Հունվարի 27-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Դավիթ Հարությունյանը, Նաիրա Զոհրաբյանը, ինչպես նաեւ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը հանդիպեցին ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մեվլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպումը նախաձեռնել էր հայկական պատվիրակությունը:
Հանդիպման սկզբում շնորհավորելով պրն. Չավուշօղլուին ԵԽԽՎ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հայկական պատվիրակության ներկայացուցիչները խնդրեցին պարզաբանումներ ներկայացնել նախօրեին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տրված պրն. Չավուշօղլուի հարցազրույցի կապակցությամբ:
ԵԽԽՎ նախագահը հայկական պատվիրակության անդամներին պարզաբանել է, որ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը մեկնաբանել է իր խոսքերը, ինչի արդյունքում խեղաթյուրվել է իր ասածի իմաստը: Ըստ պարոն Չավուշօղլուի, ինքը չի օգտագործել հարցազրույցում օգտագործված բառակապակցությունները, այլ խոսել է տարածաշրջանում առկա խնդիրների մասին, այդ թվում Ռուսաստան - Վրաստան, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան -Թուրքիա հարաբերությունների մասին, որոնք պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով, որ ԼՂ հարցի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում է եւ որ ինքը համարում է, որ ԵԽԽՎ-ն կարող է աջակից դերակատարում ունենալ բոլոր հակամարտությունների լուծման ուղղությամբ, հատկապես այն հարցերում որոնք առնչվում են մարդասիրական խնդիրներին: