National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
01.02.2010
ՀՀ Ազգային ժողովն սկսեց չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի աշխատանքը
1 / 6

Փետրվարի 1-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո տեղի ունեցավ Ազգային ժողովի չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի բացումը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ այսուհետ Ազգային ժողովի` բաց դռների քաղաքականության շրջանակներում  քառօրյա  բոլոր նիստերից  առաջ  տարբեր մարզերի դպրոցների աշակերտների մասնակցությամբ տեղի է ունենալու բաց դաս,  աշակերտները ներկա են գտնվելու ԱԺ քառօրյա նիստերին  եւ ապա ողջունեց ԱԺ նիստերի դահլիճում   առաջին բաց դասին մասնակցող  Երեւանի բոլոր վարչական շրջանների դպրոցներից ժամանած աշակերտներին:

Այնուհետեւ ԱԺ պատգամավորները քննարկեցին եւ քվեարկությամբ հաստատեցին յոթերորդ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը եւ վերահաստատեցին  ԱԺ 6-րդ նստաշրջանում գործող ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը:

Ազգային ժողովը քննարկեց 2009 թվականի սեպտեմբերի 15-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիրը (Հայաստան ԲՖԳ Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր), որը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

Բանախոսի տեղեկացմամբ` ծրագրի ընդհանուր արժեքը 2009-2017 թթ.-ի համար կազմելու է ավելի քան 1, 453 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Առավելագույն ֆինանսավորման չափը 500 մլն դոլար է, որը կարող է տրամադրվել առանձին տրանշերով` ԱԶԲ սովորական կապիտալ միջոցներից եւ հատուկ հիմնադրամի միջոցներից` համապատասխանաբար  60 եւ 440 միլիոն: Ակնկալվում է, որ ֆինանսավորման վերջին տրանշը պետք  է ուժի մեջ մտնի ոչ ուշ, քան 2017 թ. դեկտեմբերի 31-ը: Ներառված ծրագրերն են` Հայաստանի պետական սահմանների ներսում ճանապարհների շինարարության, բարենորոգման եւ վերականգնման իրականացումը, Հայաստանի սահմանների եւ մաքսային ենթակառույցների արդիականացումը եւ վերականգնումը, ինստիտուցիոնալ աջակցությունը ճանապարհային ենթաոլորտի զարգացման ծրագրի իրականացմանն ուղղված քաղաքականությանը, սահմանային եւ մաքսազերծման արդյունավետ գործընթացներին:

Համաձայնագրի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովների տեսակետները դրական էին:

ԱԺ պատգամավորներն իրենց ելույթներում քաղաքական ու տնտեսական առումներով բարձր գնահատեցին Հյուսիս – Հարավ ճանապարհի կառուցումը, սակայն որոշ պատգամավորներ  մտահոգություն հայտնեցին վարկային միջոցների նպատակային ու արդյունավետ ծախսման համար եւ առաջարկեցին վերահսկողական մեխանիզմներ կիրառել:

Ներկայացնելով «Ժառանգություն» խմբակցության տեսակետը` Արմեն Մարտիրոսյանը կարեւորեց քննարկվող համաձայնագրի նշանակությունը, սակայն նրա արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ համարեց ընդդիմության ներգրավվածությունը ծրագրի վերահսկողական աշխատանքներում:

«Օրինաց երկիր» խմբակցությունը, ըստ Հեղինե Բիշարյանի, կողմ է քվեարկելու այս համաձայնագրին, քանի որ այն  քաղաքական, տնտեսական ու տարածաշրջանային դրական զարգացումների մեծ հնարավորություններ է ընձեռում, իսկ Ազգային ժողովի, նաեւ ընդդիմության ներգրավումը վերահսկողական աշխատանքներին միայն դրական արդյունք կարող է տալ:

ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագրի եւ քննարկվող համաձայնագրի օգուտները, մեր երկրի տարածաշրջանային գործոն դառնալու հեռանկարները եւ կարեւորեց Ազգային ժողովի ակտիվ մասնակցությունը ծրագրի հաջող իրականացման գործում:

Եզրափակիչ ելույթում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, անդրադառնալով ԱԺ պատգամավորների մտահոգություններին ու դրանցից բխող առաջարկներին, հավաստիացրեց, որ կառավարությունը հանգամանալից քննարկել է վարկային գումարների նպատակային ծախսման հարցերը, աշխատանքների որակական կողմի ապահովման, մրցույթի կազմակերպման բոլոր բաղադրիչները, բայց քանի որ այս մեծ ծրագիրն ունի համազգային նշանակություն, միանգամայն ընդունելի է համարում Ազգային ժողովի ակտիվ մասնակցությունը ծրագրի իրականացման եւ  նրա վերահսկման աշխատանքներում:

 ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը,  ներկայացնելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին»  ՀՀ  օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, տեղեկացրեց, որ առկա են մեծ թվով ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր ցանկանում են ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն, սակայն այդ գործընթացում առաջանում են անձի հաշվառված չլինելու հետ կապված խնդիրներ: Դրանք հիմնականում առաջանում են ՀՀ քաղաքացիություն ձեռքբերել ցանկացող ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիների մոտ, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չունեն մշտական բնակության վայր եւ առավելապես բնակվում են այլ երկրում:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է այդ անձանց բնակչության պետական ռեգիստրում հաշվառել օտարերկրյա պետությունում իրենց մշտական բնակության վայրի հասցեով` դրանով իսկ փորձելով վերջիններիս զերծ պահել առկա հարցի շուրջ հնարավոր խնդիրներից:

Ազգային ժողովը քննարկեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ներկայացրեց 2009 թվականի հոկտեմբերի 12-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ վարկային համաձայնագիր (Հատուկ գործողություններ (Հյուսիս - Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր):

Համաձայնագրի համաձայն` վարկառուն պարտավորվում է Ասիական զարգացման բանկին վճարել տարեկան մեկ տոկոս տոկոսադրույքով վարկային վճար վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածում` վարկային հաշվից մասնահանված եւ վճարման ենթակա վարկաբաժնի դիմաց, իսկ այնուհետեւ վճարել տարեկան մեկուկես տոկոս: Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է ժամանակացույցում նշված չափաբաժիններով վճարել մայր գումարը մինչեւ 2041 թվականը: Հայաստանը պարտավորվում է նաեւ իր սեփական միջոցների հաշվին կատարել ոչ կամավոր վերաբնակեցման ընթացքում առաջացած այն ծախսերի ֆինանսավորումը, որոնք կգերազանցեն բյուջետային նախահաշվարկը եւ վերակառուցվելիք ճանապարհների պահպանության համար պետական բյուջեում նախատեսել անհրաժեշտ փաստացի տարեկան ծախսեր:

Հարցի քննարկումը Ազգային ժողովը կշարունակի փետրվարի 2-ի նիստում:
 


19.06.2024
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Պեկինում
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինցզյանի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am