National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
12.02.2010
Պարտադիր ապահովագրություն ավտոտրանսպորտային միջոցներն օգտագործողների համար
1 / 3


Փետրվարի 12-ին Ազգային ժողովի երկու` ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի  մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ հրավիրվել էին խորհրդարանական լսումներ` նվիրված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության  պարտադիր ապահովագրության մասին» օրենքի նախագծին: Այն արդեն ստացել է գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը` ընդգրկվելով գարնանային նստաշրջանի օրակարգում, եւ քառօրյա նիստերի ընթացքում դրան անդրադառնալուց առաջ ընդլայնված ձեւաչափով քննարկումները նպատակ ունեն նախագիծն առավել անխոցելի դարձնել: Ինչպես նկատեց լսումները վարող` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, այս օրենքը վերաբերվելու է հասարակության յուրաքանչյուր անդամին, հետեւաբար կարեւոր է  լսումների արդյունքնում ձեւավորված առաջարկությունների եւ դիտողությունների  միջոցով այն  առավել անթերի դարձնել: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ հանրապետությունում գրանցված է 400 հազար տրանսպորտային միջոց եւ, ավտոմեքենաների աճին զուգահեռ, ավելանում է նաեւ պատահարների թիվը` վտանգելով  քաղաքացու կյանքն ու առողջությունը, վնասելով նրա գույքը: Գագիկ Մինասյանը վստահ է փաթեթի սոցիալական նշանակության մեջ եւ  համոզված, որ առաջիկայում այս նորույթի դրական ազդեցությունը նկատելի կլինի  մեր հասարակության համար:

Զեկուցողը` Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց, որ փաթեթով ամրագրել են  ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության պարտադիր պահանջ,  երաշխավորել  տուժողին ճանապարհատրանսպորտային  պատահարի հետեւանքով պատճառված անձնական եւ գույքային  վնասների  փոխհատուցումը` առնվազն ապահովագրական գումարի սահմաններում, օրենքով կարգավորել վնաս պատճառողների վճարունակության խնդիրը: ԿԲ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ իրենց ընտրած` ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետեւանքով   երրորդ անձանց պատճառած վնասի  համար պատասխանատվության ապահովագրությունը  պարտադիր ապահովագրության առավել տարածված եւ եվրոպական երկրներում կիրառվող  տեսակն է: Զեկուցողի հիմնավորմամբ` ապահովագրության այս տեսակի պարտադիր բնույթը բխում է հասարակական շահից եւ ունի սոցիալական նպատակ: Վաչե Գարբրիելյանը նաեւ տեսակետ հայտնեց, որ ապահովագրության նոր տեսակի ներդրմամբ կխթանեն ապահովագրական ընկերությունների զարգացմանը, բնակչության գիտակցության բարձրացմանը` ապահովագրման ուղղությամբ,  կստեղծեն առողջ մրցակցային պայմաններ ապահովագրական ընկերությունների համար: Նա նաեւ նկատեց, որ նոր համակարգի ներդրումը տնտեսության մեջ կբարձրացնի ֆինանսական միջնորդությունների մակարդակը: ԿԲ նախագահի տեղակալը հրավիրվածներին հավաստիացրեց, որ ապահովագրությունը եւ փոխհատուցումն ապահովվելու են հստակ մեխանիզմներով` ենթակառուցվածքների օժանդակությամբ: Նախագծով նախատեսվում է  ստեղծել ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնողների  բյուրո, որի գործունեության նպատակը պետք է լինի տուժած անձանց շահերի պաշտպանությունը, ինչպես նաեւ համակարգի կայունությոնն ու զարգացումն ապահովելը: Բյուրոն, ըստ նախագծի, կունենա իրավաբանական անձի կարգավիճակ եւ կարող է գործունեություն ծավալել միայն Կենտրոնական բանկում գրանցվելուց հետո: Բյուրոյի գործունեությունը եւս կկարգավորվի ԿԲ նորմատիվներով: Նախատեսվում է նաեւ ստեղծել երաշխավորման ֆոնդ, որի միջոցներով պետք  է  բյուրոն կատարի ապահովագրական հատկացումներ:  Ապահովագրավճարի չափը, ըստ ՀՀ Սահմանադրության, ենթակա չէ օրենքով ամրագրման, եւ այն կսահմանվի այլ իրավական ակտերով: Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ հավանական է վճարները լինեն տարեկան 30-38 հազար դրամի միջակայքում: Սա որպես մի տարբերակ: Ապահովագրական գումարի չափով պայմանավորված` այն կարող է փոխվել: Նախագծում մեկ պատահարի համար ամրագրվել է նվազագույնը  4 մլն. դրամ ապահովագրական գումար` անձնական վնասի դեպքում, եւ  2 մլն. դրամ` գույքային վնասի դեպքում:  Այս թվերը, սակայն, կարող են դեռ վերանայվել: Ապահովագրավճարի չափը պայմանավորված կլինի նաեւ ռիսկայնության գործակցով եւ «բոնուս-մալուս» գործակցով: «Բոնուս-մալուս» համակարգը ապահովադիրների վարորդական պատմության վրա հիմնված վճարների տարբերակման համակարգ է: Բանախոսը տեղեկացրեց, որ օրենքը կգործի 2011թ.-ի հունվարի մեկից:

Խորհրդարանի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը  օրինագիծը դիտարկեց առողջության պահպանության տեսանկյունից` նկատելով, որ յուրաքանչյուր մարդ ունի դրա իրավունքը: Իսկ քննարկվող նախաձեռնությունը, նրա կարծիքով,   ավտոպատահարների դեպքերում տալիս է նման հնարավորություն, երաշխիքներ` տուժողներին: Իսկ դա, պրն. Բաբլոյանի գնահատմամբ, կարեւոր է հատկապես սոցիալապես անապահով խավի համար: Բանախոսը ուշագրավ համարեց, որ անձին վնաս պատճառելու դեպքում տուժողին կարող է բուժօգնություն ցուցաբերվել նաեւ հանրապետության սահմաններից դուրս:

Լսումների ընթացքում թե հարցադրումներով եւ թե ելույթներով պատգամավորները, ինչպես նաեւ սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող եւ ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները պաշտպանեցին պարտադիր ապահովագրություն ներդնելու գաղափարը: Տարբեր էին մոտեցումները ընթացակարգերի վերաբերյալ:

Գագիկ Մինասյանն առաջարկեց սկսել ապահովագրական գումարի նվազագույն շեմից, ապահովագրական ընկերությունների շահույթն էլ ամրագրել 12 տոկոս: Արծվիկ Մինասյանի համոզմամբ` գործընթացում պետք է նվազագույնի հասցնել ԿԲ-ի մասնակցությունը: Նա առաջարկեց համակարգը ներդնել աստիճանաբար, հիմնավորելով, որ ցածր եկամուտ ունեցողների համար վաղ է նման բեռ նախատեսել:  Վարդան Բոստանջյանը մտավախություն հայտնեց ապահովագրության ոլորտում մենաշնորհ ստեղծելու հեռանկարի վերաբերյալ: Արծրունի Աղաջանյանը եւս առաջարկեց պարտադիր ապահովագրման համակարգը ներդնել քայլ առ քայլ:

Այսօր գործող` կամավոր ապահովագրության սկզբունքներով , 2009 թ.ին կնքվել է  8941 պայմանագիր եւ գրանցվել ապահովագրական 200 դեպք: Նշենք, որ հանրապետությունում այսօր գրանցված են ապահովագրական 13 ընկերություններ:

Ամփոփելով լսումները` Գագիկ Մինասյանը մեկ անգամ եւս նկատեց, որ օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է տուժողների շահերի պաշտպանությունը եւ որ այն լավագույնս իրականացնելու համար սպասում են առաջարկների:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am