Դեկտեմբերի 17-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ արտագնա նիստ անցկացրեց ՀՀ Շիրակի մարզի Արեգնադեմ, Ջաջուռ եւ Առափի գյուղերում: Նշենք, որ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից իրականացվող արտագնա նիստն անցկացվում էր ՀՀ ԱԺ կողմից հայտարարված «Ազգային ժողովը մարզերում» նախաձեռնության շրջանակում` ՀՀ ԱԺ եւ ԱՄՆ ՄԶԳ համատեղ ծրագրի օժանդակությամբ: Մարզային հանդիպումներին մասնակցեցին նաեւ «Հանրային ցանցը» ներկայացնող հասարակական կազմակերպությունները:
Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը համայնքների բնակիչներին տեղեկացրեց, որ Շիրակի մարզ նախատեսել էր այցելել նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, սակայն հրավիրված արտահերթ նստաշրջանի պատճառով ծրագիրը փոխվել է:
Պատգամավորներն սկզբում այցելեցին Արեգնադեմ համայնք: ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը համայնքի բնակչությանը տեղեկացրեց , որ հանձնաժողովը ձեռնարկել է արտագնա նիստեր անցկացնել հանրապետության սահմանամերձ, բարձրլեռնային համայնքներում, որպեսզի տեղում ծանոթանան խնդիրներին եւ իրավիճակին, դրանց վերաբերյալ առաջարկներ ներկայացնեն ՀՀ կառավարությանը եւ համապատասխան մարմիններին:
Արեգնադեմ համայնքի ղեկավար Աղունիկ Հազրյանը տեղեկացրեց, որ Արեգնադեմ գյուղի բնակիչները 453 են, շուրջ 110 ընտանիք: Համայնքի ղեկավարը կարեւորեց դպրոցի շենքային պայմանների բարելավումը: Հովհաննես Մարգարյանը հավաստիացրեց, որ խնդիրը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:
Արտագնա նիստը պատգամավորները շարունակեցին Ջաջուռ գյուղում, որի բնակչությունը 900-ից ավելի է:
Համայնքի ղեկավար Սոկրատ Սուվարյանն անդրադառնալով գյուղի բազմապիսի խնդիրներին` առանձնացրեց մի քանիսը, որոնք նրա եւ գյուղաբնակների կարծիքով շուտափույթ լուծում են պահանջում:
Առաջինր երկրաշարժից հետո անօթեւան մնացած 43 ընտանիքների բնակարանով ապահովման հարցն էր: Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ ավերիչ երկրաշարժի պատճառով գյուղն ավերվել էր ամբողջությամբ:Եվ պատգամավորները, եւ համայնքի բնակիչները համաձայնեցին, որ առկա բոլոր խնդիրներից ամենակարեւորը անօթեւան բնակիչների բնակարանային հարցի լուծումն է: Համայնքապետը կարեւորեց նաեւ համայնքի գազաֆիկացումը, որի կապակցությամբ Հովհաննես Մարգարյանը նշեց, որ խնդիրը կարգավորման փուլում է, եւ առաջիկա գարնանը խնդիրը կլուծվի:
Կարեւորվեց գյուղի տարածքով անցնող Ջաջուռ /Ախուրյան/ գետի հունի մաքրումը, որի վերաբերյալ Հովհաննես Մարգարյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը նախատեսել է հանրապետության գետերի մաքրման համալիր ծրագիր, որի ցանկում էլ հավանաբար կիրականացվի Ջաջուռ գետի մաքրումը:
Առափի գյուղը, որտեղ օրվա վերջում եղան պատգամավորները, իր մեծությամբ եւ բնակչության թվով ամենամեծն էր: Համայնքի բնակչությունը կազմում է 2300 մարդ : Մինչ երկրաշարժը գյուղը բնակվել է բարեկեցիկ կյանքով, ունեցել մշակույթի տուն, երկհարկանի դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, գրադարաններ եւ այլն: Սակայն ավերիչ երկրաշարժի հետեւանքով փոխվել էր գյուղի դեմքն ու սոցիալական վիճակը: Հետագայում կատարվել են բազմաթիվ վերականգնողական աշխատանքներ, արդյունքում այսօր գործում է ոչ տիպային դպրոց` 210 աշակերտով, գրադարան, կաթի վերամշակման փոքր ձեռնարկություն եւ այլն:
Համայնքի ղեկավար Ալբերտ Այվազյանը եւս անդրադարձավ գազաֆիկացման խնդրին, որի վերաբերյալ Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ այս գյուղում եւս գարնանը կսկսվեն գազաֆիկացման աշխատանքները:
Ամենակարեւոր խնդիրը, որն ունի գյուղը, սողանքներն են , ինչը հետեւանք է ստորգետնյա ջրերի բարձրացման եւ ջրամբարտակի կառուցման: Սողանքների շրջակայքում առկա է 120 տուն, դրանցից 10-ը արդեն ունեն 4-րդ կարգի վթարայնություն:
Համայնքի ղեկավարի տեղեկացմամբ` խնդրի վերաբերյալ ահազանգել են կառավարությանը, որոշակի աշխատանքներ կատարվել են , համալիր լուծում խոստացվել է ցուցաբերել 2012-2014 թվականներին:
Այս խնդիրներից բացի, կարեւորվեց պտուղ-բանջարեղենի վերամշակման գործարան ունենալու կարեւորությունը, քանի որ մշակվող բանջարեղենի իրացման խնդիր կա:
Ամփոփելով Արեգնադեմ, Ջաջուռ եւ Առափի համայնքներում կայացած արտագնա նիստը` հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը նշեց, որ քննարկված հարցերի վերաբերյալ առաջարկներ կներկայացնեն կառավարությանը, կփորձեն հնարավոր միջոցներով աջակցել խնդիրների կարգավորմանը: