National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
24.11.2010
Ոստիկանության բարեփոխումները` քաղաքական աջակցությամբ
1 / 1

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարության ոստիկանության հարցերով ավագ խորհրդական Կնուտ Դրեյերի գլխավորած պատվիրակությանը` քննարկելու ՀՀ ոստիկանության համակարգի բարեփոխումների ծրագիրը:

Պարոն Կնուտ Դրեյերը տեղեկացրեց, որ ինքը ծանոթ է ծրագրին, մինչեւ Հայաստան այցելելը  Վիեննայում մասնակցել է ծրագրի  քննարկումներին: Ծրագրով հետաքրքրված է նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը եւ ուշիուշով հետեւում է ծրագրի իրականացման ընթացքին:

Պարոն Դրեյերի խնդրանքով ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը հանգամանալից ներկայացրեց, թե ինչպիսի  քաղաքական աջակցություն է ստանում ծրագիրը, եւ ինչպես է կազմակերպվում խորհրդարանական ու քաղաքացիական վերահսկողությունը:

Պարոն Կարապետյանը մասնավորապես նկատեց, որ երկու հարցում քաղաքական ուժերը տարակարծիք չեն կարող լինել. մեկը բանակի, մյուսը ոստիկանության համակարգի բարեփոխումներն են: Քաղաքական ուժերը կասկած չունեն, որ բարեփոխումների անհրաժեշտությունը հասունացել է, եւ պետք է արագ իրականացնել դրանք: Նա տեղեկացրեց, որ Վիեննայում ծրագրի քննարկումից հետո հանձնաժողովը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի  հետ նախաձեռնեց խորհրդարանական լսումներ, լսեցին ոստիկանության ներկայացուցչի զեկույցը, եղան բարեփոխումների իրականացման վերաբերյալ    քննարկումներ, կարեւորվեցին հարցին առնչվող օրենսդրական բարեփոխումները: Ճշգրտված  է երկու տասնյակի հասնող  օրենքների ցանկը, որտեղ անհրաժեշտ է կատարել փոփոխություններ ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար:

Պարոն Կարապետյանը կարեւորեց նաեւ խորհրդարանական վերահսկողությունը ծրագրի իրականացման ժամանակացույցը պահպանելու, ձգձգումները բացառելու եւ  ծրագրի իրականացման արդյունավետությունն ապահովելու առումով: Նրա գնահատմամբ` ինչքան շուտ իրականանա այդ ծրագիրը, այնքան համակարգը շուտ կազատվի խորհրդային տարիներից եկող արատներից` կոռուպցիայից ու հովանավորչությունից, եւ կներդրվի հասարակական վերահսկողության ինստիտուտը: Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով հանձնաժողովը ակտիվորեն համագործակցում է ոստիկանության մարմինների,  ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, ինչպես նաեւ տարբեր  հասարակական կազմակերպությունների հետ:

Պարոն Կարապետյանը տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում են ոստիկանությունում կատարվող բարեփոխումները.  նա հարցի հետ կապված խորհրդակցություններ է անցկացնում, ուշիուշով հետեւում բարեփոխումների իրականացման ընթացքին:

Երկուստեք ընդգծվեց  քաղաքական աջակցության, հասարակական կազմակերպությունների ու պետական մարմինների համագործակցության կարեւորությունը ծրագրի հաջող իրականացման գործում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am