National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.12.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
21.12.2010
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում
1 / 9

Դեկտեմբերի 21-ին Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը` հարակից փաթեթներով: Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին նախորդ օրը քննարկումն սկսված «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» երկրորդ ընթերցմամբ քննարկվող օրինագծերի փաթեթի քննարկումը:

Իրենց տեսակետներն արտահայտելու  համար հերթագրվել էր տասը պատգամավոր: Արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. ԱԺ նախագահի գնահատմամբ` քննարկվող հարցը ունի մեծ ոդիսական, որը պահանջում էր բազմակողմանի դիտարկում։ Նա նշեց, որ սեպտեմբերի 27-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումների ժամանակ առաջարկել է վերանայել 2-րդ ընթերցման ներկայացված օրինագծերը: Պարոն Աբրահամյանն առաջարկել է հարցը կարգավորել միայն «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու միջոցով` օրենսդրական նախաձեռնության փաթեթից հանելով «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, «Հանրակրթության մասին» օրենքում սահմանել «այլընտրանքային կրթական ծրագիր»,  «հեղինակային կրթական ծրագիր», «փորձարարական կրթական ծրագիր», «միջազգային կրթական ծրագիր» հասկացությունները, պահպանել այլընտրանքային կրթական ծրագիր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնադրման սահմանափակումը եւ մարզային քվոտավորման սկզբունքը: ԱԺ նախագահը նշեց, որ ներկայացված օրենսդրական փաթեթում ներառված են իր  բոլոր առաջարկությունները։ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը, ըստ խորհրդարանի ղեկավարի, բովանդակային առումով ամբողջովին տեղավորվում է հնչեցրած մոտեցումների տրամաբանության մեջ, իրավական առումով անխոցելի եւ ավելի գրագետ է դարձնում օրենսդրական փաթեթը։ Պարոն Աբրահամյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ այլընտրանքային ու միջազգային ծրագրերով կրթությունը իրականացվելու է ձեւավորված հայեցի լեզվամտածողության հենքի վրա, անկախ հանրակրթական ծրագրից եւ ուսումնական հաստատության ձեւից, հայ մարդու եւ ՀՀ քաղաքացու համար հայոց լեզվի եւ հայագիտական առարկաների հայերենով ուսուցումը լինելու է պարտադիր եւ  պետք է համապատասխանի պետական կրթական չափորոշչի պահանջներին, ինչպես սահմանված է օրենքում: Նա կարեւորեց այն հանգամանքը, որ պետությունը չի կարող ստեղծել, հիմնադրել միջազգային ծրագրերով  դպրոցներ եւ պետական միջոցները չեն դրվելու այդ ծրագրերի վրա: ԱԺ նախագահի համոզմամբ` օրենքն ընդունելով մենք, մի կողմից պահպանելով մեր ազգային  նկարագիրը, զարգացնելով մեր լեզուն, կխուսափենք հերթական ձուլման ու օտարացման ռիսկերից, մյուս կողմից կրթության կազմակերպման հարցում կլինենք ավելի ճկուն, միջազգային կրթական լավագույն ծրագրերին ավելի  ընկալունակ    ու մրցունակ։

Պատգամավոր Լարիսա Ալավերդյանի կարծիքով` ներկայացված օրինագիծն չի նպաստի որակյալ կրթություն ստանալուն: Ստյոպա Սաֆարյանն իր ելույթում անդրադարձավ հասարակության որոշ շերտերում առկա մտահոգություններին:  Զարուհի Փոստանջյանի կարծիքով օրինագծերի ընդունման պարագայում կվտանգվի արեւելահայերենը: Ըստ նրա`  հանրակրթական դպրոցներում անհրաժեշտ է բարձրացնել  օտար լեզուների  ուսուցման որակը: Լիլիթ Գալստյանը նկատեց, որ անհրաժեշտ է սահմանել դպրոցներում դասավանդվող հայագիտական առարկաների ցանկը, ինչը կկանխի կամայական մոտեցումները:  Կարեն Ավագյանն իր ելույթում նկատեց, որ օրինագծերից հանվել են հանրությանը մտահոգող դրույթները, հստակ սահմանվել է նպատակը` այն է` հնարավորություն ընձեռել իրականացնել այլընտրանքային կրթություն:  Ռուզաննա Առաքելյանն անդրադարձավ հանրակրթական դպրոցներում մայրենիի ուսուցման որակին, Տիգրան Թորոսյանը առաջարկեց դադարեցնել օրինագծերի քննարկումը: Սուքիաս Ավետիսյանը ներկայացրեց իր մոտեցումները  օրինագծի վերաբերյալ  եւ որոշ գործընկերների կոչ արեց խոսել միայն քննարկվող հարցի շուրջ:

ՀՅԴ խմբակցության  դիրքորոշումը քննարկվող օրինագծերի վերաբերյալ ներկայացրեց խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը:

Ըստ նրա` քննարկվող օրինագծերի փաթեթը  պարունակում է սողանցքներ, որոնք հետագայում կարող են հիմք ծառայել, որպեսզի ինչ-ինչ պատճառներով ավելացվեն այլընտրանքային կրթություն ապահովող դպրոցները: Ըստ խմբակցության` այսօր առավել կարեւոր է հայոց լեզվի ուսուցման որակի ապահովումը եւ մայրենիի ուսուցման հայեցակարգի մշակումը:

ՀՀԿ խմբակցության  տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:Նա իրազեկեց, որ ՀՀԿ խմբակցությունը, ինչպես նաեւ կոալիցիոն գործընկերները կողմ են քվեարկելու ներկայացված օրինագծերի փաթեթին, քանի որ մինչ երկրորդ քննարկման ներկայացումը բոլոր առաջարկները քննարկվել եւ ընդունվել են: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատեց, որ բոլոր շահագիգիռ կողմերն ունեցել են մտահոգություններ, սակայն դրանք այժմ վերացված են եւ չկա որեւէ վտանգ, որը կարող է սպառնալ հայ ինքնությանը, ազգային անվտանգությանը կամ էլ լեզվամտածողությանը, ինչը ձեւավորվում է մանուկ հասակում:  ՀՀԿ խմբակցության ղեկավարը  մեկ անգամ եւս նկատեց, որ խնդիրն ընդամենը այլընտրանքային կրթության մեթոդի  մասին է:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եզրափակիչ խոսքում նշեց, որ երկարատեւ քննարկումների արդյունքում օրինագծերի փաթեթը դարձել է հավասարակշռված եւ ընդունելի, եւ այն նպաստելու է ոչ միայն մայրենիի պահպանմանը, այլեւ զարգացմանը:

Եզրափակիչ ելույթ ունեցավ  ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով մանրամասն անդրադարձավ հնչած կարծիքներին եւ տեսակետներին, տվեց պարզաբանումներ:

Այնուհետեւ խորհրդարանը ձեռնամուխ եղավ մի շարք օրենքների նախագծերի երկրորդ եւ երրորդ  ընթերցմամբ քննարկումներին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` հարակից օրինագծերով, որի առնչությամբ նշեց, որ եղել են մի շարք խմբագրական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանի ներկայացմամբ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց  «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ արված առաջարկներից ընդունվել են ոչ բոլորը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց նաեւ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Արծրունի Աղաջանյանի, Հեղինե Բիշարյանի ,Հովհաննես Մարգարյանի եւ ՀՀ կառավարության համատեղ մշակած  «Արտոնագրային վճարների մասին» եւ հարակից օրենքների նախագծերում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի առաջարկով պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին «Ներքին աուդիտի մասին» օրենքի նախագիծը, կից փաթեթով:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանն այնուհետ  երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրինագծերի նախագծի փաթեթը: Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ ստացվել է  մեկ առաջարկ, որը չի ընդունվել:

Երրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկեց «Գնումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց  «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով: Այս փաթեթի վերաբերյալ եւս առաջարկներ չէին ստացվել:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Մալխասյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Օրինագծի առնչությամբ առաջարկներ չեն ստացվել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` կից փաթեթով: Առաջարկների մի մասը հեղինակն ընդունել է:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանի ներկայացմամբ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին «Ոստիկանության մասին»  ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որոնց վերաբերյալ ստացված վեց առաջարկից ընդունվել է մեկը:

Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկեց նաեւ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Քաղաքացիական  ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի ներկայացմամբ  պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին «Տեխնիկական  անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ եւս առաջարկներ չէին ստացվել:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը երրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագիծը` հինգ տասնյակի հասնող կից փաթեթով, որը ենթարկվել է խմբագրական բնույթի փոփոխությունների:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ներկայացվել են մի շարք առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է:

Երկրորդ ընթերցմամբ պատգամավորները քննարկեցին «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ներկայացմամբ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Երկրորդ ընթերցմամբ պատգամավորները քննարկեցին «Չափումների միասնականության ապահովման մասին»  ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց նաեւ «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ եւս առաջարկներ չէին ստացվել:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկման առաջարկվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի ներկայացմամբ քննարկվեց նաեւ «Հսկիչ -դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» հարցը:

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակվի դեկտեմբերի 22-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am