National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
04.03.2011
Ազգային ժողովում ստորագրվեց համագործակցության հուշագիր
1 / 2

Մարտի 4-ին խորհրդարանում ստորագրվեց «ՀՀ Ազգային ժողովի եւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջեւ համագործակցության մասին» հուշագիր, որը վավերացրին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորներ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը, ԱԺ աշխատակազմի եւ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Հուշագրով նախատեսված համագործակցության նպատակն է աջակցել ՀՀ Ազգային ժողովի օրինաստեղծ գործունեությանը, ըստ անհրաժեշտության կատարել գործող օրենքների եւ դրանց նախագծերի համակողմանի իրավական փորձաքննություն եւ դրանց վերաբերյալ ներկայացնել գիտականորեն հիմնավորված եզրակացություններ, որոնք կրում են խորհրդատվական բնույթ, իրականացնել թեմատիկ դասընթացներ եւ իրազեկման այլ ծրագրեր: Օգտագործելով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ամբիոնների եւ ստորաբաժանումների մասնագիտական ներուժը` կողմերը համագործակցելու են սահմանադրական իրավունքի, միջազգային եւ եվրոպական իրավունքի, վարչական իրավունքի եւ դատավարության, քաղաքացիական իրավունքի եւ դատավարության, քրեական իրավունքի եւ դատավարության, էկոլոգիական եւ հողային իրավունքի, աշխատանքային իրավունքի եւ իրավունքի այլ ոլորտներում: Էկոլոգիական օրենսդրության համակարգը կազմող, ինչպես նաեւ այդ ոլորտին առնչվող օրենսդրական ակտերի եւ դրանց նախագծերի  հետ աշխատանքը կիրականացնի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը` որպես մասնագիտացված կառույց: Հաշվի առնելով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի փորձը քաղաքացիներին իրավաբանական օգնություն ցուցաբերելու գործում` այդ կառույցն ըստ անհրաժեշտության իրավաբանական խորհրդատվություն կտրամադրի ՀՀ Ազգային ժողովին նմանաբնույթ խնդրանքով դիմած քաղաքացիներին:

Հուշագրի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմն ապահովելու է համապատասխան օրենքների կամ դրանց նախագծերի եւ կից փաստաթղթերի ժամանակին տրամադրումը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետին, ըստ անհրաժեշտության ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի համապատասխան մասնագետների մասնակցությունը յուրաքանչյուր նախագծի համար պատասխանատու ՀՀ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի նիստերին` համապատասխան կարծիքը ներկայացնելու նպատակով:

Իր հերթին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն ապահովելու է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից տրամադրված օրենսդրական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունների եւ եզրակացությունների պատշաճ ներկայացումը եւ դրանց քննարկումը, թեմատիկ դասընթացների ծրագրերի մշակումը եւ համաձայնեցումը, ինչպես նաեւ համապատասխան օժանդակ նյութերի պատրաստումը եւ դասընթացների անցկացումը, ֆակուլտետի մասնագետների կողմից պատրաստած եւ հեղինակած հրատարակությունների տրամադրումը ՀՀ Ազգային ժողովի գրադարանին:

Կողմերի միջեւ գործնական հաղորդակցությունն իրականացվելու է ինչպես հասարակ նամակագրության, այնպես էլեկտրոնային փոստի միջոցով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am