«Մեծարգո տիկին նախագահ
Հայաստանում մեծ ուշադրությամբ եւ հուզմունքով էինք հետեւում Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 1915թ. Թուրքիայի կողմից իրականացրած հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումներին:
Գոհունակությամբ արձանագրեցինք քվեարկության արդյունքները: 2010թ. մարտի 4-ի քվեարկությունը ոչ միայն բարոյական տուրք է հայ ժողովրդին, այլ նաեւ արդարացի պատասխանն է նախորդ դարասկզբին մարդկության առջեւ գործած ոճրագործությանը:
Մեծարգո տիկին նախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ եւ Ներկայացուցիչների պալատի բոլոր այն գործընկերներին, ովքեր նպաստեցին հանձնաժողովում այս բանաձեւի ընդունմանը:
Այն սկիզբն է մի մեծ գործընթացի. հուսով եմ` չի ուշանա այն օրը, երբ բանաձեւը կընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից: Ավելորդ չեմ համարում նաեւ նշել, որ պատմական արդարության հաստատումը չի կարող խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, այլ, մեր խորին համոզմամբ, կարեւոր քայլ կլինի հայ եւ թուրք ժողովուրդների հաշտեցման ճանապարհին:
Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք, իսկ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին` երջանկություն եւ բարօրություն»: