Դեկտեմբերի 8-ին ԱԺ «Բաց դռներ»-ի քաղաքականության շրջանակներում ՀՀ Ազգային ժողով էին այցելել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի մի քանի դպրոցների բարձր դասարանների աշակերտներ, ովքեր ներկա գտնվեցին խորհրդարանի նիստի աշխատանքներին: Այնուհետեւ նրանց հետ հանդիպեց եւ հերթական «բաց դաս»-ն անցկացրեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Խորհրդարանի ղեկավարը խորհրդանշական ու հիշարժան համարեց, որ երեխաներն ԱԺ են այցելել եւ մասնակցել այն նիստին, որի ընթացքում քննարկվում է Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի նախագիծը: Աշակերտների հետ զրույցի ժամանակ, ի պատասխան նրանցից մեկի` դպրոցների վերանորոգմանը վերաբերող հարցի, Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ բյուջեի հնարավորություններին, նշելով, որ դրանց սահմանափակ լինելու պատճառով հնարավոր չէ միանգամից լուծել բոլոր դպրոցների վերանորոգման հարցը: Բայց պետությունը քայլ առ քայլ իրականացնում է այդ ծրագիրը: Դպրոցներից մեկի տնօրենը բարձրացրեց Շենգավիթի 4 դպրոցների ջեռուցման հարցը. ԱԺ նախագահը պատրաստակամ առաջարկեց ներկայացնել համապատասխան փաստաթղթերն ու այնուհետեւ միասին քննարկել խնդիրը հնարավորության սահմաններում լուծելու ճանապարհները:
Դպրոցականների հետ հանդիպմանը Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նաեւ արտաքին քաղաքականությանը` ներկայացնելով իրավիճակը ԼՂ հարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներում, հանգամանալից պատասխանեց այդ թեմաներին վերաբերող` աշակերտների հարցերին:
Հանդիպումից հետո շենգավիթցի դպրոցականները ծանոթացան խորհրդարանի նիստերի վերակառուցված դահլիճին, որտեղ էլ լուսանկարվեցին ԱԺ նախագահի հետ: