National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.04.2010
Ազգային ժողովի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում
1 / 5

ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի ղեկավարած ՀՀ ԱԺ պատվիրակությունը 2010 թ. ապրիլի 5-8-ը մասնակցեց Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի եւ ՀԱՊԿ-ի խորհրդարանական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած մի շարք միջոցառումների: Պատվիրակության կազմում էին ԱԺ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը, Արտակ Դավթյանը, Հրայր Կարապետյանը, Էդուարդ Շարմազանովը եւ Արա Նռանյանը:

Ապրիլի 6-ին հայկական պատվիրակության ղեկավար Արեւիկ Պետրոսյանը մասնակցեց ԱՊՀ Միջխորհրդանական վեհաժողովի խորհրդի նիստին, որտեղ ընդունվեցին մի շարք կարեւոր որոշումներ, իսկ հայ պատգամավորները մասնակցեցին մշտական հանձնաժողովների աշխատանքներին:

Ապրիլի 7-ին Տավրիկյան պալատի Դումայի դահլիճում տեղի ունեցավ ԱՊՀ Միջխորհրդանական վեհաժողովի 34-րդ լիագումար նիստը: ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչների ելույթները նվիրված էին Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների իրավական-սոցիալական պաշտպանությանը:

Նույն օրը կայացավ Հայրենական մեծ պատերազմի 65-ամյա տարելիցին նվիրված Միջազգային խորհրդարանական համաժողով, որին մասնակցում էին նաեւ ԵԽԽՎ եւ միջազգային այլ կազմակերպությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ: Համաժողովին ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը: Նա բարձր գնահատեց մարդկային, հոգեւոր ու նյութական մեծ կորուստների գնով նվաճած ընդհանուր հաղթանակը, որը մարդկությանը փրկեց ստրկացումից ու կանխորոշեց նրա հետագա ճակատագիրը: Այդ մեծ հաղթանակի եւ ֆաշիզմի ջախջախման գործում բազմաթիվ ազգերի շարքում իր նշանակալից ներդրումն է  ունեցել նաեւ հայ ժողովուրդը. Հայրենական պատերազմին մասնակցել է մոտ 600 հազար հայ, որից 300 հազարը զոհվել է պատերազմի դաշտում: Հայ ժողովուրդը մարտական փառքի հիանալի օրինակ է տվել աշխարհին` 3 մարշալ ու մեկ ծովակալ, ավելի քան 80 գեներալ ու փոխծովակալ, 108 հերոս: Մոտ 70 հազար հայեր պարգեւատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով: Պատերազմական տարիներին հայ ժողովրդի վաստակը մեծ է եղել նաեւ թիկունքում, հիմնարար գիտությունների զարգացման եւ արտադրության կազմակերպման գործում:

Տկն Պետրոսյանը նշեց, որ մեր օրերում ավելի, քան երբեւէ մարդկությունը կարեւորում ու նորովի է գնահատում հակամարտությունների ժամանակ ուժի չկիրառման, ազգամիջյան երկխոսության զարգացման, խաղաղ գոյակցության դերն ու նշանակությունը մարդկության բարեկեցության ու զարգացման  գործում:

ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` Երկրորդ համաշխարհային պատերազմը մեկ անգամ եւս ապացուցեց, որ մարդկության դեմ կատարված ու չդատապարտված ցանկացած հանցագործություն ծնում է նոր հանցագործություն: Նա  հիշեցրեց Վերմախտի  գլխավոր հրամանատարության առջեւ 1939 թվականին Հիտլերի արտասանած խոսքերը. «Պատերազմի նպատակը ոչ թե որոշակի սահմանների հասնելն է, այլ հակառակորդի ֆիզիկական բնաջնջումը: Ո՞վ է այսօր հիշում եւ խոսում հայերի ոչնչացման մասին»: Վերջինս նկատի ուներ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում եւ Արեւմտյան Հայաստանում կատարված մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը: Տկն Պետրոսյանը հավելեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթական ելքն իր հերթին  ապացուցեց, որ նրանք, ովքեր մարդկության դեմ հանցագործություն են կատարում, վաղ թե ուշ պատասխան են տալիս, պատժվում ու դատապարտվում:

Ապրիլի 7-ին Վեհաժողովի քաղաքական, միջազգային համագործակցության հարցերի եւ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգի չորրորդ` «Խորհրդարանների դերը հակամարտությունների կանխման գործում» հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ Վահան Հովհաննիսյանը: Նրա գնահատմամբ` միջազգային իրավունքի երկու սկզբունքների` տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքների հակասությունն ու դրանց հակադրումը արհեստական է: Տարածքային ամբողջականության սկզբունքը պետք է գործի սուվերեն երկրների միջեւ` տարածքների բռնակցումը կանխելու նպատակով, իսկ ազգերի ինքնորոշման իրավունքը պետք է կիրառվի բոլոր այն դեպքերում, երբ ճնշված ազգը որոշում է առանձնանալ եւ ստեղծել սեփական պետությունը: Այսպիսով` այս երկու սկզբունքները գործում են տարբեր հարթությունների մեջ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երկրորդ ճանապարհի փայլուն օրինակն է:

Ազգային ժողովի պատվիրակությունը ԱՊՀ երկրների  պատվիրակությունների հետ Պիսկարեւյան պանթեոնում մասնակցեց հանդիսավոր սգո արարողությանը:

Նույն օրը տեղի ունեցավ «Եվրոպական անվտանգության ապագան» թեմայով Միջազգային խորհրդարանական համաժողովը, որը ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը կազմակերպել էր ԵԽԽՎ-ի հետ համատեղ: Լիագումար նիստում զեկույցով հանդես եկավ Վահան Հովհաննիսյանը: Նա միջազգային հարաբերություններում անընդունելի համարեց երկակի ստանդարտների կիրառումը տարբեր երկրների եւ ինքնորոշման իրավունք ունեցող սուբեկտների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Նման տարբերակված ու անիրատեսական մոտեցումը բացառում է ոչ միայն հարցի արդարացի լուծումը, այլեւ անտեսում է ճշմարտությունը: Բանախոսի գնահատմամբ` քանի դեռ արդարացի մոտեցում չի կիրառվում նման հարցերում, խոսք լինել չի կարող անվտանգության հուսալի համակարգի մասին:

Միջազգային խորհրդարանական համաժողովի աշխատանքը շարունակվեց առանձին սեկցիաներում, որտեղ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորներ  Էդուարդ Շարմազանովը եւ Արա Նռանյանը:

Պարոն  Շարմազանովի գնահատմամբ` եվրասիական եւ տարածաշրջանային  անվտանգության խնդիրը պետք է լուծվի միջազգային նորմերին ու սկզբունքներին համապատասխան եւ բոլորի համատեղ ջանքերով: Հենց այս խնդրի կարգավորմանն է ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` հարեւան Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին հստակ դիրքորոշումը: Ինչ վերաբերում է Թուրքիայի խորհրդարանականի` պատմությունը փորփրելու վերաբերյալ մեղադրանքին, պրն Շարմազանովը հակադարձեց` ասելով, որ պատմությունը փորփրում են հենց իրենք` փորձելով պատմական հանձնաժողովը դարձնել Հայոց ցեղասպանության լինել-չլինելու հարցը քննարկելու արենա, ակնհայտ մի փաստ, որ ապացուցման կարիք չունի եւ ենթակա չէ քննարկման:

ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը խոսեց եվրոպական անվտանգության համակարգը բարեփոխելու անհրաժեշտություն մասին: Հաճախ հակամարտությունների կարգավորման սխեմատիկ ու մակերեսային լուծումներ են առաջարկվում` առանց խորամուխ լինելու դրանց ակունքների ու պատճառների մեջ, առանց գիտակցելու ազգերի գոյատեւման հիմնական պայմանները: Պրն Նռանյանը նման մոտեցմամբ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը անպտուղ ու վտանգավոր համարեց:

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ  Արեւիկ Պետրոսյանը եւ պատվիրակության անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հարցազրույց տվեցին «Միր» հեռուստաընկերությանը:


28.05.2024
Հանրապետության տոնի առթիվ հարգանքի տուրք Սարդարապատի հուշահամալիրում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների ներկայացուցիչների հետ Հանրապետության տոնի առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Միջոցառումը մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթով, որին հաջորդել ...

28.05.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք տոնում ենք մեր պատմության կարեւորագույն իրադարձություններից մեկը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը: 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո, վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը: Հայ ժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am