Հուլիսի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերին:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը` որպես նոր էջ ՀՀ-ԵՄ հարաբերություններում, անդրադարձան նաեւ այդ գործընթացում խորհրդարանի դերին, ինչպես նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության համագործակցության հարցերին: Մասնավորապես, տկն Պետրոսյանն առաջարկեց քննարկել ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011թթ. միջոցառումների ցանկում ընդգրկված` Ազգային ժողովի կողմից պետական բյուջեի, օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական օժանդակության եւ մասնագիտական կարողությունների զարգացման միջոցառումների ապահովման ֆինանսական աջակցության հարցերը: ԱԺ փոխնախագահն առաջարկեց դրանք լուծել ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում իրականացվելիք պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի, ինչպես նաեւ Թայեքս, Թվինինգ ծրագրերի շրջանակներում:
Պրն Լուցենբերգերը հայտնեց առաջարկությունները քննարկելու պատրաստակամություն, միաժամանակ առաջարկելով քննարկել նաեւ եվրոպական օրենսդրության չափանիշներին Հայաստանի Հանրապետության օրենսդրության ներդաշնակեցման առավել լայն համագործակցության ծրագրեր:
Կողմերն անդրադարձան նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ Եվրոպական խորհրդարանի ակտիվ համագործակցության ապահովման հարցերի եւս: