Հուլիսի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցեցին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում եւ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում` «Եվրանեսթում» ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունները:
Խորհրդակցության ժամանակ ԱԺ նախագահը նշեց, որ նման ձեւաչափով հանդիպման նպատակն է քննարկել եվրոպական խորհրդարանական կառույցներում ԱԺ պատվիրակությունների աշխատանքը, նպաստել համակարգված քաղաքականության մշակմանը Հայաստանի համար կարեւորագույն հարցերում, լսել առաջարկներ, տեսակետներ աշխատանքները առավել արդյունավետ եւ գործնական դարձնելու նպատակով:
Պատվիրակությունների ղեկավարներ Դավիթ Հարությունյանը, Արամ Սաֆարյանը եւ Վահան Հովհաննիսյանը խոսեցին կատարված աշխատանքի մասին, տեսակետներ հայտնեցին եւ առաջարկներ ներկայացրին պատվիրակությունների գործունեությունը ավելի արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ, կարեւորեցին ՀՀ ԱԺ -ԱԳՆ համագործակցված աշխատանքի անհրաժեշտությունը: Քննարկման ընթացքում պատվիրակությունների անդամները առաջարկներ ներկայացրին հետագա անելիքների վերաբերյալ:
Ամփոփելով խորհրդակցությունը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ նման ակտիվ եւ շահագրգիռ քննարկումները անպայման դրական արդյունք կունենան եւ հավաստեց, որ բոլոր կարեւոր առաջարկությունները կներկայացվեն ՀՀ Նախագահին: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց խորհրդարանական բոլոր ուժերի միասնական աշխատանքը եւ առաջարկեց յուրաքանչյուր խորհրդարանական վեհաժողով մեկնելուց մեկ շաբաթ առաջ իր ղեկավարությամբ կազմակերպել քննարկում պատվիրակությունների անդամների եւ ԱԳՆ ներկայացուցչի մասնակցությամբ: ԱԺ նախագահի համոզմամբ խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմամբ եւ համատեղ աշխատանքով հնարավոր կդառնա բարձրացնել միջազգային կառույցներում ԱԺ պատվիրակությունների աշխատանքի արդյունավետությունը, ?դիմակայել արտաքին մարտահրավերներին: