Մարտի 24-ին Հայաստան-Կորեա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Հայաստանում գտնվող Կորեա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ :
Ողջունելով կորեացի գործընկերներին` Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Համլետ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ երկու երկրների բարեկամական խմբերի գործունեությունը էապես կխթանի երկու երկրների բարիդրացիական կապերի հետագա ամրապնդմանը եւ միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը: Այդ համատեքստում հայ եւ կորեացի խորհրդարանականները կարեւորեցին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության Սեուլ կատարած պաշտոնական այցը: Պարոն Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ միջազգային հանրության եւ շահագրգիռ կողմերի համատեղ աշխատանքի շնորհիվ Կորեական թերակղզում հնարավոր կդառնան երկարատեւ խաղաղությունը եւ կորեացի ժողովրդի երկու հատվածների վերամիավորումը: Պարոն Հարությունյանը կարեւոր համարեց միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակույթի ոլորտներում համագործակցությունը եւ կապերի սերտացումը, որոնց իրագործման համար անհրաժեշտ համարեց համապատասխան իրավապայմանագրային դաշտի ստեղծումը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` հյուրերը եւս կարեւորեցին տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը եւ խորհրդարանական կապերի սերտացումը: