National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.11.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
23.11.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները Մոսկվայում

Նոյեմբերի 21-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցեց Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: Պատվիրակության կազմում են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը,  ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարդան Բոստանջյանը, Արեգ Ղուկասյանը, Վարդան Խաչատրյանը, այլ պաշտոնատար անձինք:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահը ելույթ ունեցավ ՍԾՏՀ ԽՎ լիագումար նիստում.

«Հարգելի պարոն նախագահ
Հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք

Նախ կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր ռուս բարեկամներին ջերմ ընդունելության եւ գերազանց կազմակերպած լիագումար նիստի համար:

Ժամանակակից աշխարհում բազմակողմ համագործակցությունը եւ միջխորհրդարանական դիվանագիտությունը մեծ նշանակություն եւ արդիականություն են ձեռք բերում: Մեր պարտքն է աջակցել եւ զարգացնել այդ դրական միտումները:

Որպես միջազգայնորեն ճանաչված տարածաշրջանային կազմակերպություններից մեկը, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը տարեցտարի ընդլայնում է գործունեության շրջանակը` դառնալով տարածաշրջանում քաղաքական եւ տնտեսական կայունության կարեւոր գործոն:

Հարգելի գործընկերներ

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային համագործակցության եւ ինտեգրացիայի գործընթացներին. այդ իսկ պատճառով ՀՀ հանդիսացել է ՍԾՏՀ-ի եւ դրա խորհրդարանական կառույցի հիմնադիրներից մեկը: Խորհրդարանների դերը ՍԾՏՀ ԽՎ շրջանակներում կազմակերպության գաղափարները եւ նպատակները տարածելն է: Մեր հետագա օրենսդրական գործունեությունը` ուղղված Սեւծովյան տարածաշրջանում տնտեսական եւ առեւտրային  համագործակցությանը, նպաստելու է ոչ միայն մեր ներքին խնդիրների լուծմանը, այլ նաեւ մեր երկրների եւ ժողովուրդների միչեւ վստահությանն ու փոխըմբռնմանը: Հենց այս գիտակցությամբ էլ մենք շարժվում ենք տարածաշրջանային համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ: Դրա մեջ ենք մենք տեսնում ՍԾՏՀ ԽՎ-ի դերն ու նշանակությունը:

Հայաստանի խորհրդարանը  գիտակցաբար եւ նպատակաուղղված  քայլում է  տնտեսության եւ առեւտրի հետագա  ազատականացման գործընթացին աջակցելու համար օրենսդրական դաշտ ստեղծելու, սոցիալական եւ քաղաքական, մշակույթի, կրթության եւ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում համագործակցելու  ուղղությամբ:

Ակնհայտ է, որ տնտեսական համագործակցությունը եղել է եւ կմնա մեր ուշադրության կենտրոնում:

Տարածաշրջանի համաչափ տնտեսական զարգացման համար կարեւոր նշանակություն ունեն տրանսպորտային միջանցքների զարգացումը եւ ՍԾՏՀ-ի երկրների էներգետիկ անվտանգության ապահովումը:

Հայաստանը արդիական է համարում տրանսպորտային ճանապարհների հարցը եւ միջազգային բոլոր համաժողովներում հանդես է գալիս տրանսպորտային համակարգերը Սեւծովյան տարածաշրջանի եվրոպական երկրների տրանսպորտային միջանցքներին եւ համակարգերին միավորելու օգտին: Հայաստանի տարածքում միջազգային տրանսպորտային միջանցքները զարգացնելու միջոցառումները կարելի է խմբավորել հետեւյալ ուղղություններով` ընդգրկելով տրանսպորտային գործունեության առավել կարեւոր կողմերը, կապված միջազգային հաղորդակցման`  ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների  ապահովման հետ.

-տրանսպորտային ուղիների զարգացում
-բեռնափոխադրումների զարգացում
-ուղեւորափոխադրումների զարգացում
-տրանսպորտային գործունեության անվտանգության մեծացում
-տրանսպորտային գործընթացի մասնակիցների տեղեկացվածության բարելավում
-գիտահետազոտական աշխատանքների իրականացում
-իրավական-նորմատիվային բազայի կատարելագործում
-միջազգային ներդրումների ներգրավում:

Գտնում եմ, որ տրանսպորտային համակարգի ինտեգրումը առավել արդյունավետ կլինի, եթե ներգրավված լինեն ՍԾՏՀ-ի բոլոր` 12 անդամ պետությունները: Այդ գործընթացին կնպաստի Սեւծովյան տրանսպորտային օղակ ստեղծելու գաղափարի իրագործումը, որը թույլ կտա միացնել  Եվրամիության, Արեւելյան Եվրոպայի, Միջին Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի տրանսպորտային համակարգերը:

Մենք համոզված ենք, որ մեր տարածաշրջանի երկրների միջեւ տնտեսական փոխշահավետ համագործակցությունը, տրանսպորտային կոմունիկացիաների  հասանելիությունը ու մատչելիությունը կարող են ձեւավորել վստահության մթնոլորտ, որն այդքան անհրաժեշտ է տարածաշրջանի հիմնախնդիրները լուծելու համար:

Տարածաշրջանային համագործակցության հենքի վրա էներգետիկ սեկտորի կայուն զարգացումը հանդիսանում է Հայաստանի էներգետիկ քաղաքականության հիմնական առաջնահերթությունը: Այդ քաղաքականությունը հիմնված է բազմազանեցման երեք սկզբունքների իրագործման վրա. այնպիսի սկզունքների, ինչպիսիք են էներգիայի աղբյուրների շահագործումը, էներգիայի մատակարարման տեսակները եւ էներգակիրների  փոխադրման տարբեր ուղիները: Այսօր Հայաստանի էներգահամակարգը համարվում է  ԱՊՀ-ի տարածքում կայացածներից մեկը: Այն ունի զարգացած ենթակառուցվածքներ եւ հարեւան երկրների հետ միջհամակարգային կապեր: Հայաստանը, Իրանը եւ Վրաստանն ունեն էներգետիկ համակարգերն ինտեգրելու քաղաքականության դրական փորձ: Մենք պատրաստ ենք Սեւծովյան Էլեկտրաէներգետիկական Օղակի ձեւավորմանն ինտեգրվելու համար կոնկրետ քայլեր կատարել: Եվրոպական Էներգետիկ Խարտիայի շրջանակներում` Հայաստանը պատրաստ է բանակցել ցանկացած երկրի հետ, որը հետաքրքրված է էներգիայի աղբյուրների տարանցման բնագավառում ծրագրեր իրականացնելու մեջ: Էներգետիկայի բնագավառում արդյունավետ համագործակցությունը կապահովի Սեւծովյան տարածաշրջան մատակարարել վստահելի  եւ էժան էներգիա, ինչն էլ կնպաստի  Սեւծովյան Էլեկտրաէներգետիկ Օղակի ստեղծումը եզրափակիչ փուլ տեղափոխելուն: Ցանկանում եմ ընդգծել, որ էներգետիկ անվտանգության հասնելու համար պահանջվում են էներգետիկ շուկայի բոլոր մասնակիցների համատեղ գործողությունները:

Տիկնայք եւ պարոնայք

Ամփոփելով ելույթս` կցանկանայի նկատել, որ  մեր համատեղ խնդիրը  ընդունված որոշումների գործնական կիրառումն է: Թույլ տվեք վստահեցնել, որ մեր աշխատանքը  այսուհետեւ եւս կշարունակվի  ակտիվորեն համագործակցության ուղիներ փնտրելու ոգով, եւ դրանք կյանքի կոչելով:

Գլխավոր Ասամբլեայի բոլոր մասնակիցներին մաղթում եմ  բեղմնավոր, արդյունավետ աշխատանք:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Նույն օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպում ունեցավ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ: Զրուցակիցները կարեւորեցին երկու դաշնակից երկրների խորհրդարանների փոխգործակցությունը, որը համալրում է ՀՀ եւ ՌԴ Նախագահների բարձր մակարդակով իրականացվող քաղաքական երկխոսությունը: Պարոն Աբրահամյանն ընդգծեց, որ Հայաստանը մշտապես զգացել է ՌԴ զորակցությունը, որի համար հայտնեց հայկական կողմի երախտագիտությունը: Այդ համատեսքստում նա կարեւորեց ՌԴ կողմից ՀՀ-ին տրամադրված արտոնյալ վարկը, որն օժանդակեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքներին դիմագրավելուն:

Հանդիպման ընթացքում կողմերը մանրակրկիրտ քննարկեցին երկկողմ միջխորհրդարանական համագործակցության հարցերը: Նրանք բարձր գնահատեցին խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Զրուցակիցները նաեւ կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանային համագործակցության խնդիրների, առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացի, Արցախի հիմնախնդրի շուրջ:

Հանդիպման ընթացքում նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտակա ամիսների ընթացքում ՌԴ Պետական դումայի նախագահի Հայաստան այց կատարելու վերաբերյալ:

Նոյեմբերի 23-ին նաեւ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեթ Ալի Շահինի հետ, որը եւս մասնակցում է ՍԾՏՀ ԽՎ մոսկովյան հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները միմյանց փոխադարձաբար ներկայացրեցին իրենց երկրների խորհրդարանների կառուցվածքի եւ գործունեության առանձնահատկությունները: Նրանք տեսակետներ փոխանակեցին առանց նախապայմանների երկկողմ հարաբերություններ հաստատելու գործընթացի շուրջ: Պարոն Աբրահամյանն ընդգծեց, որ հայկական կողմն անհրաժեշտ է համարում, որպեսզի ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն ողջամիտ ժամկետներում:

Երկու խորհրդարանների ղեկավարները բարձր գնահատեցին ՀՀ եւ ԹՀ Նախագահների համարձակ համատեղ աշխատանքը եւ համաձայնեցին, որ դրա շնորհիվ պարարտ հող է ստեղծվել երկու հարեւան ժողովուրդների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու համար: Այդ համատեքստում նրանք համաձայնեցին, որ անհրաժեշտ է առաջին հերթին խրախուսել մարդկային ուղղակի շփումները, ինչպես նաեւ փորձել կապեր ստեղծել ՀՀ ԱԺ եւ ԹԱՄԺ միջեւ:

Զրուցակիցները գոհունակությամբ ամփոփեցին հանդիպումը` հույս հայտնելով, որ կունենան նոր հանդիպումների առիթներ:


23.11.2009
Ստեղծագործական միությունների ղեկավարները ԱԺ մշտական հանձնաժողովում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նոյեմբերի 23-ին ընդունեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ եւորգյանին, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանին, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղա...

23.11.2009
Մամլո ասուլիս Ազգային ժողովում
Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցում էր նաեւ պատվիրակության անդամ, պատգամավոր Արտակ Զաքարյանը։  Կարեն Ավագյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին իրազեկեց, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մեկ տարվա բանակցո...

23.11.2009
ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը մասնակցեց ՉԺՀ-ում գումարված Եվրասիական տնտեսական համաժողովին
Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական հրավերով նոյեմբերի 13-19-ը գտնվում էր  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիան քաղաքում` մասնակցելու  «Ձեռք ձեռքի համագործակցություն եւ էկոնոմիկայի զարգացման խթանումը» թեմայով Եվրասիական տնտեսական համաժողով...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am