National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
27.09.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
1 / 1

«Խորհրդարանական լսումների հարգելի մասնակիցներ

Այսօրվա լսումների թեման վերաբերում է մեզ համար ամենազգայուն ու խոցելի հարցերից մեկին` հանրակրթությանը, որը նույնիսկ մերօրյա  գլոբալիզացվող աշխարհում, կազմակերպվում, եւ պետք է կազմակերպվի ազգային հենքի վրա:  Բնականաբար, հայոց լեզվի պահպանության, ազգային լեզվամտածողության ու հայեցի դաստիարակության միջոցով ազգապահպանության եւ հայապահպանության հարցը մշտապես պետք է մնա որպես պետության հոգածության գերակա խնդիր:

Սակայն, միասնական կրթական տարածք լինելու մարտահրավերները որքան ճանապարհներ են բացում մեր առջեւ, այնքան էլ պահանջում են դռներ բացել այլընտրանքների համար:

Հարցն այնքան նուրբ է, որ պահանջվում է բազմակողմանի դիտարկում:  Մեր առջեւ խնդիր է դրված. պահպանել ազգային նկարագիրը, լեզուն, ժառանգականությունը, խուսափել հերթական ձուլման, օտարացման ռիսկերից,  մյուս կողմից   չսահմանափակել միջազգային համագործակցությունը, սերունդներին կրթելու փորձի փոխանակումը, կրթության կազմակերպման հարցում լինել ճկուն, արագ արձագանքման ընդունակ եւ մրցունակ:

Այս առումով, օրենսդրական փաթեթը հանգամանորեն քննարկվել է ՀՀ Նախագահ պարոն Սերժ Սարգսյանի եւ կոալիցիոն գործընկերների հետ: Հաշվի  առնելով  օտար լեզվով հանրակրթական ծրագրերի իրականացման հարցի օրենսդրական կարգավորման շուրջ արտահայտված հանրային բազմակարծությունը, հայեցի լեզվամտածողության ձեւավորման ձգտումը եւ ցանկություն ունենալով հասնել որակյալ ազգային կրթության համաչափ զարգացմանը` առաջարկվում է վերանայել երկրորդ ընթերցման ներկայացված օրինագծերը` հիմք ընդունելով հետեւյալ մոտեցումները.

1.       Հարցը կարգավորել միայն «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու միջոցով` օրենսդրական նախաձեռնության փաթեթից հանելով «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը,

2.       «Հանրակրթության մասին» օրենքում սահմանել «այլընտրանքային կրթական ծրագիր»,  «հեղինակային կրթական ծրագիր», «փորձարարական կրթական ծրագիր», «միջազգային կրթական ծրագիր» հասկացությունները,

3.       Պահպանել այլընտրանքային կրթական ծրագիր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնադրման սահմանափակումը եւ մարզային քվոտավորման սկզբունքը: 
  
Այլընտրանքային ու միջազգային ծրագրերով կրթությունը պետք է կառուցվի ձեւավորված հայեցի լեզվամտածողության հենքի վրա:

Անկախ հանրակրթական ծրագրից եւ ուսումնական հաստատության ձեւից, հայ մարդու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար հայոց լեզվի եւ հայագիտական առարկաների հայերենով ուսուցումը պետք է պարտադիր լինի եւ համապատասխանի պետական կրթական չափորոշչի պահանջներին, ինչպես սահմանված է օրենքում:   Կարծում եմ, սա կարող է սփյուռքահայության համար հնարավորությունների դաշտ ստեղծել: հայրենիքում կրթություն ստանալու եւ աստիճանաբար  հայեցի կրթության անցնելու համար:

Կարեւորում եմ այն հանգամանքը, որ պետությունը չի կարող ստեղծել, հիմնադրել միջազգային ծրագրերով  դպրոցներ եւ պետական միջոցները չեն դրվում այդ ծրագրերի վրա: Այսինքն, 1400 հանրակրթական դպրոց շարունակում են գործել բացառապես հայեցի  հենքով։

Կարծում եմ առաջընթացի ցանկացած ձգտում կարող է արդարացված լինել, եթե տեսանելի են հեռանկարներն ու հետեւանքները:  Համոզված եմ, որ այսօրվա քննարկումները առաջին հերթին հենց միտված կլինեն դրանց բացահայտմանը»:
 
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am