National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
16.02.2010
Պատգամավորները կրկին քննարկեցին «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը
1 / 2

 Փետրվարի 16-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ պատգամավորները վերստին քննարկեցին ՀՀ  կառավարության հեղինակած եւ խորհրդարանական քննարկումների արդյունքում լրամշակված «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել էր ԱԺ նախորդ քառօրյա նիստերում եւ արժանացել պատգամավորների բուռն քննադատությանը, ինչն էլ հիմք էր հանդիսացել, որպեսզի քննարկված օրինագծերի քվեարկությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով 15 օրով հետաձգվի եւ կազմակերպվեն լրացուցիչ  քննարկումներ:

 Հիշեցնենք, որ «Հարկերի մասին» ՀՀ  օրենքում նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է սահմանել 10  տեղական հարկատեսակներ, որոնցից պարտադիր կիրառման ենթակա կլինեն գույքահարկը եւ հողի հարկը: Մնացած 8 տեղական հարկերի` հյուրանոցային հարկ, վաճառքի հարկ, անավարտ շինարարության /կամ ոչ պատշաճ պահպանված անշարժ գույքի/ հարկ, գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ոչ նպատակային օգտագործման հարկ, համայնքի սեփականություն համարվող օբյեկտների վրա գովազդ տեղադրելու հարկ, տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկ, հանրային տարածքների զբաղեցման հարկ, կիրառումը եւ դրույքաչափերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ կսահմանի համայնքի ավագանին:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ԱԺ   խմբակցությունների ներկայացուցիչներ:

 Օրինագծերի վերաբերյալ ելույթ ունեցավ եւ պատգամավորներին մտահոգող հարցերին պատասխանեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Անդրադառնալով օրինագծերի առնչությամբ ծավալված բուռն քննարկումներին, պարոն Գեւորգյանը նկատեց, որ օրինագծերի փաթեթը  նախապես բաց եւ հիմնովին քննարկվել էր ԱԺ խորհրդարանական լսումներում, արժանացել համայնքների ղեկավարների եւ ավագանիների անդամների հավանությանը:

 Պարոն Գեւորգյանի կարծիքով, փոփոխությունների  ընդունմամբ կլուծվեն մի քանի խնդիրներ. մասնավորապես, կլուծվի տեղական հարկային վարչարարության խնդիրը, որն այսօր բացակայում է, առավել կզարգանա հարկահավաքությունը, որը վերջին երկու տարիներին բավական արդյունավետ իրականացվում է: Այս հարցի հետ կապված պարոն Գեւորգյանը տեղեկացրեց, որ նախորդ  տարում համայնքների սեփական միջոցները կազմել են 12 մլրդ դրամ, որից 6 մլրդ 600 մլն դրամն օգտագործվել է համայնքներում կապիտալ շինարարության նպատակով` մանկապարտեզների, դպրոցների հիմնանորոգում, ճանապարհների շինարարություն եւ այլն:

Անդրադառնալով պատգամավորների մտահոգություններին, թե օրինագծով նախատեսվում է սահմանել նոր հարկատեսակներ եւ ավելացնել հարկային բեռը, պարոն Գեւորգյանը ասաց, որ օրինագծով  չի ավելացվում հարկային բեռը, քանի դեռ առանձին հարկատեսակների կապակցությամբ նոր օրենքներ չեն ընդունվել:Պարոն Գեւորգյանը նշեց, որ ինքն էլ որոշ մտահոգություններ ունի` կապված որոշ, օրինակ` գովազդ տեղադրելու հարկի հետ կապված:

Քննարկմանը մասնակցող պատգամավորները ներկայացրին իրենց, ինչպես նաեւ` խմբակցությունների առաջարկները: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջարկեց օրինագծում թողնել պարտադիր համարվող գույքահարկը եւ հողի հարկը, ինչպես նաեւ` հյուրանոցային հարկը եւ տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկը, մնացած հարկատեսակները հանել: Ի պատասխան պարոն Գեւորգյանը նշեց, որ բոլոր առաջարկները կքննարկվեն:

 Քննարկվեցին նաեւ համայնքներին վերաբերող հարակից հարցեր. պատգամավոր Վարդան Այվազյանը կարծում էր, որ անհրաժեշտ է խոշորացնել համայնքները, ինչին համակարծիք էր ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը,  նկատելով, որ   համայնքների զարգացումը պայմանավորում է համայնքների խոշորացմամբ,  ինչին սակայն  հասարակությունը դեռ պատրաստ չէ եւ ցավագին է ընդունում այդ գաղափարը:

  Ամփոփելով քննարկումը` ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանի համայնքների միությունը, որով իր աջակցությունն է հայտնում «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության նախաձեռնությանը:

 Շնորհակալություն հայտնելով արդյունավետ քննարկման համար, պարոն Մարգարյանը նշեց, որ ստացված  առաջարկները կքննարկվեն մինչ առաջիկա քառօրյա նիստերի մեկնարկը եւ կտրվեն   համապատասխան լուծումներ:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am