National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
23.02.2010
Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 7

Փետրվարի 23-ին Ազգային ժողովը շարունակեց  քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանի նիստին ներկա էին Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքի դպրոցների մի խումբ բարձր դասարանցիներ:

Պատգամավորները  շարունակեցին կառավարության հեղինակած «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի առաջին ընթեցմամբ քննարկումը:

Օրինագծի վերաբերյալ ելույթ ունեցան պատգամավորներ Արա Նռանյանը, Լիլիթ Գալստյանը, Հակոբ Հակոբյանը, Անահիտ Բախշյանը, Ստեփան Սաֆարյանը, Վիկտոր Դալլաքյանը, Արմեն Մարտիրոսյանը, Արծվիկ Մինասյանը, ովքեր իրենց ելույթներում կարծիք հայտնեցին, թե քննարկվող օրինագծում բավարար չեն կառավարության ներկայացրած ֆինանսատնտեսական, քաղաքական, սոցիալական, մշակութային հիմնավորումները` կապված խաղատների տեղափոխման հետ Սեւանի, Ծաղկաձորի եւ Ջերմուկի համայնքային սահմաններ:

Քննարկումից հետո օրինագիծն ընդունվեց 65 կողմ , 30 դեմ, 3 ձեռնպահ ձայներով: Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց  նաեւ նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը եւ համաձայնագրերը,

Այնուհետեւ ԱԺ Կանոնակարգի 26-րդ  հոդվածի համաձայն  անցկացվեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրություն: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը, «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն առաջադրեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի թեկնածությունը: Շնորհակալություն հայտնելով կուսակցությանը եւ գործընկերներին ցուցաբերած վստահության համար, Արամ Սաֆարյանը նշեց, որ ընտրվելու դեպքում իր գործունեությունը կծավալի` հիմնած հարգանքի, համագործակցության եւ հանդուրժողության սկզբունքների վրա:

ՀՀԿ խմբակցության անունից Արամ Սաֆարյանի մարդկային եւ մասնագիտական դրական հատկանիշները ներկայացրեց Արտակ Դավթյանը` նրան  ներկայացնելով որպես հայրենասեր հայ մտավորական, հրաշալի անձնավորություն եւ մասնագետ, հիանալի դիվանագետ: Ըստ ՀՀԿ անդամի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության արժանի թեկնածուներից ընտրվել է լավագույնը: Գործընկերոջ հիանալի մարդկային եւ մասնագիտական արժանիքներն իր ելույթում ներկայացրեց նաեւ պատգամավոր Խաչիկ Հարությունյանը:

 Նիստին համընթաց տեղի ունեցավ փակ, գաղտնի քվեարկություն: ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 84 պատգամավոր եւ առաջադրված միակ թեկնածուի` Արամ Սաֆարյանի օգտին իրենց ձայները տվել են 82 պատգամավոր: Անվավեր են ճանաչվել 2 քվեաթերթիկ:

 Արտահերթ քննարկման ընթացակարգով եւ առաջին ընթերցմամբ  խորհրդարանը քննարկեց պատգամավորներ Անահիտ Բախշյանի եւ Արմեն Մարտիրոսյանի հեղինակած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով հեղինակներն առաջարկում են ուժը կորցրած ճանաչել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 14-րդ մասը, որով ի թիվս այլ դրույթների սահմանվում է, որ «Մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման  լիցենզավորման մրցույթներ չեն հայտարարվում»: Հեղինակների համոզմամբ, օրենքում կատարված փոփոխության ենթատեքստը քաղաքական է եւ նպատակ ունի շարունակել  Ա1+ հեռուստաընկերության եթերազրկումը:

 Օրինագծի վերաբերյալ Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

ՀՀ կառավարության բացասական եզրակացությունը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, նշելով, որ ներկայացված նախագիծը հետընթաց քայլ է ՀՀ կառավարության որդեգրած նորագույն տեխնոլոգիաների նկատմամբ առաջարկվող ծառայությունների բազմազանություն եւ միջազգային չափանիշներին համապատասխան բարձր որակ ապահովող կապի եւ հեռահաղորդակցության ոլորտի արդիականացման ռազմավարությունից: Խոսելով օրինագծի վերաբերյալ, հարակից զեկուցողները հիշեցրին, որ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ, որին մասնակից եվրոպացի փորձագետները եւս ողջունել են օրենքում կատարված փոփոխությունը:

Օրինագծի վերաբերյալ արտահայտվեցին «Ժառանգություն» խմբակցության դրական  եւ ՀՀԿ խմբակցության բացասական  դիրքորոշումները: Արտահերթ ելույթում ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը որոշ պատգամավորների կոչ արեց զերծ մնալ ազատ խոսքը փոխակերպելուց եւ  վիրավորական գնահատականներ հնչեցնելուց:

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետությունը, ըստ Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 18-րդ հոդվածի, ցանկացած ժամանակ` մինչեւ իր ստորագրած պայմանագրի ուժի մեջ մտնելը/ վավերագրերի փոխանակում, վավերացման կամ հաստատման ընթացակարգերը ավարտելու մասին ծանուցում, վավերագրի ի պահ հանձնում/, իրավունք ունի չդառնալ այդ պայմանագրի մասնակից` դրա մասին հստակ կերպով հայտնելով իր մտադրությունը: Քանի որ այդ իրավունքի իրականացման ընթացակարգերը ներպետական իրավունքում նախատեսված չեն, ապա անհրաժեշտություն է առաջացել լրացնել միջազգային պայմանագրերի կնքման կարգը նախատեսող` «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքը: Անհրաժեշտ ճկունություն ապահովելու տեսանկյունից, նպատակահարմար է համարվել նախատեսել ոչ միայն կնքման ընթացակարգերի դադարեցման, այլեւ կասեցման հնարավորություն: Օրինագծով սահմանվում է, որ ՀՀ Նախագահը կարող է կասեցնել կամ դադարեցնել միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը եւ հանձնարարական տալ արտաքին գործերի նախարարությանն այդ մասին ծանուցել պայմանագրի մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին:  ՀՀ միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը կասեցնելու կամ դադարեցնելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ  ՀՀ Նախագահը, վարչապետը, արտաքին գործերի նախարարը եւ իրավասու գերատեսչությունը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը տեղեկացրեց, որ օրինագիծը քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:

Ելույթ ունեցան պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը, Տիգրան Թորոսյանը եւ Վիկտոր Դալլաքյանը, ովքեր օրենքում նախատեսվող լրացումը կապում էին հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի հետ: Ստեփան Սաֆարյանի կարծիքով, նպատակահարմար կլիներ կատարել առավել մեծածավալ փոփոխություններ եւ բարեփոխել ոլորտի օրենսդրությունը: Տիգրան Թորոսյանը որեւէ արտառոց բան չնկատելով այն բանում, թե առաջարկվող լրացումը կարող է կապված լինել հայ-թուրքական արձանագրությունների հետ, ներկայացրեց իր դիտողությունները եւ առաջարկները, նշելով, որ անհրաժեշտություն չի տեսնում, որպեսզի  հայ-թուրքական արձանագրությունների կասեցման կամ դադարեցման  հետ կապված, փոփոխություններ կատարվեն հիշյալ օրենքում: Ըստ նրա` հանրապետության Նախագահը դա կարող է անել հայտարարությամբ կամ այլ ձեւով  :

Ներկայացնելով իր դիտողությունները, Վիկտոր Դալլաքյանը նկատեց, որ օրենքում առաջարկվող լրացման հետ մեկտեղ անհրաժեշտ է համարում փոփոխություններ կատարել ԱԺ Կանոնակարգի համապատասխան հոդվածում, ուստի պատրաստել է օրինագիծ, որն առաջարկում է համատեղել կառավարության նախագծի հետ: Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ փետրվարի 24-ի նիստում:

Օրվա վերջում պատգամավորները հանդես եկան հայտարարություններով:
 


26.06.2024
Հայկական հնագույն պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը մշակութային ողբերգություն է, միջազգային օրենքի, մարդու իրավունքների կոպտագույն խախտում. Հայկ Մամիջանյան
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: «Հարգելի՛ գործընկերներ, Ես կցանկանայի լրացնել Հարավային Կովկասին վերաբերող հատվածում զեկուցողի կողմից ներկայացված փաստերը, քանի որ հայկական հարուստ ու...

26.06.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկեւիչսի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հունիսի 26-ին հանդիպել է նախագահ Էդգարս Ռինկեւիչսի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր՝ սկսած տարածաշրջանային ընթացիկ մարտահրավեր...

26.06.2024
Պատերազմների ժամանակ պատմամշակութային հուշարձանների ավերումը մեկ նպատակ ունի` ազգային, մշակութային ինքնության ոչնչացում. Սոնա Ղազարյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում: Իր զեկույցում պատգամավորն ասել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվգենյա Կրավչուկին զեկույցի համար: Այս զեկույցը քննարկվել է մեր հանձնաժողովում տարբեր ձեւաչափերով եւ...

26.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հետ
Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարի...

26.06.2024
Նախատեսվում է ձեւավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am