Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակներում մարտի 24-ին խորհրդարան էին այցելել հեռուստահաղորդավարների եւ լրագրողների «TV ideal» մասնագիտացված դպրոց-ստուդիայի սաները: Նրանք ներկա գտնվեցին Ազգային ժողովի նիստին, որից հետո հանդիպեցին ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի հետ:
ԱԺ փոխնախագահն իր խոսքում անդրադարձավ խորհրդարանի գործունեությանը վերաբերող մի շարք հարցերի, ներկայացրեց ԱԺ ընտրակարգը, օրենքների ընդունման գործընթացը, խորհրդարանի գործառույթները:
Դպրոց-ստուդիայի սաներն ԱԺ փոխնախագահին ուղղեցին պատգամավորների գործունեության, միջազգային իրադրության, երկպալատանի խորհրդարանի, լրատվության, խոսքի ազատության խնդիրների մասին իրենց հարցերը, որոնց վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը պարզաբանումներ տվեց` լսելով նաեւ ապագա լրագրողների տեսակետներն ու կարծիքները:
Հանդիպումից հետո «Բաց դաս»-ի մասնակիցները խորհրդարանի նիստերի դահլիճում մտերմիկ զրույց ունեցան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: ԱԺ նախագահը կարեւորեց լրագրողի մասնագիտությունը եւ նրա դերը հասարակական կարծիքի ձեւավորման մեջ, հորդորեց դպրոց-ստուդիայի սաներին` իրենց ապագա աշխատանքային գործունեության մեջ լինել օբյեկտիվ եւ անաչառ: Խորհրդարանի պատանի հյուրերի հետ զրույցում Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նաեւ ընտրական օրենսդրությանը, ԱԺ ձեւավորմանը, մասնավորապես համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերին:
Երեխաների եւ ԱԺ նախագահի զրույցն ավարտվեց ավանդական դարձած համատեղ լուսանկարով: