Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 29-ին ընդունելության էր հրավիրել ԱԺ պատգամավորներին եւ աշխատակազմին:
Շնորհավորելով ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներին գալիք տոների կապակցությամբ` Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին, ԱԺ աշխատակազմին համատեղ աշխատանքի համար` համոզմունք հայտնելով, որ 2010 թվականին յուրաքանչյուրի եւ բոլորի միասնական ջանքերի շնորհիվ խորհրդարանական աշխատանքում արձանագրվեց դրական տեղաշարժ: Այս համատեքստում ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ ԱԺ աշխատակազմը ունի ավելի մեծ ներուժ եւ հնարավորություն` գալիք տարում ԱԺ աշխատանքի արդյունավետությունը ավելի բարձրացնելու: «2011 թ. մեր բոլորի համար թող լինի հաջողության տարի, ամենակարեւորը` մեր սիրելի հայրենիքի համար թող լինի խաղաղության տարի, Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Արցախի, Սփյուռքի մեր հայրենակիցների համար` նոր ձեռքբերումների տարի: Ուզում եմ բոլորիդ մաղթել հաջողություն, երջանկություն, բարեկեցություն: Ես` որպես ԱԺ նախագահ, եւ ԱԺ-ն` որպես օրենսդիր բարձրագույն մարմին, ամեն ինչ պետք է անենք, որ Ազգային ժողովում ընդունված օրենքները նպաստեն մեր պետության, մեր ժողովրդի շահերին: Շնորհավորելով բոլորիդ` ցանկանում եմ, որ 2011 թվականին բոլորիդ իղձերը իրականանան»,- ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: