National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
31.03.2011
Բացօթյա առեւտրի խնդիրները` խորհրդարանի ուշադրության կենտրոնում
1 / 5

Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 31-ին կազմակերպել էր  խորհրդարանական լսումներ «Բացօթյա առեւտուրը քաղաքային համայնքներում» թեմայով:

Քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ, Երեւանի քաղաքապետարանի, նախարարությունների ներկայացուցիչներ, հասարակական  եւ այլ կազմակերպությունների անդամներ, լրագրողներ եւ   բացօթյա առեւտրով զբաղվող քաղաքացիներ:

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը բացելով լսումները` տեղեկացրեց, որ հանձնաժողովը նախաձեռնել է խորհրդարանական լսումները` նպատակ  ունենալով լսել հակադիր բեւեռների  կարծիքները եւ գտնել հարցի լուծման արդյունավետ  ուղիները: Պարոն Մարգարյանը ներկաներին  հորդորեց ներկայացնել առաջարկներ, որոնք կքննարկվեն եւ  կնպաստեն խնդրի կարգավորմանը:

Թեմայի վերաբերյալ Երեւանի քառաքապետարանի տեսակետները ներկայացրեց քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: Նա մասնավորապես նշեց, որ կայացնելով բացօթյա առեւտրի արգելման վերաբերյալ հայտնի որոշումը, Երեւանի քաղաքապետն առաջնորդվել է բացառապես  «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ գործող օրենքով, որի հինգերորդ հոդվածի համաձայն, բացօթյա առեւտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը: Նաեւ սահմանված է, որ թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղեւնիների եւ սոճիների, պաղպաղակի, ջրի, հանքային եւ զովացուցիչ այլ ըմպելիքների բացօթյա առեւտուրը` համապատասխան սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման պարագայում:

Պարոն Արեյանը ներկայացնելով բացօթյա առեւտրի արգելման պատճառները եւ հիմնավորումները, նկատեց, որ քաղաքապետարանը հաստատուն է իր դիրքորոշման մեջ, քանի որ գործել է օրենքին համապատասխան:

Ըստ Կամո Արեյանի` արգելելով բացօթյա առեւտուրը, քառաքապետարանն այդ գործունեությամբ զբաղվող քաղաքացիներին չի զրկել աշխատելու հնարավորությունից. այդ գործունեության իրականացման համար առաջարկվել են Երեւան քաղաքում գործող 8 մասնավոր շուկաները, ինչպես նաեւ` նախատեսված է քաղաքի տարբեր համայնքներում կառուցել մինի շուկաներ, որոնք առավել հարմարավետ կլինեն  եւ քաղաքակիրթ:

Այս տեսակետի եւ առաջարկվող լուծումների վերաբերյալ իրենց դժգոհությունները ներկայացրեցին երկար տարիներ բացօթյա առեւտրով զբաղված քաղաքացիները, ովքեր պնդում էին, որ առաջարկված տարբերակով հնարավոր չէ լուծել հանապազօրյա հացի խնդիրը, քանի որ եւ մեծ, եւ փոքր  շուկաները բավականին հեռու են բնակավայրերից, իսկ  բնակիչներն էլ նախընտրում են իրենց առեւտուրն անել տներին հարակից խանութներից եւ սուպերմարկետներից:

Բացօթյա առեւտրով զբաղվող քաղաքացիները առաջարկում էին ստեղծել փոքրիկ տաղավարներ, որոնցում հնարավոր կլինի որոշակի վարձավճար պետական բյուջե վճարելով` իրականացնել առեւտուր:

 Եզրափակիչ ելույթում Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանն անդրադարձավ հնչած ելույթներին եւ տվեց պարզաբանումներ, մասնավորապես նշվեց, որ քաղաքապետարանում մշակվում են մի շարք ծրագրեր եւ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ուղղված են խնդրի կարգավորմանը եւ առաջացած սոցիալական խնդիրների կարգավորմանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am