Դեկտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն, ԵՄ բանակցային թիմի ղեկավար Գունար Վիգանդին:
Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները եւ այդ համատեքստում` Եվրոպական խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ կապերի զարգացումը: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց այս տարվա հունիսին իր գլխավորած պատվիրակության այցը Եվրախորհրդարան` արդյունավետ համարելով անցկացված բանակցությունները, որոնք նպաստեցին եվրոպացի պատգամավորների մոտ ավելի օբյեկտիվ եւ ամբողջական պատկերացման ձեւավորմանը Հայաստանի, ԼՂ հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: ԱԺ նախագահը կարեւոր համարեց նաեւ մի քանի օր առաջ Բրյուսելում կայացած` ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 11-րդ նիստը` օբյեկտիվ համարելով դրա արդյունքում ընդունված եզրափակիչ հայտարարությունը:
ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի իշխանությունները դրսեւորում են անհրաժեշտ քաղաքական կամք` մեր երկիրը տեսնելու եվրոպական ընտանիքում, եւ պատրաստ են կատարել ստանձնած պարտավորությունները:
Գունար Վիգանդը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նշեց, որ նման հանդիպումները հնարավորություն են ընձեռում ավելի շատ տեղեկացվել եւ ավելի լավ պատկերացում ստանալ Հայաստանի մասին: Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրենի գնահատմամբ` Արեւելյան գործընկերության եւ Ասոցացման պայմանագրի կնքման շրջանակներում Հայաստան -Եվրամիություն հարաբերությունները դարձել են ավելի ակտիվ եւ գործնական: Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքերով ` ակտիվ աշխատանքներ են ընթանում տնտեսական ինտեգրման, ազատ առեւտրի, քաղաքացիների տեղաշարժի դյուրացման, ինչպես նաեւ իրավական ակտերի ներդաշնակեցման ուղղություններով: Եվ այս առումով, ըստ ԵՄ բանակցային թիմի ղեկավարի, կարեւորվում է օրենսդրական բարեփոխումները, որոնք պետք է համահունչ լինեն ԵՄ չափորոշիչներին եւ նորմերին:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորելով հանդիպումը եւ աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն հայտնելով, առաջարկեց, որ Հայաստան այցելությունների ժամանակ Եվրամիության պաշտոնյաները հանդիպումներ ունենան եւ բանակցություններ վարեն նաեւ Ազգային ժողովի ներկայացուցիչների հետ:
Գունար Վիգանդը բարձր գնահատեց Հայաստանի Հանրապետության իշխանությունների եւ, մասնավորապես, խորհրդարանի նախագահի պատրաստակամությունը` կատարել ստանձնած պարտավորությունները եւ ձեւավորել համապատասխան օրենսդրական դաշտ: