Հունիսի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտային` նրա առաքելության ավարտի կապակցությամբ:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ցուցաբերած օժանդակությունը Ադրբեջանից գաղթած հայ փախստականներին եւ Իրաքից փախստականների նոր հոսքի` իրաքահայերի հանդեպ հատկապես տիկին Հալեպոտայի կողմից դրսեւորած սրտացավ վերաբերմունքը եւ այն աննախադեպ օժանդակությունը, որ ՄԱԿ-ի փախստականների գծով հանձնակատարի գրասենյակն իրականացրեց նրանց ամենաանապահով հատվածին կեցության հնարավորություններ տրամադրելով: Պարոն Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց գրասենյակի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի եւ այդ խոցելի խմբի ինտեգրմանն ուղղված բազմակողմանի աջակցության համար: ԱԺ նախագահը նշեց, որ փախստականների աջակցության եւ ինտեգրման գործընթացը շարունակական ու հետեւողական աշխատանքի կարիք ունի եւ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են իրենց կողմից անել հնարավորը` աջակցելու փախստականների ինտեգրմանը մեր հասարակությանը եւ նրանց լիարժեք անդամ դառնալուն, ինչպես նաեւ մեղմելու տնտեսական ճգնաժամի հնարավոր հետեւանքներն այս խոցելի խմբի վրա:
Տիկին Հալեպոտան շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին համագործակցության եւ աջակցության, ինչպես նաեւ «Փախստականների եւ ապաստանի մասին» նոր օրենքի ընդունման համար, որը հնարավորություն կտա Հայաստանին միջազգային չափանիշներին համապատասխան ապաստան տրամադրել հայցողներին: Նա հույս հայտնեց, որ ՀՀ Ազգային ժողովի եւ ՄԱԿ-ի փախստականների գծով հանձնակատարի գրասենյակի փոխգործակցությունը շարունակական կլինի եւ այսուհետ եւս կտա իր դրական արդյունքները: