Դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովի քառօրյա նիստերն սկսվեցին նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի հաստատումով, որից հետո ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյայում քննարկված «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: ԱԺ նիստին ներկա էին Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի աշակերտները:
Ազգային ժողովը շարունակեց նախորդ քառօրյայում ընդհատված ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը «2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության` ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկման վերաբերյալ» հարցի քննարկումը:
«Ժառանգություն» խմբակցության տեսակետը եզրակացության վերաբերյալ ներկայացրեց Արմեն Մարտիրոսյանը: Նրա տեղեկացմամբ` խմբակցությունն այն կարծիքին է, որ մշտադիտարկում պետք է իրականացներ ժամանակավոր հանձնաժողովը: Անդրադառնալով հանձնաժողովի ներկայացրած եզրակացությանը` նա նկատեց, որ հաշվի չի առնված ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը, օրենսդրական դաշտի համապատասխան բարելավում չի նկատվում:
ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացնելով` Արծվիկ Մինասյանը նկատեց, որ մոնիտորինգի նպատակն էր իրականացնել համակարգված գործողություններ իրադարձությունների հետեւանքները վերացնելու համար, կանխարգելիչ քայլեր անել նման երեւույթները բացառելու նպատակով, նույն նպատակով ակտիվացնել Ազգային ժողովի վերահսկողական ֆունկցիաները, ինչպես նաեւ հասարակական համերաշխությանն ուղղված քայլեր ձեռնարկել: ՀՅԴ խմբակցությունը շարունակում է մնալ այն կարծիքին, որ պետք է ստեղծվի խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերից կազմված նոր ժամանակավոր հանձնաժողով:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը եզրափակիչ ելույթում ափսոսանք հայտնեց, որ ավելի շատ քաղաքական հարցադրումներ հնչեցին, քան գործուն առաջարկներ եղան, եւ քանի որ հանձնաժողովի աշխատանքները շարունակական են լինելու, կոչ արեց ընդդիմության ներկայացուցիչներին ակտիվ մասնակցություն ունենալ հանձնաժողովի աշխատանքներին եւ ներկայացնել կոնկրետ առաջարկներ: Նա հույս հայտնեց, որ այդ դեպքում արդյունքներն ավելի մեծ կլինեն:
Քննարկվեց երկրորդ ընթերցման ներկայացված «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց օրինագծի հեղինակ Սամվել Նիկոյանը` տեղեկացնելով առաջին ընթերցումից հետո կատարված փոփոխությունների մասին:
«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացնելով` Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ օրենսդիր եւ գործադիր մարմինների գործունեության հավասարակշռմանը եւ փոխհարաբերություններին վերաբերող այս նախագծի առաջին ընթերցմամբ ներկայացված տարբերակի մեջ հիմնավորումներն ավելի հստակ էին, իսկ երկրորդ ընթերցման ներկայացված օրինակում բացակայում է կարգի սահմանման հստակ դրույթը:
Ներկայացնելով ՀՅԴ խմբակցության տեսակետը` Արծվիկ Մինասյանը նշեց, որ օրինագիծը ունի թե հակակոռուպցիոն եւ թե իշխանական երկու թեւերի աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակադրում, ուստի իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու այս կարեւոր նախագծին: Նա նկատեց նաեւ, որ նախագիծը ավելի կշահեր, եթե հստակեցվեին կարգի սահմանման ժամկետները:
Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը հավաստիացրեց, որ եթե Ազգային ժողովը կարծում է, որ պետք է կարգի հստակ ժամկետներ սահմանվեն, կառավարությունը դեմ չէ, իսկ օրինագծի հեղինակ Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ նախագիծը մշակելիս ինքը համագործակցել է գործադիր մարմնի իր գործընկերների հետ, ինչը աշխատանքային առումով շատ բնական է համարում եւ որից օրինագծի մի շարք դրույթներ ավելի են շահել փոխադարձ զսպումների մեխանիզմի իրացման առումով:
Քննարկվեցին նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» (օրինագծերի փաթեթ), «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» (օրինագծերի փաթեթ) օրենքների նախագծերը:
ԱԺ պատգամավորները քննարկեցին «Փառքի շքանշանի մասին», «ՀՀ պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պատվո շքանշանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը;
«Փառքի շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հիմնվում է նոր պետական պարգեւ` «Փառքի շքանշանը»: Օրենքի համաձայն` «Փառքի շքանշանով» կարող են պարգեւատրվել միայն օտարերկրյա պետությունների եւ կառավարությունների գործող եւ նախկին ղեկավարները, միջազգային կազմակերպությունների ղեկավարները, հոգեւոր առաջնորդները (կրոնական գործիչները)` միջպետական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման, խաղաղության եւ միջազգային անվտանգության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, տնտեսական կապերի զարգացմանը նպաստող, հոգեւոր-մշակութային արժեքների պահպանմանն ուղղված գործունեության համար:
Նախագծերի փաթեթի մյուս երկու նախագծերը բխում են «Փառքի շքանշանի մասին» ՀՀ օրենքից:
Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի դեկտեմբերի 7-ի նիստում: