ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 22-ին ընդունեց հարավկորեական GS շինարարական ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Վու Սանգ Րյոնգին:
2009 թվականի դեկտեմբերին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այց էր կատարել Հարավային Կորեա: ՀՀ Ազգային ժողովի նախագահը հայաստանցի առաջին բարձրաստիճան պաշտոնյան էր, ով այցելել էր այդ երկիր: Այցի ընթացքում տեղի էր ունեցել Հովիկ Աբրահամյանի եւ GS Group ընկերության նախագահ Հո Չան Սուի հանդիպումը, որի արդյունքում կորեական կողմը պատրաստակամություն էր հայտնել աջակցել Հայաստանի խորհրդարանի զարգացման ծրագրին: Եւ 2010 փետրվարին, որպես այդ պայմանավորվածությունների արդյունք, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի եւ GS Engineering and Construction ընկերության միջեւ կնքվեց համաձայնագիր:
Վու Սանգ Րյոնգը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ փոխանցեց GS Group ընկերության նախագահի ջերմ ողջույններն ու վերահաստատեց Հայաստան այցելելու` նրա ցանկությունը:
Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Հայաստանի եւ Հարավային Կորեայի միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնումը` այդ տեսանկյունից նշանակալից համարելով հարավկորեական խոշորագույն մասնավոր ընկերություններից մեկի արդյունավետ գործունեությունը Հայաստանում. GS Group ընկերության մասնաճյուղ հանդիսացող GS Engineering and Construction ընկերությունը ճապոնական ընկերության հետ իրականացրել է Երեւանի ՋԷԿ-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի շինարարական աշխատանքները): ՀՀ Ազգային ժողովի նախագահը հույս հայտնեց, որ համագործակցությունը Հայաստանի հետ կշարունակվի:
Վու Սանգ Րյոնգը շնորհակալություն հայտնեց աջակցության համար եւ վստահություն հայտնեց, որ իրենց գործունեությունը Հայաստանում կընդլայնվի: