Մարտի 30-ին Ազգային ժողովում անցկացվեց ՍԾՏՀ ԽՎ մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 36-րդ նիստը, որին մասնակցում էին շուրջ 30 պատվիրակներ Ռուսաստանից, Բուլղարիայից, Վրաստանից, Հունաստանից, Թուրքիայից, Ուկրաինայից: Հանձնաժողովում Հայաստանը ներկայացնում է ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Նիստին ներկա էր նաեւ ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:
Նիստը ողջույնի խոսքով բացեց Հունաստանի պատվիրակության ներկայացուցիչ, ՍԾՏՀ ԽՎ մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Ալեքսանդրոս Դերմենձոպուլոսը: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի ժողովրդին եւ իշխանություններին ջերմ ընդունելության համար եւ ներկայացվեց նիստի ընթացքում քննարկվող հարցը` «ՍԾՏՀ ԽՎ անդամ երկրներում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված միջազգային սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը»:
Բացման խոսքում ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, ողջունելով ՍԾՏՀ ԽՎ հանձնաժողովի նիստի մասնակիցներին, համոզմունք հայտնեց, որ հերթական հանդիպումը կխորացնի համագործակցությունը եւ բարեկամությունը ՍԾՏՀ ԽՎ անդամ երկրների միջեւ: Գագիկ Մինասյանը բարձրաձայնեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը նիստի մասնակիցներին: Ուղերձում նշված է. որ Հայաստանի Ազգային ժողովը կարեւորում է հետագա համագործակցության ամրապնդումը Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, որն այսօր հանդիսանում է տարածաշրջանում համագործակցության խթանման կարեւոր մարմիններից մեկը: Այս ձեւաչափով հանդիպումներն ու քննարկումները մեր երկրների խորհրդարանականներին հնարավորություն են ընձեռում առավել կենտրոնանալ տարածաշրջանային տարբեր խնդիրների լուծման համար միասնական որոշումների ընդունման ուղղությամբ, ինչը հիմնականում պայմանավորված է խորհրդարանականներին բնորոշ փոխզիջումների ձգտելու պատրաստակամությամբ: Նշված է, որ վեհաժողովի անդամ երկրներն ունեն ընդհանուր շատ արժեքներ եւ նպատակներ. խաղաղության, կայունության եւ բարեկեցության հաստատում Սեւծովյան տարածաշրջանում, բարիդրացիական հարաբերությունների հաստատում եւ այլն: Ուղերձում խորհրդարանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ տարածաշրջանում տնտեսական արդյունավետ համագործակցության համար գոյություն ունի մեծ ներուժ: Անհրաժեշտ է խրախուսել ներդրումները տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման, հատկապես էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում: Կարեւոր դեր կարող են ունենալ նաեւ մշակութային, կրթական, գիտական ծրագրերը, զբոսաշրջության զարգացումը: Նման շփումները նպաստում են միմյանց ավելի լավ ծանոթանալու եւ մեր երկրների միջեւ երկխոսության հաստատմանը: Սա նաեւ կարեւոր նախապայման է ակտիվ գործարար կապերի հաստատմանը: «Համագործակցության ճանապարհով եւս հնարավոր է ստեղծել առավել նպաստավոր պայմաններ տարածաշրջանում առկա քաղաքական խնդիրները լուծելու համար: Խորհրդարանի ղեկավարը, նիստի մասնակիցներին մաղթելով արդյունավետ ու հաջող աշխատանք, հույս է հայտնում, որ ընդունված որոշումներն իրենց դրական նպաստը կբերեն տարածաշրջանում մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար»,- նշված է ուղերձում:
Օրակարգը եւ հանձնաժողովի 35-րդ նիստի արձանագրությունը հաստատելուց հետո, օրակարգային գլխավոր հարցի` «ՍԾՏՀ ԽՎ անդամ երկրներում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը» վերաբերյալ զեկույցով հանդես եկավ հանձնաժողովի անդամ, Հայաստանը ներկայացնող Վարդան Խաչատրյանը: Նա նշեց, որ հաշվի առնելով սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման կարեւորությունը Սեւծովյան տարածաշրջանում` հանձնաժողովը 35-րդ նիստում, որը տեղի է ունեցել 2010 թ. սեպտեմբերին, Բուխարեստում, որոշում է կայացրել քննարկման առարկա դարձնել վերոնշյալ խնդիրը: Պարոն Խաչատրյանը նշեց, որ ՍԾՏՀ ԽՎ անդամ երկրները եւ կառավարությունները կարող են սանիտարահիգիենիկ նորմերի եւ մարդկանց առողջության պահպանման ոլորտում հաջողությունների հասնել մշտական վերահսկողության եւ համապատասխան միջոցառումների կազմակերպման ճանապարհով: Նա մարդու առողջության պահպանման հարցում առանձնակի կարեւորեց շրջակա միջավայրի մաքրությունը եւ սննդի անվտանգությունը: Ըստ նրա` սանիտարահիգիենիկ պայմանների բարելավումը միլիոնավոր մարդկանց համար անվտանգ եւ առողջ շրջակա միջավայր ունենալու ճանապարհ է հարթում:
Նիստի մասնակիցները զեկույցը հավանության արժանացրին: Գլխավոր վեհաժողովում հարցը կներկայացնի պարոն Խաչատրյանը:
Օրակարգային հարցի վերաբերյալ իրենց երկրների փորձը եւ կատարվող աշխատանքները ներկայացրին Բուլղարիայից Սվիլեն Կրայչեւը, Հունաստանից Պանայոտա Զունին, Ռուսաստանից Ալեքսանդր Բեդնովը, Ռեշատ Դոգրուն Թուրքիայից, Վլադիմիր Վյազիվսկին Ուկրաինայից եւ Գեորգի Գոգուաձեն Վրաստանից: Նրանք եւս կարեւորեցին կայուն սանիտարահիգիենիկ միջավայրի ստեղծումը, սանիտարահիգիենիկ պահանջներին բավարարող ապրանքների ներկրումը, շրջակա միջավայրի մաքրությունը մարդու առողջության պահպանման գործում, սննդի անվտանգության նորմերի պահպանումը:
Նիստի վերջում որոշում կայացվեց, որ հանձնաժողովի հաջորդ` 37-րդ նիստը տեղի կունենա 2011-ի սեպտեմբերին Ադրբեջանում` Գանջայում: Այդ նիստում որպես օրակարգային հիմնական հարց կքննարկվի «Կրթությունը ՍԾՏՀ ԽՎ անդամ երկրներում» թեման: Հիմնական զեկուցող նշանակվեց Հունաստանի ներկայացուցիչը` Պանայոտա Զունին: Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Սեւծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ ռազմավարությունը» բանաձեւը, որի վերաբերյալ պատվիրակությունները ՍԾՏՀ ԽՎ միջազգային քարտուղարությանը իրենց առաջարկները կներկայացնեն: Քարտուղարությունը այդ առաջարկների հիման վրա կպատրաստի փաստաթուղթ, որը կքննարկվի 2011-ի հուլիսին Կիեւում կայանալիք նիստում:
Սպառելով օրակարգը` երեւանյան նիստն ավարտեց աշխատանքը: