National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
16.11.2010
ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստերը շարունակվում են
1 / 6

Նոյեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը, որից հետո շարունակվեց  ՀՀ կառավարության ներկայացրած «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» , ՀՀ դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին եւ «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկումը: Փաթեթի վերաբերյալ իրենց դրական կարծիքը հնչեցրին եւ առաջարկներ ներկայացրեցին պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը եւ Լարիսա Ալավերդյանը:

Այնուհետեւ խորհրդարանն սկսեց քննարկել «ՀՀ Վերահսկիչ պալատի 2009 թվականի տարեկան հաշվետվությունը», որը մանրամասն ներկայացրեց ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նշելով, որ ամբողջական հաշվետվությունը տեղադրված է  Վերահսկիչ պալատի պաշտոնական կայքէջում, նա իրազեկեց, որ 2009 թվականի ընթացքում իր ղեկավարած կառույցն ուսումնասիրություններ է կատարել 42 թեմայի վերաբերյալ, որոնց առնչությամբ էլ պատրաստվել է 42 հաշվետվություն: 4 հաշվետվություն պարունակելով  հույժ գաղտնի տեղեկություններ, չեն ներկայացվել տարեկան հաշվետվության ամփոփագրում: Դրանց պատգամավորները կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:  Նշվեց, որ խորհրդարանին տարեկան հաշվետվությունը ներկայացվել է 2010 թվականի մարտին, որում ներկայացված թվերը մասամբ փոփոխվել են, քանի որ հայտնաբերված որոշ ֆինանսական խախտումներ վերականգնվել են: Այսպես, Վերահսկիչ պալատի կատարած  ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է վերականգնման ենթակա 6 մլրդ 380 մլն-ից ավելի գումար, պետական բյուջեից կատարված անարդյունավետ  ծախս է համարվել 1 մլրդ 307 մլն դրամ:Այս ընթացքում վերականգնվել է     2 մլրդ 612 մլն 335 հազար  դրամ: 608 մլն դրամ վերականգնվել է լրացուցիչ կատարված աշխատանքի միջոցով,  1 մլրդ 727 մլն դրամի մասով նյութերը գտնվում են ՀՀ դատախազությունում եւ դատարաններում: 133 մլն դրամի մասով ձեռնարկված են համապատասխան միջոցներ` դրանք վերականգնելու համար, 1 մլրդ 368 մլն դրամի մասով կազմված է ժամանակացույց, դրանք վերականգնելու համար:

Հաշվետու ժամանակաշրջանում ներկայացրել է 235 առաջարկ, որոնք  ենթադրում են փոփոխություններ  ՀՀ օրենքներում եւ  կառավարության որոշումներում:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը մանրամասն ներկայացրեց տարբեր ոլորտներում հայտնաբերված խախտումները: Ըստ հաշվետվության` ՎՊ խորհրդի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել թվով 11 գործով քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ կասկածներ պարունակող 5 արձանագրություն եւ 2 ընթացիկ հաշվետվություն, ինչի արդյունքում հարուցվել է 4 քրեական գործ, 3 գործով քրեական գործերի հարուցումը մերժվել է, մնացած մասերով շարունակվում է նյութերի նախապատրաստումը քրեական գործեր հարուցելու համար:

Ըստ զեկուցողի` հաշվետու տարում շարունակվել են մանկապարտեզների եւ այլ ուսումնական հաստատությունների` օրենքի խախտմամբ օտարումները, համայնքներում  գույքահարկի, հողի հարկի  եւ այլ հարկատեսակների գծով չվճարումները եւ այլն: Մասնավորապես արձանագրվել է 1 մլրդ դրամի չհավաքված տեղական տուրքեր եւ վճարներ, որոնցից հետագայում  վերականգնվել է 850 մլն դրամը:

Վերահսկիչ պալատի 2009 թվականի տարեկան հաշվետվության վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կայացրած դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա գոհացուցիչ համարեց այն հանգամանքը, որ նաեւ Վերահսկիչ պալատի գործունեության արդյունքում ուսումնասիրվող մարմիններում տարեցտարի նվազում են ֆինանսական խախտումները եւ չարաշահումները, իսկ հայտնաբերված խախտումների վերաբերյալ առարկություններ չեն հնչում, ինչը փաստում է Վերահսկիչ պալատի կայացած լինելու հանգամանքը:

Քննարկվող հաշվետվության վերաբերյալ իրենց  տեսակետները հնչեցրին պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը, Սպարտակ Մելիքյանը եւ Անահիտ Բախշյանը:

ՀՀԿ խմբակցության   անունից ելույթ ունեցավ խմբակցության  ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա  հորդորեց զերծ մնալ անհիմն որակումներից եւ դուրս չգալ կոռեկտության սահմաններից, չվարկաբեկել պետությունը, չանել անհիմն հայտարարություններ:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը գործընկերներին  առաջարկեց զերծ մնալ քաղաքական դիվիդենտներ հավաքելու  եւ մարդկանց մրոտելու գործելաոճից, դրսեւորել արժանապատվություն եւ մտածել պետության մասին:

Օրվա վերջում պատգամավորները ԱԺ Կանոնակարգի համաձայն հանդես եկան հայտարարություններով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am