ իշխանական եւ ոչ էլ ընդդիմադիր կողմից: Պարոն Նիկոյանը հավելեց, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները դրական են արտահայտվել ներկայացված զեկույցի վերաբերյալ: ԱԺ փոխնախագահը նշեց, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը իրադարձությունների կրկնությունը բացառելու նպատակով զեկույցում քաղաքական, դատաիրավական, սոցիալ-տնտեսական, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլ ոլորտների խնդիրների լուծումների վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել, որոնց կատարման ընթացքին հետեւելու նպատակով անհրաժեշտ է համարում ստեղծել մոնիթորինգի խումբ: Պարոն Նիկոյանը իրազեկեց, որ քննարկվում է այն հարցը, թե դա հանձնարարվի որեւէ մշտական հանձնաժողովի, թե ստեղծվի նոր ժամանակավոր հանձնաժողով:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին պարոն Նիկոյանին տեղեկատվության, կատարված բարդ ու մանրակրկիտ աշխատանքի համար եւ հույս հայտնեցին, որ պարոն Նիկոյանը կաշխատի զեկույցում առաջադրված առաջարկների իրականացման ուղղությամբ: