ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարի երկրորդ օրը` մարտի 12-ին, շարունակվեց Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումով: Նիստը վարում էր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Վերջինս նախ ներկայացրեց հակամարտությունների կարգավորման ու բանակցությունների իր փորձը` Վրաստանում եւ Աբխազիայում, Բելառուսում, Բոսնիա-Հերցոգովինայում: Այդ պատճառով էլ, ըստ համանախագահի, իրեն են վստահվել ԼՂ հարցի բանակցությունները` ամերիկացի եւ ռուս համանախագահների հետ միասին: Բեռնար Ֆասիեն սեմինարի մասնակիցներին ներկայացրեց հակամարտությունը կարգավորելու ընթացքը հրադադարից ի վեր` նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը իր միջնորդությունն սկսել է իրականացնել 1997 թ-ից: Այդ ընթացքում տարբեր ձեւաչափերով լուծումներ եւ առաջարկներ են առաջ քաշվել, որոնք, սակայն, մերժվել են: Այդ թվում եւ 2001 թ.ին` Հեյդար Ալիեւի կողմից: Համանախագահի կարծիքով` խնդիրը միանգամից լուծելի չէր, եւ այդ պատճառով 2005 թ-ի սկզբին համանախագահները ակտիվացրին միջնորդությունը երկու կողմերի միջեւ` ներգրավելով գործընթացում երկու երկրների նախագահներին: Միայն անցած տարվա ընթացքում նախագահների միջեւ հաջողվել է 6 հանդիպում կազմակերպել, նշեց ֆրանսիացի համանախագահը: ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները ամրագրվել են Մադրիդում` 2007 թ.-ին, իսկ վերջերս մադրիդյան սկզբունքները լրացվել են նորերով: Կողմնորոշիչ են նաեւ Հելսինկյան եզրափակիչ ակտի` ժողովուրդների ինքնավարության եւ սահմանների անձեռնմխելիության, ինչպես նաեւ ուժի չկիրառման սկզբունքները: Բեռնար Ֆասիեն այն կարծիքին է, որ ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների համադրմամբ է միայն հնարավոր հասնել խնդրի կարգավորմանը: Իսկ խնրի խաղաղ կարգավորումն իր հաստատումն է ստացել նաեւ 2008 թ-ին` մոսկովյան հռչակագրում: Մեջբերելով նաեւ աշխատանքային դարձած` Ակվիլայի համաձայնագրի դրույթները` ֆրանսիացի համանախագահը հրապարկեց ԼՂ հակամարտության կարգավորման առկա մոտեցումները: Այն է` գտնել միջանկյալ կարգավիճակ, երբ հնարավոր կլինի Ղարաբաղում ապահովել անվտանգություն, անցկացնել հանրաքվե` մինչեւ պատերազմը Ղարաբաղում ապրող բնակչության շրջանակներում, ունենալ միջանցք Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ, ապահովել փախստականների վերադարձը եւ միջազգային խաղաղապահ ուժերի ներկայությունը տարածքում:
Պատասխանելով պատգամավորների հարցերին` համանախագահը նշեց. թեեւ իրենք կողմ են ԼՂ-ն որպես կողմ բանակցություններում ներգրավելուն, սակայն դա կնշանակեր նոր ձեւաչափի ձեւավորում եւ հետ քայլ: Նրա խոսքերով` ղարաբաղի բնակչությունը կարող է ներկայացվել հայկական պատվիրակության կազմում, հատկապես որ ԼՂ ինքնավարությունը դեռ ճանաչում չի գտել: Բեռնար Ֆասիեն համոզված է, որ հարցի վերջնական լուծումը կգտնվի այն դեպքում, երբ Ղարաբաղի հայ եւ ադրբեջանցի բնակչությունը, ինչպես առաջ, կարողանա ապրել կողք կողքի:
Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Թաբիբ Հուսեյնովն իր ելութում նշեց, որ թեեւ Մինսկի խմբի համանախագահողները հավաստիացնում են, որ բանակցությունները նոր փուլ են մտել, բայց հարցի լուծումը դեռ մնում է մշուշոտ: Այնուամենայնիվ, դրական տարրեր նշմարվում են: Առաջինը ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացն է, համանախագահողների միջեւ ստեղծված լավ համագործակցությունը, միջազգային գործընթացների նպաստավոր լինելը: Հակամարտության կարգավորման վրա դրական ազդեցություն ունի նաեւ երկրորդ գործոնը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը: Ըստ Հուսեյնովի` պետք է գիտակցել, որ հայ-թուրքական հարաբերությունները եւ Լեռնային Ղարաբաղին առնչվող գործընթացները միմյանցից անկախ են եւ չի կարելի խառնել դրանք, ինչը չի բխում նաեւ Ադրբեջանի շահերից:
Փոխվստահության մթնոորտ ապահովելու համար իշխանությունները պետք է իրազեկեն հասարակություններին ընթացող գործընթացների եւ արդյունքների մասին եւ ապահովեն ժողովուրդների` տարբեր ձեւաչափերով բաց երկխոսություն:
Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման լավագույն ձեւաչափը Մինսկի խումբն է, եւ այսօր հարցը տեղից շարժելու նպաստավոր պայմաններ կան: Անդրադառնալով բանակցային գործընթացներին Լեռնային Ղարաբաղի մասնակցության խնդրին` բանախոսը զարմանք հայտնեց, որ ոմանք այս հարցում դժվարություններ են մատնանշում` մոռանալով, որ նախկինում ԼՂ-ն բանակցություններին մասնակից է եղել: Հակամարտության կարգավորման նախապայմանը, ըստ Ստեփան Գրիգորյանի, ուժի եւ ուժի չկիրառման սկզբունքի ներդրումը պետք է լինի եւ նրա կարծիքով` այս էտապում կարող է ստորագրվել սահմանային պայմանագիր: Բանախոսը համաձայնեց Հուսեյնովի այն տեսակետին, որ երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ փոխվստահություն ապահովելու եւ այն զարգացնելու համար անհրաժեշտ են տարբեր ձեւաչափերով հանդիպումներ, շփումներ ու երկխոսություն:
Հայ-թուրքական հարաբերություններին նվիրված նիստը վարում էր Լինքսի գործադիր տնօրեն Դենիս Սամութը, իսկ հարցը ներկայացրեց միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նա խոսեց երկու երկրների համար արձանագրությունների ստեղծած դրական հնարավորությունների ու ազդեցությունների մասին` հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում: Իսկ Թուրքիայի ծրագրերն այս դաշտում, ըստ տկն. Ֆրեյզերի, հավակնոտ են: Նրա համոզմամբ` փաստաթղթերի վավերացումից կշահեն հավասարապես երկու կողմերն էլ: Նրա գնահատմամբ` թեեւ երկու կողմերում էլ կան արձանագրություններին դեմ արտահայտվողներ, սակայն հիմնական կողմը Ադրբեջանն է, որը կարողացավ Թուքիայի դիրքորոշման վրա բացասական ազդեցություն ունենալ: Որոշիչ դեր խաղաց նաեւ էներգակիրների գործոնը, ասաց փորձագետը: Նա նկատեց, որ Թուրքիան Ղարաբաղի հարցում առաջընթացով է պայմանավորում հարաբերությունները մեր երկրի հետ, ինչպես նաեւ բացասաբար է վերաբերվում Հայաստանի Սահմանադրական դատարանում հայ-թուրքական արձանագություններին տրված եզրակացությանը կից պարզաբանումներին: Անձամբ փորձագետը ՍԴ որոշման մեջ վիճահարույց կետեր չի տեսնում: Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն իր ելույթում Ցեղասպանությունը չճանաչելու եւ Հայաստանի հետ պատերազմում Ադրբեջանին օգնելու` Թուրքիայի վարքագիծը համարեց անվստահությունը խորացնող գործոններ: Սրան ավելացել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունները ԼՂ հակամարտության հետ կապելու մասին թուրք պաշտոնյաների հայտարարությունները, թեեւ այս մասին արձանագրություններում ոչինչ չի ասվում: Նրա գնահատմամբ` Հայաստանի իշխանությունները պատրաստ են հարաբերությունների կարգավորմանը, մինչդեռ Թուրքիայի վարչակազմում են անգամ հնչում մերժողական հայտարարություններ: Հայ փորձագետի համոզմամբ` սահմանի բացումը կարող է մեղմել իրավիճակը տարածաշրջանում: Հայաստանի պաշտոնական տեսակետը արձանագրությունների վավերացման գործընթացի վերաբերյալ ներկայացրեց արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը: Նրա կարծիքով` չնայած դժվարություններին, ջանքերը դատապարտված չեն: Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ չնայած Ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը Հայաստանի քաղաքական օրակարգում է, բայց Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հարթության վրա դա չդիտարկեց որպես նախապայման: Նա հռետորական հարց ուղղեց Թուրքիայի իշխանություններին, մեջբերելով Դավութօղլուի հայտարարությունը. «Եթե արձանագրությունները կարող եք վավերացնել 3 օրում, ինչու՞ դա չեք անում»: Թուրքիայի ներկայացուցիչ Սուաթ Կինիկլիոգլուն հավաստիացրեց, որ Թուրքիան շահագրգռված է հարաբերությունների կարգավորմամբ, սակայն ոչ թե Հայաստանի հետ երկկողմ, այլ` տարածաշրջանային ձեւաչափով: Նրա բնորոշմամբ` տարածաշրջանի մի երկրի հետ հնարավոր չէ հարաբերությունները կարգավորել, երբ մի այլ հատվածում խնդիրներ կան: Նրա խոսքերով` Ղարաբաղի հարցը ոչ թե նախապայման է, այլ հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ, փոխլրացնող գործընթաց: Հայ պատգամավորների կողմից առաջարկ եղավ այդ տրամաբանությամբ Ցեղասպանության ճանաչումը եւս դիտարկել որպես անհրաժեշտ զուգահեռ քայլ: Թուրք պատգամավորը կրկնեց թուրքական իշխանությունների տեսակետը` ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձեւի, ինչպես նաեւ Հայաստանի ՍԴ-ի որոշման վտանգավորության մասին: Ադրբեջանցի պատվիրակ Իլգար Մամադովը եւս կարծիք հայտնեց, որ մինչեւ ՍԴ որոշման մեջ ՀՀ Սահմանադրությունից եւ Անկախության հռչակագրից մեջբերումներ կատարելը, ինքը կողմ էր հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը եւ համարում էր դրանք իր երկրի համար շահավետ: Ի դեպ, Թուրքիան դիմել է Շվեյցարիային` ՍԴ որոշման իրավական հետեւանքները պարզաբանելու խնդրանքով: Պատգամավորների հարցերն ու կածիքները լսելուց հետո` հիմնական զեկուցող տկն. Ֆրեյզերը առաջարկներ ուղղեց երկու կողմերին էլ. Հայաստանին` համաձայնել պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը եւ սպասել Շվեյցարիայի պարզաբանումներին, Թուրքիային` ուշադրությունը սեւեռել ոչ թե տարածաշրջանային, այլ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների վրա, ինչպես նաեւ Ադրբեջանի դրական վերաբերմունքին հասնել: Արման Կիրակոսյանն էլ Թուրքիային հորդորեց վստահել ԵԱՀԿ Մինսկի խմբին, որին նաեւ իրենք են անդամակցում` ԼՂ հարցի կարգավորմամբ զբաղվելու հարցում:
Էներգետիկ անվտանգության խնդիրներին վերաբերող նիստը վարեց թուրք պատգամավոր Կուրսատ Աթիլջան:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանը այս ոլորտում ունի ռազմավարական նպատակներ եւ փորձում է ապահովել դրանց իրականացումը, ինչը կապված է նաեւ տարածաշրջանի ինտեգրման գործընթացների հետ: Հայաստանն այժմ փորձում է ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ իրականացնել մի ծրագիր, որը հնարավորություն կտա Վրաստանի հետ եւ այդ երկրի տարածքով ապահովել հյուսիսային հարեւանների հետ էներգետիկ կապն ու ինտեգրումը: Հայաստանն արդեն տասը տարի է, ինչ Իրանի հետ զուգահեռ ռեժիմով աշխատում է նոր բարձրավոլտ էլեկտրագծերով: Ծրագրով նախատեսվում է նույնը անել նաեւ Վրաստանի հետ, ինչը իրականություն կդառնա մոտ մեկուկես տարվա ընթացքում: Հնարավոր է վերագործարկել նաեւ Թուրքիայի հետ կապող գիծը: Զուգահեռ ռեժիմը հնարավորություն է տալիս նվազեցնելու ծախսերը եւ բարձրացնել հուսալիությունը:
Բանախոսը տեղեկացրեց, որ մեկ տարի առաջ գործարկվել է նաեւ Իրանից Հայաստան մտնող գազամուղը, որը, իբրեւ այլընտրանքային, լուծեց էներգետիկ անվտանգության խնդիր: Իրանի հետ համատեղ Հայաստանը պատրաստվում է Արաքս գետի վրա կառուցել երկու հիդրոէլեկտրակայան: Ինչ վերաբերում է տարածաշրջանային արդյունավետ համագործակցությանը այս ոլորտում, Հայաստանը գազամուղների եւ նավթամուղների տարանցիկ երկիր լինելու դեպքում կնվազի վառելիքի ինքնարժեքը եւ լուծելի կդառնան տարածաշրջանային բազում խնդիրներ:
Լոնդոնի Քինգզ քոլեջի դասախոս Թրեյսի Ջերմանի գնահատմամբ` էներգետիկ ռեսուրսները պարզապես ապրանք չեն, այլ ունեն չափազանց մեծ ռազմավարական նշանակություն: Գլոբալ փոխկապակցված այս աշխարհում Հարավային Կովկասը կարող է Եվրոպայի համար դառնալ Էներգետիկ պաշարների մատակարար, ուստի նա ավելի ու ավելի մեծ դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում: Դրա վառ ապացույցն է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գիծը եւ հավակնություններ ունեցող «Նաբուկո» ծրագիրը:
«Նոյյան տապան» կենտրոնի խմբագիր եւ վերլուծաբան Հարություն Խաչատրյանն էլ իր ելույթում նախորդ բանախոսին հակադարձեց` ասելով, որ Հարավային Կովկասը Եվրոպայի համար ավելին չէ, քան էներգետիկ ռեսուրսներ ունեցող տարածք. դա եվրոպակենտրոն տեսակետ է եւ խոսում է էներգետիկ պրոբլեմների մասին: Չպետք է մոռանալ, որ կա նաեւ կովկասակենտրոն տեսակետ, ըստ որի` այս տարածաշրջանում ապրում են ազգեր, որոնք ունեն իրենց շահերն ու խնդիրները: Ուստի էնեգետիկ անվտանգության խնդիրն այլ բան է, նախորդ բանախոսի գործածած եզրույթը` այլ:
Պարոն Խաչատրյանը հանգամանորեն վերլուծեց տարածաշրջանում առկա էներգետիկ հնարավորությունները, գործող եւ նպատակային նախագծերի` քաղաքական դրդապատճառներով պայմանավորված թերությունները եւ խաղաղ գոյակցության եւ տարածաշրջանային ինտեգրման դեպքում ակնկալվող արդյունքները:
Գորան Լենմարկերի նախագահությամ? սեմինարի մասնակիցները քննարկեցին Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի մասին հարցը` անդրադառնալով վրաց-ռուսական հակամարտությանը: Վրաստանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավարի նախկին տեղակալ Մարիան Ստաշեւսկու խոսքերով` վրացիների եւ ռուսների միջեւ լարվածությունը հին պատմություն ունի եւ չնայած անցած 19 ամիսներին` խնդիրը բախումից հետո շարունակում է մնալ չլուծված: Դեռ ավելին` այն առաջացրեց նոր խնդիրներ: Փորձագետի գնահատմամբ` հակամարտության ծագման համար կային ինչպես ներքին` իշխանությունների եւ եկամուտների բախշման խնդիրներ, այնպես էլ արտաքին գործոններ` Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, Թուրքիայի դերը, ինչպես նաեւ Մոսկվայի հարաբերությունները թե Թբիլիսիի եւ թե Արեւմուտքի հետ: Ռուսաստանի համար, ըստ բանախոսի, անհանդուրժելի էր ՆԱՏՕ-ի ընդլայնման հեռանկարը: Անվտանգության վերլուծական վրացական կենտրոնի տնօրեն, դեսպան Դեյվիդ Սմիթն իր ելույթում 2008 թ. օգոստոսյան դեպքերը աշխարհաքաղաքական իմաստով բնորոշեց որպես հարձակում Արեւմուտքի, եւ ոչ թե Վրաստանի վրա: Նրա համոզմամբ` ռուսական կողմը երկար էր պատրաստվել այդ գործողություններին եւ անհրաժեշտ ուժեր կուտակել սահմանի վրա:
Լեհաստանից պատգամավոր Վլադիսլավ Սիդորովիչը ներկայացրեց օրակարգի հաջորդ հարցը` նվիրված Հյուսիսային Կովկասին` ասելով, որ իրավիճակն այստեղ շարունակում է մնալ լարված, եւ որ վեհաժողովը պետք է հայացքն ուղղի այս կողմ: Գիտաշխատող Ալեքսեյ Մալաշենկոն եւ Արեւելյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վոյցեխ Գորեցկին նկարագրեցին այս տարածքում տիրող իրավիճակը` համարելով այն անկայուն: Անկայուն, որովհետեւ չի գործում դաշնային օրենքը, ամեն օր սպանություն է գրանցվում, գործազրկությունը հասնում է մեծ ծավալների ` 50-70 տոկոսի: Բանախոսների դիտարկմամբ` ռուսական այս տարածքներում ոչ թե խոսում են սեպարատիզմի մասին, այլ` իսլամական օրենքների եւ շարիաթի հաստատման անհրաժեշտության մասին: Նրանց կարծիքով` առանց այդ օրենքները, ինչպես նաեւ էթնիկ խմբերի առանձնահատկությունները հաշվի առնելու հնարավոր չէ արդյունավետ կառավարման հասնել ոչ Չեչնիայում, ոչ էլ հարակից մարզերում:
Ռոուզ-ռոթ սեմինարը մարտի 13-ին կամփոփի աշխատանքները: