Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը նոյեմբերի 26-ին հանդիպեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ` խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, Մարսել քաղաքի առաջին փոխքաղաքապետ Ռոլան Բլյումին եւ ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության անդամ Քրիստիան Բատային:
Ողջունելով հյուրերի այցը Հայաստան` տկն. Պետրոսյանը Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները բնորոշեց բարեկամական ու ջերմ, որոնց զարգացման համար լուրջ գործոն են հանդիսացել երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային դարավոր կապերը եւ Ֆրանսիայում հայկական մեծ ու ազդեցիկ համայնքի առկայությունը: Տկն. փոխնախագահը հավելելեց, որ վաղեմի այդ բարեկամությունը բարձր հիմք է հետագա հարաբերությունները եւ հատկապես միջխորհրդարանական համագործակցությունը զարգացնելու համար:
Տկն Պետրոսյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Ֆրանսիայի հետ իր կապերի զարգացումը թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերով, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի որպես համանախագահ երկրի ջանքերը:Քրիստիան Բատայը, որը Ֆրանսիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է, նշեց, որ Հայաստան են այցելել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանձնարարությամբ` փաստահավաք առաքելություն իրականացնելու նպատակով. մի քանի ամսից պատգամավորները հարավկովկասյան տարածաշրջանի վերաբերյալ զեկույց են ներկայացնելու: Հայաստանից հետո Ֆրանսիայի Ազգային ժողովի պատվիրակները կայցելեն նաեւ Թուրքիա, Ադրբեջան եւ Վրաստան: Պրն. Բատայը եւս ընդգծեց, որ Հայաստանը ֆրանսիացիների համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում` դարերից եկող բարեկամությամբ, 400 հազարանոց հայկական համայնքով: Ֆրանսիան հետաքրքրված է ինչպես Հայաստանին առնչվող այլ խնդիրներով, այնպես էլ ԼՂ հակամարտության կարգավորմամբ: Պրն. Քրիստիան Բատայը շեշտեց, որ ընդունում եւ պաշտպանում է ազգերի ինքնորոշման սկզբունքը: Շարունակելով ԼՂ հիմնախնդրի թեման` Ռոլան Բլյումը նշեց, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների համար քննարկման ենթակա չի կարող լինել այն փաստը, որ Արցախը հայկական տարածք է, որ Ղարաբաղը կարող է երբեւէ լինել Ադրբեջանի կազմում: Այս շղթայում պրն. Բլումը նշեց նաեւ Լաչինի միջանցքը պահպանելու եւ միջանկյալ գոտում խաղաղապահ ուժեր տեղակայելու անհրաժեշտությունը: Պատգամավորը հույս հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, որում որպես համանախագահող երկիր ներդրում ունի նաեւ Ֆրանսիան, մի օր կհանգեցնեն խնդրի լուծմանը: Ռոլան Բլյումը հանդիպման ընթացքում խոսեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին` դիտարկելով դրանք Ֆրանսիայի հայկական համայնքի տեսանկյունից: Համայնքը, բանախոսի փոխանցմամբ, հետաքրքրությամբ եւ հարցականներով է հետեւում գործընթացին եւ ըմբռնումով վերաբերվում իշխանությունների` դեպի արտաքին աշխարհ այլ ելքեր փնտրելու մոտեցմանը: Նրա գնահատմամբ` հարաբերությունների կարգավորումը ողջամիտ քայլ է` պայմանով, որ թուրք դիվանագետները պետք է միջազգային կազմակերպություններում եւ ներքին օգտագործման` հասարակական կարծիք ձեւավորելու համար միասնական մոտեցում դրսեւորեն: Ֆրանսիացի պատգամավորն իր խոսքում անընդունելի համարեց ԼՂ հարցը սահմանների բացման համար որպես նախապայման առաջ քաշելու` թուրքական մոտեցումը: ԱԺ փոխնախագահն անկեղծ գնահատականների եւ դիրքորոշումների համար շնորհակալություն հայտնեց` համարելով, որ դրանք ուղղված են պատմական արդարությունը վերականգնելուն, մարդու իրավունքների պաշտպանությանը ու ժողովրդավարության ամրապնդմանը: Տկն. Պետրոսյանը նշեց, որ հայ ժողովուրդը չի կարող մոռացության մատնել ցեղասպանությունը, այն անժխտելի իրողություն է: Հայաստանը անցյալի հիշողությունները չմոռանալով` պետք է առաջ շարժվի: Տկն. Պետրոսյանն ուշագրավ համարեց, որը Ֆրանսիան աշխարհում առաջին երկիրն է, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է օրենքի տեսքով: Ֆրանսիացի պատգամավոր պրն. Բլյումը, ով նաեւ ԵԱՀԿ ԽՎ-ում ֆրանսիական պատվիրակության ղեկավարի տեղակալն ու տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահն է, կարեւորեց երկու երկների համագործակցությունը միջազգային տարբեր կառույցներում: Նա նշեց, որ տեսնում եւ գնահատում են Հայաստանի ջանքերը` ուղղված կառավարման բարեփոխումներին, ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրա՟վունքների պաշտպանությանը: ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը բարձր գնահատեց Հա՟յաստանի եւ Ֆրանսիայի համագործակցությունը միջազգային կազմակերպու՟թյուն՟ներում` շնորհակալություն հայտնելով խորհրդարանական ձեւաչափի կառույցներում ֆրան՟սիական պատվիրակության ցուցաբերած աջակցության համար: Ընդգծելով, որ եվրաինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակա ուղղություններից մեկն է` տկն. Պետրոսյանը նկատեց, որ այն մեր երկրի համար արհեստական եւ պարտադրված ուղղություն չէ. եվրոպական արժեհամակարգն օտար չէ հայ ժողովորդին, դեռ ավելին` Հայաստանը կանգնած է այդ համակարգի հիմքերում: ԱԺ փոխնախագահը ԵՄ աջակցությունը կարեւոր համարեց նաեւ տարածա՟շրջա՟նում կայունություն եւ խաղաղություն ապահովելու գործում:
Հայաստան-Ֆրանսիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Արա Բաբլոյանը հանդիպման վերջում բարձրաստիճան հյուրերին փոխանցեց հայ ժողովրդի համակրանքն ու սերը ֆրանսիացիների նկատմամբ: