Ազգային ժողովում անցկացվող «Բաց դաս»-երն ընդլայնում են շրջանակները. մարտի 23-ին Ազգային ժողով էին այցելել «Եվրասիա» միջազգային համալսարանի հենակետային վարժարանի սաները, ովքեր խորհրդարանի նիստին մասնակցելուց հետո հանդիպեցին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:
Ներկայացնելով իրենց կրթօջախը եւ շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` վարժարանի տնօրենը նշեց, որ այն հնարավորություն է տալիս համադրել տեսական ու գործնական գիտելիքները եւ իր նշանակությունը կունենա ուսման արդյունավետության բարձրացման առումով:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հանդիպումները ցույց են տվել, որ նման ձեւաչափն արդյունավետ է եւ այն ընտրվել է, որպեսզի ապագա սերունդը խորհրդարանի հետ շփվելու հնարավորություն ունենա, կարողանա պատկերացում կազմել օրենսդիր մարմնի, պատգամավորների աշխատանքի մասին: Դրան են նպաստում նաեւ ԱԺ պատգամավորների այցելությունները դպրոցներ եւ տեղերում հանդիպումները դպրոցականների հետ:
ԱԺ նախագահը հետաքրքրվեց վարժարանի կրթական գործունեւթյամբ, պատրաստակամություն հայտնեց այցելել կրթօջախ եւ անհրաժեշտության դեպքում նաեւ աջակցություն ցուցաբերել:
Ազգային ժողովի նախագահի եւ աշակերտների միջեւ ծավալված զրույցի շրջանակը բավականին լայն էր` արտաքին քաղաքականություն, Ազգային ժողով- կառավարություն հարաբերություններ, խորհրդարանական դիվանագիտություն, ընտրական օրենսդրություն, արտագաղթ եւ, իհարկե, կրթական համակարգ:
«Բաց դաս»-ի մասնակիցների հարցերին պատասխանելով` Հովիկ Աբրահամյանը նրանց խնդրանքով ներկայացրեց խորհրդարանում օրենքների ընդունման ընթացակարգը:
Կարեւորելով երիտասարդների ներկայությունը օրենսդիր մարմնում` ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ ընթացքի մեջ են իր նախաձեռնած Երիտասարդական խորհրդարանի ստեղծման աշխատանքները, որը երիտասարդներին հնարավորություն կտա դառնալ օրինաստեղծ աշխատանքի անմիջական մասնակիցը:
Խոստանալով իրենց զրույցը շարունակել նաեւ «Եվրասիա» միջազգային համալսարանի հենակետային վարժարանում` ԱԺ նախագահը հանդիպումից հետո խորհրդարանի նիստերի դահլիճում լուսանկարվեց աշակերտների հետ: