National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
05.02.2010
Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր
1 / 2

Փետրվարի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը  եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /USAID/ հայաստանյան առաքելության տնօրեն  Ջաթինդեր Չիման ստորագրեցին փոխըմբռնան հուշագիր: Ստորագրման արարողությանը ներկա էին  ԱԺ աշխատակազմի ղեկավարը, պատգամավորներ, ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը, հյուրեր:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը փաստաթղթի ստորագրման կապակցությամբ  ասաց. 

«Հարգելի տիկին դեսպան,

Հարգելի գործընկերներ, 
 
Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Ուրախ եմ հատկապես մեր ամերիկացի գործընկերներին ասել. «Բարի գալուստ Հայաստանի խորհրդարան»:

Այս հանդիպումը նշանավորում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունների նոր համագործակցության սկիզբը: Փոխըմբռնման այս հուշագրի ստորագրությամբ այդ համագործակցությանը տրվում է նոր մեկնարկ, սկզբնավորվում են նոր ծրագրեր: Մեր համագործակցության նպատակն է ամրապնդել Հայաստանի անկախությունը, հզորացնել մեր երկրի օրենսդիր իշխանության կարողությունները:

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության ամենակարեւոր գործընկերներից մեկն է: Մեր երկրի անկախության առաջին իսկ օրերից զգացել ենք Միացյալ Նահանգների ուշադրությունը եւ հոգատարությունը մեր երկրի նկատմամբ: Մենք երախտապարտ ենք ամերիկյան ժողովրդին տարիներ շարունակ ցուցաբերվող այդ օգնության համար:

Նրանք, ովքեր խորությամբ ծանոթ չեն պատմությանը երբեմն զարմանք են արտահայտում հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակի կապակցությամբ: Սակայն դրանում որեւէ զարմանալու բան չկա: Մեր երկու երկրները կապում է մի հզոր կամուրջ` ամերիկահայ համայնքը, որը մեր ընդհանուր հպարտության առարկան է: Ամերիկահայերի բարի համբավը, նրանց մի շարք սերունդների ազնիվ աշխատանքն իրենց նոր հայրենիքում, նրանց համախմբվածությունը այն կապիտալն է, որը հարստացնում է մեր երկու բարեկամ ժողովուրդներին:

Այնուամենայնիվ, շատ պարզունակ կլիներ բացատրել մեր երկրների հարաբերությունները միայն ամերիկահայ համայնքի գոյությամբ: Ոչ պակաս կարեւոր է այն, որ մեր հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների եւ շահերի հիման վրա: Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ հարգանքը մեր անկախության եւ ինքնիշխանության նկատմամբ: Այդ հարգանքը փոխադարձ է, եւ մեր համագործակցությունը խարսխված է մեր երկու պետությունների իրավահավասարության վրա: Դրա շնորհիվ է, որ մեր երկու երկրները համադրել են իրենց ջանքերը մեր տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատելու համար: Ջանքեր, որոնք համադրվում են ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ ավելի հեռավոր Կոսովոյում, իսկ շուտով նաեւ` Աֆղանստանում: 
  
Հարգելի տիկնայք եւ պարոնայք, 
  
Շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջեւ կնքվող Փոխըմբռնման հուշագրի ստորագրությամբ կարող ենք ազդարարել մեր նոր համագործակցության սկիզբը: Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ինչպես ամերիկյան, այդպես էլ հայկական կողմից ներգրավված բոլոր այն մասնագետներին, ում աշխատանքի շնորհիվ տեղի է ունենում այս հանդիսավար արարողությունը:

Վստահ եմ, որ մեր այս նոր համագործակցությունը կլինի արդյունավետ, իսկ դրա արգասիքը շատ կարճ ժամանակահատվածում կլինի տեսանելի եւ շոշափելի բոլորիս համար»: 
 
Տկն. Ջաթինդեր Չիմանը  եւս  հուշագրի ստորագրումը համարեց նշանակալի իրադարձություն` համարելով այն ջանքերը համատեղելու եւ կառավարման կարեւոր օղակներից մեկը` օրենսդիր մարմինն ավելի  հզորացնելու լավ հնարավորություն: Բանախոսը համոզմունք հայտնեց, որ արդյունավետ եւ թափանցիկ գործող խորհրդարանում ծնվում են բարձրորակ օրենքներ` դրանով իսկ պաշտպանելով քաղաքացիների շահերը: Գործակալության ներկայացուցիչը նկատելի եւ տպավորիչ համարեց վերջին տարիներին խորհրդարանի կատարած`  թափանցիկությունն ու մատչելիությունն ավելացնելուն ուղղված քայլերը:  Որպես ձեռքբերումներ նա առանձնացրեց  խորհրդարանի ինտերնետային  կայքը, որը շատ այցելուներ ունի, ինչպես նաեւ հաճախակի հանրային լսումներ կազմակերպելու եւ քաղաքացիական հասարակությանը քննարկումներին ներգրավելու ավանդույթը:

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Մարի Լ. Յովանովիչը  գոհունակություն հայտնեց ծրագրին ամերիկյան կողմի մասնակցության առիթով` նշելով, որ ցանկացած հզոր եւ անկախ երկրի համար խորհրդարանը հիմնասյուն է հանդիսանում: Դեսպանը խորհրդարանի եւ ամերիկյան գործակալության միջեւ ակնկալում   է  արդյունավետ  համագործակցություն եւ դրական արդյունքներ:

Ստորագրված հուշագիրը հաստատում է երկու կողմերի համագործակցության պատրաստակամությունը եւ նպատակ ունի բարձրացնել օրենսդիր իշխանության դերը եւ զարգացնել խորհրդարանի կարողությունները: Փաստաթղթով նախատեսվում է իրականացնել օրենսդրական բարեփոխումներ, զարգացնել Ազգային ժողովի տեղեկատվական, փորձագիտական, վերլուծական եւ հետազոտական հնարավորությունները, կատարելագործել խորհրդարանի վերահսկողական գործառույթը,  պատգամավորներին եւ աշխատակազմին միջազգային փորձն ուսումնասիրելու հնարավորություն ընձեռել:

Հուշագրով սահմանված նպատակները եւ միջոցառումները իրագործելու համար նախատեսվում է ձեւավորել աշխատանքային խումբ:
 


17.07.2024
Հակոբ Արշակյանի ելույթը ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական ֆորումի խորհրդարանական ֆորումում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: Աժ նախագահի տեղակալը ելույթ է ունեցել ֆորումի շրջանակաում: «Տիկի՛ն նախագահ, Գործընկեր պատգամավորնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այս հարգարժան լս...

17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am