Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը` Գագիկ Մինասյանի նախագահությամբ, որտեղ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի, Մկրտիչ Մինասյանի, Արեգ Ղուկասյանի, Գագիկ Մելիքյանի, Արա Բաբլոյանի, Սուքիաս Ավետիսյանի, Ռաֆիկ Գրիգորյանի, Միշա Ստեփանյանի, Վարդան Բոստանջյանի, Մարտին Սարգսյանի հեղինակած «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծի հիմնական զեկուցող Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը եւ պատգամավոր Գագիկ Մելիքյանը ներկայացրել են մեկական առաջարկ, եւ քննարկումների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել համատեղել առաջարկները եւ օրինագիծը ԱԺ լիագումար նիստում քննարկման ներկայացնել լրամշակված տարբերակով:
Օրենքում նախատեսվող փոփոխությունների նպատակը խոշոր կազմակերպությունների հարկային պարտավորությունների թափանցիկության ապահովումն է: Օրինագիծն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը. այն կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում: