Փետրվարի 12-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց Նորվեգիայի երիտասարդական ֆեդերալիստներ Ստեյն Ռամաստադին, Իոգրիդ Օյվանին, Թրիովե Լեհնեին, Մորթեն Կլեվելանդին, Բարդ Սքար Վիքենին եւ Ջուսի Ֆլեմինգ Բորոնին:
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց Հայաստանի խորհրդարանի կառուցվածքը, ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքը: Հյուրերին հետաքրքրում էր, թե Հայաստանի օրենսդիր մարմնում որքանո՞վ են պաշտպանված խորհրդարանական ընդդիմության իրավունքները: Տիկին Զոհրաբյանը ներկայացրեց ընդդիմության լիազորություններին եւ իրավասություններին առնչվող օրենքը` նշելով, որ Ազգային ժողովի երկու առանցքային հանձնաժողովներ գլխավորում են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները: Նա տեղեկացրեց, որ վերոնշյալ օրենքի հիմքում դրված է Դոնթի հայտնի սկզբունքը, որով առաջնորդվում են ԵԽ եւ ԵՄ անդամ բազմաթիվ երկրների խորհրդարաններ:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` տիկին Զոհրաբյանը նշեց, որ ճիշտ կլիներ, որպեսզի Նորվեգիան հավասարակշիռ մոտեցում եւ վերաբերմունք ունենար տարածաշրջանի բոլոր երկրների նկատմամբ: Ըստ տիկին Զոհրաբյանի` Նորվեգիայի շահերը մեր տարածաշրջանում հիմնականում պայմանավորված են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շահագործմամբ, քանզի նորվեգական Stat Oil պետական ընկերության կողմից Ադրբեջանում մեծաքանակ ներդրումներ են արվել նավթամուղի կառուցման եւ շահագործման ոլորտներում:
Հանդիպմանը անդրադարձ եղավ նաեւ քաղաքական գործընթացներում կանանց ներկայացվածության խնդրին: Այս հարցում տիկին Զոհրաբյանը կարեւորեց Նորվեգիայի փորձը` նշելով, որ կանանց ներկայացվածությունը Նորվեգիայի խորհրդարանում եւ կառավարությունում 40-ից ավել տոկոս է կազմում: Հանձնաժողովի նախագահը խոսեց գենդերային հավասարության այն օրենքների շուրջ, որոնք խորհրդարանի օրակարգում են եւ անպայմանորեն կյանքի են կոչվելու:
Նորվեգացի երիտասարդներին հետաքրքրում էր, թե որքանո՞վ է Հայաստանը ներգրավված եվրաինտեգրման գործընթացներում: Այս համատեքստում Նաիրա Զոհրաբյանը կարեւորեց Հայաստանի հարաբերությունները Եվրոպայի խորհրդի եւ Եվրամիության հետ` կարեւորելով ԵՄ հարեւանության քաղաքականության ծրագիրը եւ Արեւելյան գործընկերության ծրագիրը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ԼՂ հիմնահարցին եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: